Նախնական արձանագրումներ՝ կարևոր ապագայից առաջ

1. Նախագահ Վլ. Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Արձանագրում ենք, որ ռազմական գործողությունների սկսվելուց մինչ այս պահը Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվել։ Սա չունի բացատրություն, և սա ամենևին ձևական կողմ չէ։

Միջազգային հանրությանը, պետական համակարգին և հասարակությանը իրավիճակի լրջության ուղերձները տրվում են այդ քայլերով։ Զարմանալի չէ, որ հայ հասարակության զգալի մասը չի ընկալում իրավիճակի ողջ լրջությունը։ Անվտանգության խորհրդի նիստում պիտի լիներ ռիսկերի գնահատում, հնարավոր սցենարների հաշվարկ և պետության համարժեք արձագանքի պլանավորում։

Գործող սահմանադրությամբ, որի շատ կետերի նպատակահարմարությունը վիճարկվում էր դեռևս քննարկման փուլում, պաշտպանության համակարգի և կառավարության փոխհարաբերությունները կարգավորվում են բավականին ոչ միանշանակորեն։ Հաշվի առնելով սա, ինչպես նաև այն, որ, ըստ սահմանադրության, պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է հենց Անվտանգության խորհուրդը, ենթադրվում էր, որ այսօրվա սուր իրավիճակում հենց խորհուրդը պետք է գար առաջին պլան՝ քննարկելով հնարավոր զարգացումները և գործողությունները։

2. Մեր պետության սահմաններին ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ՝ Ազգային Ժողովը դրսևորում էր իրավիճակին ոչ համարժեք վարքագիծ։ Երկրի օրենսդիր մարմնի օրակարգը որևէ ընդհանրություն չուներ պետության օրակարգի հետ։ Միջազգային հանրությանն ուղղված՝ բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարությունների, հայ հասարակությանը ուղղված՝ միասնականության դրսևորման ակցիաների, միջազգային կառույցների հետ ինտենսիվ աշխատանքի փոխարեն՝ իրականությունից կտրված գործունեություն։ Պետք է ցավով արձանագրել, որ նույնիսկ այս հարցում քաղաքական իշխանությունը չի կարողանում իրեն ստիպել՝ հաղթահարել ներքին պառակտվածությունը, հրաժարվել ներքին բարիկադների սևեռուն մոտիվացիայից։ Սոցցանցերում տարբեր պատգամավորների ակտիվությունը խորհրդարանի պաշտոնական գործունեության դրսևորումը չէ, սա առանձին անհատների գործունեություն է, և ամենևին ոչ՝ ամենակարևորը։

3. Ռազմական գործողությունների պահին ՀՀ կառավարության նիստում քննարկվում են հարցեր, որոնք խիստ վիճելի են, ունեն հանրային լայն քննարկման անհրաժեշտություն։ Առավել ևս՝ որևէ պարագայում չի կարելի դրանք քննարկել և դրանց շուրջ որոշումներ կայացնել, մեծ հաշվով, գաղտագողի, ռազմական գործողությունների պայմաններում, երբ հանրության միտքը զբաղված է բոլորովին այլ հարցերով։

Թշնամու ագրեսիային և պատերազմին հնարավոր չէ դիմակայել բացառապես բանակի միջոցներով և հանրության ինքնաբուխ, առողջ ազգասիրական դրսևորումների միջոցով։ Հաջողության համար կարևորագույն գործոնն է՝ պետական համակարգի ադեկվատ պահվածքը։ Այս օրերին մեր աչքի առաջ կատարվող՝ պետական համակարգի սթրեսս-տեստը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս