«Ֆուդ սիթի»-ի ղեկավարությունը հայտարարել է, թե կպահպանեն հավասարությունը՝ անկախ ազգությունից ու դավանանքից
«Киевская площадь» ընկերությունների խմբի (որի կազմում է նաև «Ֆուդ սիթի» շուկան) սեփականատերերը խմբի բոլոր կառույցներում պահպանելու են հավասարության սկզբունքը։ Այդ մասին ասվում է տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջում։
Շուկայի սեփականատերերը հավաստիացնում են, որ իրենց սկզբունքը հավասարությունն է և օրինապահությունը։
«Երկար տարիների աշխատանքի ընթացքում մեր ընկերությունները մշտապես հոգ են տանում սպառողների, գործընկերների և վարձակալների շահերի մասին՝ անկախ նրանց ազգությունից կամ դավանանքից»,- ասել է Գոդ Նիսանովը։
Նա վստահեցրել է, որ «Киевская площадь» ընկերությունների խմբի բաժնետերերն ու ղեկավարները մտադիր են այսուհետ ևս հավատարիմ մնալ այդ սկզբունքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով խմբի օբյեկտներում աշխատող բոլոր անձանց համար առավելագույնս հարմարավետ և անվտանգ պայմանների ստեղծմանը: