Բաժիններ՝

Շենգավիթի թաղապետին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում

Շուրջ երկու շաբաթ առաջ մամուլը գրեց, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում աշխատակցին ծեծի էին ենթարկել։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 15-ին, մոտավորապես ժամը 17։00-ի սահմաններում, Հ. Գրիգորյանի աշխատասենյակում թաղապետը, տեղակալն ու օգնականը ծեծի են ենթարկել 52-ամյա Գևորգ Պողոսյանին։

Հունիսի 18-ին 168.am-ին ոստիկանությունից տեղեկացրել էին, որ ոստիկանությունում կա համապատասխան հաղորդում, նյութեր են նախապատրաստվում:

Այսօր մենք կապ հաստատեցինք ոստիկանության լրատվական ծառայության հետ՝ տեղեկանալու գործի ընթացքից:

«Հաղորդման հիման վրա ստեղծված նյութերով ոստիկանության Շենգավիթի բաժնում 19.06.20թ. հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննության»,- ասացին ոստիկանությունից:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:

Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Քննչական կոմիտեից էլ տեղեկացրին, որ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնել) 2-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս