Ինչքան փող է Հայաստանը «կորցրել» տրանսֆերտների շուկայում

Հայաստանի բնակչության մի ստվար հատվածի եկամուտներն ուղղակիորեն կապված են արտաքին տրանսֆերտների հետ։ Մարդիկ դրսից գումարներ են ստանում՝ իրենց կենցաղային հարցերը լուծելու համար։

Համավարակից անմիջապես հետո արտաքին փոխանցումները սկսեցին նվազել։ Սակայն այն ժամանակ քչերը կարող էին պատկերացնել, որ տրանսֆերտների նվազումն այսպիսի ծավալների կհասնի։

Հրապարակված վերջին տվյալներով՝ տարեսկզբի 5 ամիսներին դրսից կատարվող ֆինանսական փոխանցումները հասցրել են կրճատվել ավելի քան 22 տոկոսով։ Բայց դա չի արտացոլում այն ամբողջ պատկերը, որը տեղի է ունեցել այս ոլորտում։ Խնդիրն այն է, որ հունվար-փետրվարին տրանսֆերտները դեռ ավելանում էին։ Դրանք սկսեցին նվազել մարտից։

Պաշտոնական տվյալներով՝ մարտին ֆիզիկական անձանց փոխանցումներն արտերկրից կրճատվեցին շուրջ 15 մլն դոլարով կամ 11 տոկոսով։

Թեև 11 տոկոսն էլ փոքր անկում չէ, այնուհանդերձ տրանսֆերտների նվազումը դրանով չսահմանափակվեց։ Ապրիլին մուտքերը շեշտակի պակասեցին։ Ապրիլին դրսից ուղարկվող գումարները կրճատվեցին 37 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատ՝ այդ ամիս 53 մլն դոլարով քիչ գումար մտավ Հայաստան։

Անկումը շարունակեց խորանալ նաև մայիսին՝ հասնելով շուրջ 40 տոկոսի։ Մայիսին գրեթե 67 մլն դոլարով պակաս գումար է ստացվել, քան անցած տարի։

Մուտքերը կրճատվել են հիմնականում Ռուսաստանից։ Թեև ապրիլի համեմատ՝ մայիսին որոշ մեղմացում ունենք։

Եթե ապրիլին Ռուսաստանից ստացվող գումարները նվազել էին ավելի քան կիսով չափ, ապա մայիսին անկումը կազմել է 45 տոկոս։ Անցած տարվա ապրիլին ստացվել էր 77 միլիոն, այս տարվա ապրիլին՝ ընդամենը 34 մլն դոլար։ Մայիսի պատկերն այսպիսին է. անցած տարվա 79 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա մուտքերը կազմել են շուրջ 44 միլիոն։

Արձանագրված այս միտումների վրա ազդել է թե՛ ռուբլու արժեզրկումը, և թե՛ փոխանցումների քանակը։

Ռուբլու փոխարժեքը միշտ էլ կարևոր դեր է ունեցել Հայաստան մտնող ֆինանսական հոսքերի գործում։ Բացառություն չէր կարող լինել նաև այս անգամ։

Նավթի գների նվազման հետևանքով ռուբլին մարտին բավական կտրուկ արժեզրկվեց՝ արժեզրկելով նաև Հայաստան ուղարկվող տրանսֆերտները։ Այդքանով կրճատվեցին նաև այն քաղաքացիների եկամուտները, որոնք ձևավորվում են Ռուսաստանից ստացվող գումարներից։

Ռուսական տրանսֆերտների վրա առկա է նաև ֆինանսական փոխանցումների կրճատման ազդեցությունը։ Ռուբլու արժեզրկումը՝ մի կողմից, համավարակը՝ մյուս կողմից, Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը՝ երրորդ կողմից, հանգեցրել են այս երկրից փոխանցվող գումարների նվազման։

Ըստ ամենայնի, այդ երևույթն առաջիկայում շարունակվելու է, ինչո՞ւ չէ, նաև խորանալու է։ Չնայած նավթի գները որոշ չափով վերականգնվել են, այնուհանդերձ ռուբլին շարունակում է արժեզրկված մնալ։ Դրան զուգահեռ, այս տարի շատերը զրկվել են ՌԴ-ում աշխատելու և ֆինանսական միջոցներ վաստակելու հնարավորությունից։ Այդ գործոնի ազդեցությունը տրանսֆերտների վրա շատ ավելի ուշ է արտահայտվելու։

Արտագնա աշխատանքի արդյունքում տրանսֆերտային հոսքերի ակտիվությունը սովորաբար սկսվում է օգոստոս-սեպտեմբերից և շարունակվում է մինչև տարեվերջ։ Այլևս պարզ է, որ այս տարի դա չի լինելու։

Եթե մինչև վերջերս դեռ որոշակի հույսեր կային, որ սահմանները կբացվեն, և արտագնա աշխատանքի մեկնողների մի մասը գոնե կկարողանան դուրս գալ երկրից և որոշակի գումար վաստակել դրսում, ապա հիմա այդ հույսերն էլ են մարել։ Տարին արդեն կիսվել է, և նույնիսկ անիմաստ է այդպիսի հույսեր փայփայելը։ Հատկապես որ, հայտնի չէ, թե երբ կարող են սահմանները բացվել Հայաստանի քաղաքացիների ելքի համար։

Հայաստանը շարունակում է մնալ համավարակի ռիսկային օջախներից մեկը։ Իսկ այդպիսի միջավայրում անիմաստ է մտածել, որ սահմանները կարող են շուտ բացվել։

Նման փաստի առաջ չէինք կանգնեցնի մեր շատ ու շատ հայրենակիցներին, եթե կարողանայինք ժամանակին կառավարել ու կանխարգելել վարակի տարածումը։ Զորօրինակ Վրաստանը, որը շուտով կբացի իր սահմանները մի շարք երկրների այցելուների առաջ։ Բայց, հասկանալի պատճառներով, այդ երկրների մեջ չի լինի Հայաստանը։ Հայաստանն արգելքի տակ է։ Եվ ոչ միայն Վրաստանի, այլև բազմաթիվ այլ, այդ թվում՝ Եվրամիության երկրներ մուտք գործելու առումով։

Քանի դեռ համավարակը մեր երկրում շարունակում է տարածվել, այս իրավիճակը հաստատ չի փոխվի։ Ու դրա հետևանքով շատերը ստիպված կլինեն զրկված մնալ երկրից դուրս գալու և աշխատանք փնտրելու հնարավորությունից։ Զուտ այն պատճառով, որ իշխանություններն անընդունակ գտնվեցին համավարակի դեմ պայքարում։

Սա էլ իշխանությունների նվերն էր մեր այդ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին։

Ապրիլին Հայաստան ուղղարկված տրանսֆերտային գումարները նվազել էին ոչ միայն՝ Ռուսաստանից, այլև՝ Միացյալ Նահանգներից։ Փոխանցումները պակասել էին 20 տոկոսով կամ ավելի քան 5 մլն դոլարով։ Բայց արդեն մայիսին որոշ վերականգնում ունեք։ Գրեթե 1 միլիոնով մուտքերն ավելացել են։

Ընդհանուր առմամբ տարեսկզբի 5 ամիսներին արտաքին ֆինանսական փոխանցումներն արտերկրից կազմել են 546 մլն դոլար։ Նախորդ տարի եղել էր 704 միլիոն։ 5 ամսում գումարները կրճատվել են 158 մլն դոլարով։

Դա նշանակում է, որ այդքանով պակասել են մեր քաղաքացիների այն եկամուտները, որոնք ձևավորվում են տրանսֆերտների հաշվին։ Այդքանով նվազել են նաև այդ հատվածից տնտեսության մեջ մտնող գումարները։

Դեռ չհաշված, թե ինչքան ֆինանսական միջոցներ են ներսից արտահոսել այլ երկրներ։ Արտահոսքը Հայաստանից 5 ամսում եղել է շուրջ 510 մլն դոլարի կարգի։

Տրասֆերտների զուտ մուտքն ընդամենը 149 մլն դոլար է։ Ու կրկին հիմնական մասը՝ ռուսական շուկայի հաշվին։ Մաքուր մուտքն այդ երկրից կազմել է 109 մլն դոլար։ Այսինքն՝ 149 միլիոնից 109 մլն դոլարը ստացվել է ՌԴ-ից։

Մյուս բոլոր երկրներից տրանսֆերտների տեղաշարժի արդյունքում մաքուր մուտքը եղել է հազիվ 40 մլն դոլար։

Այս թվերը ցույց են տալիս, թե տրանսֆերտների շուկայում Հայաստանի համար ինչպիսի մեծ կարևորություն ունի Ռուսաստանը։ Այս տարի Ռուսաստանի հետ տրանսֆերտային հարաբերությունները կրկին լավ օրեր չեն ապրում։ Ու դրանից տուժում են, առաջին հերթին՝ այն քաղաքացիները, ովքեր կորցրել են ռուսական շուկայում եկամուտ ստանալու հնարավորությունները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս