ՌԴ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուտափույթ կարգավորման հույս ունի, ինչը թույլ կտա նաև կարգավորել ՌԴ-ում հայերի և ադրբեջանցիների միջև առաջացած հուզական ֆոնը. Պեսկով
Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուտափույթ կարգավորման հույս ունի, ինչը թույլ կտա նաև կարգավորել ՌԴ-ում այդ երկրների ներկայացուցիչների միջև առաջացած հուզական ֆոնը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Դուք գիտեք, որ Մոսկվայում և առհասարակ Ռուսաստանում ապրում են շատ հայեր և ադրբեջանցիներ, և նրանք բոլորն էլ ՌԴ կարգապահ քաղաքացիներ են, ես, բացի ներգաղթյալներից, նկատի ունեմ նրանց, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացի: Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մեր այդ քաղաքացիներին չի կարող անտարբեր թողնել, և իհարկե, էմոցիոնալ կերպով նրանք արձագանքում են»,-ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Կրեմլում ուշադրություն դարձրել են Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև առաջացած խնդիրներին, այդ թվում` առևտրի ոլորտում:
Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ-ն երկու կողմերին էլ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանն ու բռնության ցանկացած ձևի դադարեցմանը:
«Այդ իսկ պատճառով մենք հուսով ենք, որ իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի, և դրա հետ մեկտեղ՝ էմոցիոնալ ֆոնն էլ նորմալ մակարդակի կվերադառնա»,-ասել է Պեսկովը: