Արտոնյալը. Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր ՀՀ Ոստիկանապետը խնջույքի համար չի պատժվի. «Փաստինֆո»
Հուլիսի 24-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում բազմամարդ խնջույք կազմակերպելու համար ՀՀ ոստիկանապետը չի պատժվի։ Ավելին՝ ՀՀ վարչապետը մտադիր չէ անգամ ծառայողական քննություն կատարելու հանձնարարություն տալ։
Նախօրեին «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույքի են կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում:
Տարածքում գտնվող մեր լրագրողը նկատել է ոչ միայն ոստիկանապետի ծառայողական մեքենան, այլ նաեւ՝ շուրջ երկու տասնյակի հասնող այլ մեքենաները՝ ոստիկանության, պետական համարանիշերով, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ավտոմեքենաներ:
Վարչապետի համաերկրացի ոստիկանապետի կազմակերպած խնջույքը գրավել էր նաեւ այլ այցելուների ուշադրությունը, քանի որ պարետատան սահմանած կանոններով արգելվում են բազմամարդ խնջույքները, բայց, պարզվում է դրանց պահպանում է ոչ բոլորի համար է պարտադիր ու կան արտոնյալներ, որոնց ոչինչ չի սպառնում հակահամաճարակային կանոնները խախտելու համար։
Այսպես «Փաստինֆո»-ն այսօր մեկնաբանության համար դիմել էր վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանին, որը նաեւ պարետատան խոսնակն է՝ պարզելու, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել բարձրաստիճան ոստիկանապետի կողմից պարետատան կանոնները խախտելու համար ու պարզվեց ոչ մի։
«Ես տեսել եմ, որ համացանցում ինչ – որ տեղեկատվություն է տարածվել այս մասին, բայց ո՛չ տեսանյութ, ո՛չ որևէ լուսանկար չեմ տեսել դրա վերաբերյալ և, իրապես չեմ տիրապետում՝ եղե՞լ է արդյոք նման բան, թե ոչ», – «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց Մ.Գեւորգյանը հետ զրույցի ընթացքում և հավելեց. «եթե դուք ունեք փաստեր և պահում եք դրանք ձեզ մոտ, չեք հրապարակում, որպեսզի ես էլ տեսնեմ, ապա ոչինչ անել չեմ կարող։ Պետք է փաստացի տեսնել՝ արդյո՞ք նման բան տեղի է ունեցել, որից հետո միայն կկարողանամ ձեզ որևէ մեկնաբանություն տալ»։
Նկատենք՝ խոսնակը ոչ թե ասում է՝ կուսումնասիրենք ու եթե պարզվի՝ քայլեր կձեռնարկենք, ալ պարզապես ապացույցներ է ուզում մամուլից մի տեղեկության համար, որն անգամ ոստիկանությունը չի հերքել։ Ապացույցները կներկայացվեն, երբ մենք ճիշտ համարենք՝ ի ցույց դնելու կառավարության կրավորական կեցվածքն ու երկակի ստանդարտների կիրառումը, որի հետեւանքով ձեւավորվել է արտոնյալների մի խումբ։
Աղբյուր` Փաստինֆո