Նանոտեխնոլոգիաները կօգնեն ջրի մաքրման և այլ կենսական հարցերում

Այս օրերին Հայաստանում է գտնվում նանոտեխնոլոգիաների ոլորտի առաջատար հետազոտողներից մեկը` Աշոկ Վասիաշտան: Նա ԱՄՆ Վիրջինիա նահանգի առաջատար գիտությունների կոնվերգենցիայի և Մաքուր ջրի միջազգային ինստիտուտների տնօրենն է:

Նա միաժամանակ աշխատում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Ստուգումների և առաջատար տեխնոլոգիաների գրասենյակի զինամթերքի վերահսկողության և հետազոտման բաժանմունքներում: Նշենք, որ պրոֆեսոր Ա. Վասիաշտան, որպես դասախոս, դասավանդել է Մարշալ համալսարանի ֆիզիկական գիտությունների մագիստրոսական ծրագրում, եղել է նաև նանոնյութերի բնութագրման և վերամշակման լաբորատորիաների տնօրեն: Որպես հրավիրված պրոֆեսոր և գիտնական` դասախոսություններով հանդես է եկել տարբեր երկրների հետազոտական կենտրոններում:

Նա մոտ 200 հետազոտական հոդվածների հեղինակ է, ունի նանոտեխնոլոգիային վերաբերող 4 գիրք, հանդես է եկել նանոտեխնոլոգիայի, բնապահպանական ռիսկի գնահատման, ջրի պահպանությանը և անվտանգությանը վերաբերող բազմաթիվ արժեքավոր դասախոսություններով: Նա հանդիսանում է նաև նանոտեխնոլոգիայի ոլորտում NATO-ի 3 առաջատար ինստիտուտների և միջազգային սիմպոզիումի համանախագահության տնօրենը, NATO-ի նանոտեխնոլոգիայի անվտանգության և վերահսկողության դիմումներն ուսումնասիրող հետազոտական թիմի անդամ: Նա բացառիկ դասախոսությամբ հանդես եկավ նաև Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում:

Ձեզ ենք ներկայացնում նանոտեխնոլոգիաների ոլորտի առաջատար հետազոտող, պրոֆեսոր Աշոկ Վասիաշտայի հետ «168 ժամ» թերթի հարցազրույցը:

Կարդացեք նաև

– Դուք խոսեցիք նանոտեխնոլոգիաների և նաև այն մասին, թե ինչպե՞ս կարելի է նանոտեխնոլոգիաներն օգտագործել կյանքի տարբեր բնագավառներում: Կպատմե՞ք այդ մասին:

– Նանոտեխնոլոգիաների, ընդհանրապես նանոմատերիալների կիրառության առավելությունն այն է, որ այն իր փոքր չափերի շնորհիվ` կարելի է օգտագործել` որպես տարբեր բնութագրիչներ, դա է պատճառը, որ նանոնյութերը շատ տարբեր կիրառություններ ունեն: Այսինքն` նանոնյութերը ձեզ ընտրության և դրանց կիրառության լայն հնարավորություններ են տալիս: Օրինակ, երբ դուք գնում եք խանութ, ձեր հնարավորությունները սահմանափակ են, ուղղակի պատկերացրեք, որ դուք կարող եք ստեղծել ձեր հնարավորությունը և ունենալ ձեր ընտրության հնարավորությունը, մինչդեռ նույն խանութում այդ ընտրությունը սահմանափակվում է:

– Փաստորեն, նանոտեխնոլոգիաները մեզ ընտրության հնարավորություն են տալիս առանց սահմանափակումների՞:

– Այո, իհարկե, դու կարող ես այն տարբեր վայրերում կիրառել: Օրինակ, ես կարող եմ ռազմական ոլորտում այն կիրառել տարբեր աղտոտվածությունների դեպքում` առողջության համար դրական ազդեցություն ունենալու նպատակով: Սրանք այն կարևոր առավելություններն են նանոմատերիալների, որոնք զինվորները, և, ինչո՞ւ չէ, նաև բնակչությունը կարող է կիրառել իր կյանքն ավելի լավը դարձնելու և կենսապայմանները բարելավելու համար:

– Կարո՞ղ եք որևէ օրինակ նշել, թե ինչպե՞ս կարող են նանոնյութերն օգտակար լինել, ասենք, զինվորների համար:

– Նանոտեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ռազմի դաշտում տարբեր խնդիրների լուծումներ գտնել: Օրինակ, մենք կիրառում ենք նանոնյութերը նաև ջրի անվտանգության և ջրի զտման համար, որովհետև զինվորները 24 ժամ շարունակ շատ վայրերում պարզապես չունեն մաքուր ջրի հնարավորություն, և հաճախ, գուցե նաև զարմանաք, սակայն զինվորները ստիպված են լինում խմել իրենց սեփական մեզը` ջուր չլինելու պատճառով: Իրականությունն է այդպիսին, ի՞նչ պետք է անենք:

Մեր առաջարկած մեխանիզմը նրանց հնարավորություն կտա մաքուր ջուր ունենալ, այդ նորարարության շնորհիվ մարդու մեզն անգամ կարելի է մաքրել, իսկ արդյունքում` ջուրը պահպանել և օգտագործել: Ես ձեզ կարող եմ բերել նման բազմաթիվ օրինակներ, սակայն մարդու համար ամենակենսականը հենց մաքուր ջրի բացակայությունն է: Ասիայում, Աֆրիկայում միլիոնավոր մարդիկ մահանում են մաքուր ջրի բացակայության պատճառով: Մենք պատրաստվում ենք նույն տեխնոլոգիան կիրառել նաև նրանց ընտանիքներին և երեխաներին մաքուր ջուր ունենալու հնարավորություն տալու համար: Այսպիսով, մենք այդ տեխնոլոգիան պատրաստվում ենք կիրառել ոչ միայն ռազմական բնագավառում, այլև սովորական բնակչության շրջանում:

– Ո՞ր երկրներում եք այս տեխնոլոգիան արդեն կիրառում և ո՞ր երկրներում եք այն պատրաստվում կիրառել:

– Որոշ երկրներում այն արդեն իսկ կիրառվում է, օրինակ` ԱՄՆ-ում, իհարկե, կառավարությունը այս հարցում դանդաղում է երբեմն, սակայն ծրագրի տարածումը կատարվում է Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհների շնորհիվ և այլ հավաքված գումարների միջոցով: Մենք նման բան փորձում ենք տարածել նաև Ասիայում և Աֆրիկայում, այնտեղ, որտեղ չկան մաքուր ջրի պաշարներ: Մենք, իհարկե, փորձելու ենք գտնել հնարավորություններ և ստեղծել այն նաև այլ երկրներում:

– Ի՞նչ կասեք Հայաստանի հետ համագործակցության մասին:

– Հայաստանում ևս այդ ծրագրի կարևորությունը կա, քանի որ, օրինակ, Ղափանում բազմաթիվ հանքեր կան, որոնք վատ ազդեցություն կարող են ունենալ շրջակա միջավայրի համար, իսկ այդ ամենը` ջրի, օդի, բանջարեղենի (և այլն) վատ վիճակն անմիջականորեն ազդում է մարդկանց առողջության վրա: Մենք այստեղի գործընկերների հետ խորհրդակցում ենք այդ իրավիճակը բարելավելու կապակցությամբ:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ «Մաքուր ջրի հսկման համակարգչի ստեղծման ծրագրին», որը նանոմասերի կիրառմամբ կարող է օգնել ջրի մաքրությանը, մասնակցում են 5 երկրներ, այդ թվում` Հունաստանը, Սլովակիան, Մոլդովան, Միացյալ Նահանգները և Հայաստանը: Հայաստանից աշխատանքները ղեկավարում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոսարքավորումների կոնստրուկտավորման և արտադրության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Սուրիկ Խուդավերդյանը, ում խոսքով` ծրագրի ֆինանսավորման պարագայում նորարարությունը կիրառություն կարող է ունենալ 3 տարի անց:

Տեսանյութեր

Լրահոս