«Էյր Ֆրանս»-ը հուլիսի 24-ից վերսկսել է չվերթերը. Ովքե՞ր կարող են մեկնել
«2020թ․ հունիսի 30-ից վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը»,- տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը:
Դեսպանության կայքէջում տեղադրված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: Վիզայի դիմում ներկայացնելուց առաջ խորհուրդ է տրվում հետևյալ էջում ստուգել, թե արդյո՞ք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա»:
«Էյր Ֆրանս» ավիաընկերության վերադարձի մասին էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը։
Նա տեղեկացրել է, որ ֆրանսիական ավիաընկերությունը հուլիսի 24-ից վերսկսել է Երևան-Փարիզ շաբաթական չվերթերը և նշել, որ թռիչքներին վերաբերող հարցերով կարող են դիմել Sabera Tours-ին:
168.am-ը կապ հաստատեց Sabera Tours տուրիստական ընկերության հետ և մի քանի հարցեր ուղղեց աշխատակցին.
– Ովքե՞ր կարող են մեկնել Ֆրանսիա, որպես տուրիստ հնարավո՞ր է մեկնել:
– Որպես տուրիստ՝ ոչ ոք չի կարող, մեր ՀՀ քաղաքացիների մուտքն արգելված է։ Կա՛մ ռեզիդենտ քարտ ունեցողները կարող են մեկնել, մեզ այդպես են ուղարկել պայմանները, կա՛մ այդ երկրի քաղաքացի պետք է լինեն, կա՛մ ԵՄ այլ երկրի քաղաքացի ու ապրելու իրավունք ունեցող, վերջինի դեպքում՝ մենք նաև շարունակությունն ենք ապահովում, օրինակ, Երևան-Փարիզ, Փարիզ-Ժնև թռիչք:
– Արդյո՞ք Covid 19-ով պայմանավորված՝ մեկնողները պետք է հանձնեն համապատասխան թեստեր:
– Ռեկոմենդացիաներ է տալիս «Էյր Ֆրանսը»՝ որպեսզի թռիչքից գոնե 72 ժամ առաջ Covid 19-ի թեստի պատասխան ունենան, դա իրենց 90 տոկոսով հնարավորություն կտա Ֆրանսիայում կարանտին չանցնել, և ռեկոմենդացիաներ՝ ռապիդ թեստերի հետ կապված, որ ունենան իրենց հետ:
– Թռիչքները ե՞րբ բաց կլինեն բոլորի համար:
– Ըստ էպիդեմիական վիճակի: