ՀԱՍԱԿ-ն առաջարկում է երկրի զարգացման երրորդ ճանապարհը․ Արման Ղուկասյան
Հուլիսի 25-ին տեղի ունեցավ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համաժողովը, որի ընթացքում ամփոփվեց կուսակցության նախորդ տարվա իրականացված աշխատանքն ու առաջարկներ հնչեցին հետագա գործունեության հետ կապված՝ հաշվի առնելով երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը:
Համաժողովի ընթացքում կուսակցության անդամներն ընդունեցին քաաղաքական նոր մանիֆեստ, որը սահմանում է ՀԱՍԱԿ-ի ծրագրային դրույթները առաջիկայի համար:
Մանիֆեստում նշվում է, որ կուսակցությունը չի ցանկանում վերադառնալ հին Հայաստան, բայց նաև անընդունելի է ներկայիս իշխանությունների պոպուլիզմն ու իմիտացիոն հեղափոխական հռետորաբանությունը։ Հետևապես առաջարկվում է «երրորդ ճանապարհը»:
Սոցիալ-տնտեսական ոլորտում կուսակցությունը, ի թիվս այլ հարցերի, առաջնահերթ է համարում թոշակների ամենամյա ինդեքսավորումը, աշխա «շքեղության հարկի» սահմանումը, թափանցիկ կերպով կապիտալի համաներումը, մարզերում բժշկական և կրթական հաստատությունների ֆինանսավորման ավելացումը, տաղանդավոր երիտասարդությանն աջակցելու համար հիմնադրամի ստեղծումը:
Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, որպես առաջնահերթություն ամրագրել է, որ Հայաստանը հարկավոր է դարձնել հիրավի խորհրդարանական հանրապետություն, որտեղ կներդրվի պրոֆեսիոնալիզմի սկզբունքը պետական առանցքային պաշտոններում նշանակելիս, նվազագույնի կհասցվի քաղաքական ազդեցությունը ուժային կառույցների վրա, իսկ վտանգավոր «անցումային արդարադատությունից» ու «վեթինգից» կհրաժարվեն:
Արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունն առաջարկում է ձեռնպահ մնալ Արցախյան հիմնախնդրի նկատմամբ պոպուլիստական հռետորաբանությունից և համադրել խելամիտ դիվանագիտության և ռազմական զսպման սկզբունքները, հետևողական և կանխատեսելի քաղաքականություն վարելով՝ վերականգնել ՌԴ հետ հարաբերություններում վստահության մթնոլորտը, զարգացնել տնտեսական և հումանիտար կապերը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս հայ հասարակության ավանդական արժեքների և մեր երկրի ֆինանսական անկախության:
Իր ելույթում «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ 2016-ին հիմնադրված կուսակցությունը որոշակի ճանապարհ է անցել՝ մշտապես կառուցողական ձևով իշխանությունների և հասարակության ուշադրությունը հրավիրելով երկրում առկա հրատապ խնդիրներին: Եվ ձեռք բերված այդ փորձը թույլ է տալիս այսօր սահմանել նոր, ավելի հավակնոտ առաջնահերթություններ:
«Այն ցավալի իրավիճակը, որը ձևավորվել է երկրում կորոնավիրուսի համաճարակի արդյունքում, ինչպես նաև կառավարության կողմից ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների անարդյունավետության պատճառով, մեզ ստիպում է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքում: Միևնույն ժամանակ, Հայաստանն այսօր համաճարակի դեմ պայքարում ազգային միասնության կարիք ունի, քանի որ չարիքը դեռ չի պատրաստվում նահանջել», – ասաց նա:
Սակայն, ըստ Ղուկասյանի, այսօր մենք ականատեսն ենք դառնում, որ ազգային միասնությանն աջակցելու և հասարակության ու պետության հիմնախնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունները գերադասում են լուծել իրենց նեղ անձնական խնդիրները` կառավարման համակարգն առավել կենտրոնացնելու համար:
Իր հերթին, խորհրդի անդամ և կուսակցության խոսնակ Լիա Խոջոյանն իր խոսքում ուշադրություն հրավիրեց տեղեկատվական տարածքն ատելության հռետորաբանությունից մաքրելու անհրաժեշտության վրա, քանի որ, ցավոք, ատելություն սոցցանցերում տարածում են ոչ միայն «ֆեյքային» օգտատերերը, այլև բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններում ու ելույթներում:
Եզրափակելով համաժողովը կուսակցության անդամները շեշտեցին իրենց պատրաստակամությունը հետայսու ևս ակտիվ մասնակցել երկրում քաղաքական գործընթացներին և մասնակցելու հաջորդ խորհրդարանական ընտրություններին՝ չբացառելով քաղաքական ուժերի հետ համագործակցությունը, եթե նրանք կիսում են իրենց մոտեցումները ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ: