Բաժիններ՝

Խեղճերի արցունքից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները. ԳՇ պետի կոչը զինծառայողներին

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը մարտական կոչ է հղել հրամանատարներին և զինվորներին։

«Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ,
Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով:

Մենք պետք է կռվե՛նք և հաղթե՛նք, քանզի խեղճերի արցունքից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները… Իսկ մեր երակներում հոսում է իսկական մարտիկի արյուն, մարտիկ, որ միշտ կարողացել է մարտնչել քանակով գերազանցող թշնամու դեմ: Ասվածի վառ ապացույցը Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերն են, ազատագրված Արցախն ու փառապանծ Շուշին…

Մեր պայքարի անհագ ձգտումով և նախնյաց պատգամների խորը հավատով դարեր շա¬րունակ ոսոխին ցույց ենք տվել մեր բազկի զորությունը, որն ապացուցեցինք նաև այսօր՝ Չինարիում, Մովսեսում, Այգեպարում… և բարձր հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ ավելացրինք հայոց ազգի ու հայ զորականի զենքի փառքը: Իսկ 3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազմարվեստի պատմության մեջ և դառնալու են որպես զորքերի կառավարման արդյունավետության, հրամանատարների նախաձեռնողականության և հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ:
Մեր գործն արդար է. մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայրական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը:

Մենք այլևս դատապարտված ենք միա՛յն հաղթելու: Ցույց տա՛նք դավադիր ոսոխին մինչև վերջ կռվելու մեր վճռականությունն ու պատրաստականությունը, որ նա այլևս չփորձի հայացք նետել Հայաստանի և Արցախի ուղղությամբ:

Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ և պատիվ ունեմ յուրաքանչյուրիդ հետ համատեղ կերտելու զինված ուժերի հաղթական ուղին՝ ի փառս հայ ժողովրդի:

Միասին առա՛ջ, դեպի հաղթանա՛կ… Աստված մեզ զորավիգ ու պահապան…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս