Հարցվածների 97%-ը COVID-19-ով չվարակվելու լավագույն միջոց է համարում դիմակ կրելը. հարցում
Վաշինգտոնում գործող ամերիկյան IRI կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում անցկացված կորոնավիրուսի համավարակի խնդրի շուրջ հարցման արդյունքները:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության 97%-ը կորոնավիրուսի համավարակից պաշտպանվում է դիմակ կրելով:
Հարցման մասնակիցներն 90% դեպքերում նշել են, որ կորոնավիրուսով չվարակվելու համար խուսափում են հանրային հավաքներից, ևս 90%ը նշել են, որ չվարակվելու համար սերտ շփումներ չեն ունենում ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ: Հարցվածներն 85% դեպքերում նշել են, որ խուսափում են այցելել այնպիսի վայրեր, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանել հնարավոր չէ, իսկ 84% դեպքում հայտնել են, որ կորոնավիրուսից պաշտպանվում են ձեռքերը հաճախակի լվանալով:
Առավել քիչ դեպքերում` 2%, հարցվածները կորոնավիրուսից պաշտպանվելու միջոց են նշել ձեռքերի ախտահանիչները, իսկ 1% դեպքում հայտնել են, որ համավարակից պաշտպանվելու միջոց են օգտագործում ակնոցը: