Տիգրան Սարգսյանի հայտարարությունը

aravot.am-ի փոխանցմամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստը սկսել է հայտարարությամբ, թե այսուհետ բոլոր նախարարներն իրենց ոլորտի հարկահավաքության համար պետք է պատասխանատվություն կրեն: Տ. Սարգսյանն ասել է, թե բոլոր նախարարները պետք է տիրապետեն իրենց ոլորտի իրավիճակին, իմանան ինչպիսին է տնտեսական աճի ցուցանիշը և ինչպես են այդ ոլորտի ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները:

«Կառավարության նիստերին լսելու ենք նախարարների հաշվետվությունները հարկային պարտավորությունների կատարման և ոլորտում տնտեսական պոտենցիալի վերաբերյալ: Մենք պետք է բացառենք ցանկացած միջամտություն, միջնորդություն, որը դեռևս առկա է Հայաստանում հարկային մարմինների նկատմամբ: Իմ անձնական հսկողության տակ եմ պահելու այս խնդիրը: Պետք է քաջ գիտակցենք որ հարկերի հավաքագրումը պատասխանատու գործառույթ է կառավարության բոլոր անդամների համար»,- ասել է նա:

Տիգրան Սարգսյանը նաեւ ասաց, որ կառավարության հաջորդ նիստին կրթության նախարարը կզեկուցի ոլորտի իրավիճակը, այնուհետեւ տրանսպորտի եւ կապի նախարարն ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը. «Բոլոր նախարարություններով կանցնենք, կսկսենք այս երեք նախարարություններից: Պատրաստեք տեղեկանքները եւ մանրակրկիտ ուսումնասիրությունները»:

Տեսանյութեր

Լրահոս