Բաժիններ՝

«Դեռևս շուտ է՝ ասելու, թե ինչ է տեղի ունենալու հուլիսի 14-ից հետո». Վարչապետի խոսնակը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու խոսակցությունների մասին

«Ենթադրում եմ, որ մամուլում շրջանառվող այդ լուրը զուտ իրենց ենթադրությունն է։ Այսօր հուլիսի 1-ն է, իսկ արտակարգ դրության սահմանված ժամկետը լրանում է հուլիսի 14-ին, և դեռևս շատ շուտ է ասելու, թե ինչ է տեղի ունենալու 14-ից հետո։ Սպասենք, քննարկումներն ընթացքի մեջ են, արդյո՞ք կերկարաձգվի, կամ որքա՞ն ժամանակով կերկարաձգվի, եթե նման որոշում կայացվի, հայտնի կլինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նրա կարծիքով՝ հուլիսի 12-ին կամ 13-ին արդեն պարզ կլինի, թե ինչ է սպասվելու։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ իշխանությունները մտադիր են մինչև դեկտեմբեր երկարաձգելու արտակարգ դրության ռեժիմը, ինչն առաջին հերթին ուղղված է ընդդիմության դեմ՝ հանրային միջոցառումները կանխելու համար։

Մանե Գևորգյանից նաև հետաքրքրվեցինք, թե այս պահին վարչապետի աշխատակազմում կորոնավիրուսով վարակված քանի՞ անձ կա, ինչին ի պատասխան՝ նա ասաց.

«Ճիշտ ասած, ինքս նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Մենք անձնական տվյալներ չենք տրամադրում, այլ ընդհանուր թվով սովորաբար Առողջապահության նախարարությունը, երբ հաստատված դեպքեր են լինում, յուրաքանչյուր օրվա կտրվածքով դրանք տրամադրում է։ Բայց, օրինակ, ասել, որ այս կամ այն գերատեսչությունում այսքան մարդ կա վարակված՝ նման տեղեկատվություն մենք չունենք»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ռեժիմը երրորդ անգամ երկարաձգվեց հունիսի 13-ին։

Նշենք նաև, որ դեռևս մայիսի կեսերին պաշտոնապես հաստատվել էր, որ վարչապետի աշխատակազմում երկու անձ վարակվել է կորոնավիրուսով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս