«Գործարարների հետ բարդ խնդիրները Բաղրամյան 26-ում լուծում են կոմպրոմատներով»

Ասում է ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը

– Վերջերս «168 Ժամի» հետ զրույցում ասել էիք, թե քաղաքական բոլոր ուժերը, բացի ՀԱԿ-ից, իշխանության հետ առևտրի մեջ են: Ի՞նչ առևտրի մասին է խոսքը:

– Նկատի ունեմ այն, որ այդ քաղաքական ուժերի ղեկավարներն` անձնական շփումներ պահպանելով նախագահի աթոռը զավթողի հետ, միաժամանակ ապահովում են և՛ իրենց, և՛ իրենց հետ համագործակցող գործարարների անխափան բիզնես-գործունեությունը: Նրանք նաև ավազակապետության ձևավորման և կայացման ընթացքում իշխանության մասն են կազմել ու ներկայումս ևս շարունակում են իրենց տարաբնույթ կապերը պահպանել վերջինիս հետ: Ընդ որում, դա նրանք համարում են իբրև «կառուցողական» կամ «այլընտրանքային» առաջարկություններով իշխանության հետ հարաբերվելու «քաղաքակիրթ» եղանակ: Բայց հարց է առաջանում` ի՞նչ «քաղաքակիրթ» հարաբերություններ կարող են հաստատվել գող-ավազակ-մարդասպանների, երկիրը կործանման եզրին հասցնողների և նորմալ օրինապաշտ մարդկանց միջև:

– ԲՀԿ տարբեր ներկայացուցիչներ, մասնավորապես` մամուլի խոսնակը, բազմիցս հայտարարել են, որ կուսակցությունը կողմ է կառավարության ղեկավարի փոփոխությանը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) զիջի վարչապետի պաշտոնը ԲՀԿ-ին:

Կարդացեք նաև

– Ներկայիս վարչապետի շահադետ ցնդաբանություններն արդեն հիմնովին ի չիք են դարձրել նրա «ինտելեկտուալ» ներկայանալու մարմաջը, և նրանից օր առաջ ազատվելու ցանկությունն ընդգրկել է նույնիսկ ավազակապետական վերնախավին: Կարծում եմ` նրան այդ պաշտոնից ազատելը կարող է շատ ավելի շուտ լինել, քան առաջիկա ընտրություններն են: Բոլոր դեպքերում, չեմ տեսնում այնպիսի լուրջ հիմքեր, որոնք կարող են պարտադրել ՀՀԿ կոչված քրեաօլիգարխիկ կառույցին և նրա պարագլխին` զիջել այդ պաշտոնը քաղաքական կամ այդպիսին համարվող մի այլ ուժի:

Անօրինական ընտրություններով խորհրդարանում և տեղական մարմիններում ունենալով անօրինական մեծամասնություն` ՀՀԿ-ի այդ զիջումը, բացառությամբ քաղաքական լուրջ առևտրի, անհասկանալի կմնա բոլորի համար: Բայց դա էլ, այսօր ինչ-ինչ հարց «լուծելով», ոչ հեռու ապագայում կարող է դիրքերի փոփոխություն առաջացնել ունեցվածքի և եկամտի բաշխման ավազակապետական համակարգում ու լուրջ ընդհարման առջև կանգնեցնել ղարաբաղյան և այսօր դեռ նոր ծլարձակող տեղայնական կլաններին (իհարկե, եթե մինչ այդ մեր ողջ ժողովուրդը չարթնանա այս լեթարգիական քնից և քաղաքական ասպարեզից դուրս չքշի և՛ մեկին, և՛ մյուսին):

Անկախ վերը ասվածից, այստեղ առկա է նաև ինտրիգային մի պահ` ժամանակին կամ ժամանակից շուտ բացահայտվող քարտը, որն այդ քաղաքական առևտրի մի կողմին անմիջապես կդարձնի «ախք»: Բայց հայկական ներկա իրականության մեջ, ինչպես գիտենք, բոլոր արժեքները, այդ թվում` նամուսն ու պատիվը նսեմանում են մամոնայի առջև:

– Կառավարությունում ՀՀ նախագահի հայտնի խորհրդակցությունից հետո վարչապետը որոշակի քայլեր իրականացրեց` մասնավորապես գնումների ոլորտում: Տարաբնույթ կարծիքներ հնչեցին այս առնչությամբ: Ըստ Ձեզ` հատկապես ո՞ւմ էին ուղղված այս քայլերը, և արդյո՞ք Դուք էլ եք համարում, որ դրանք շոու-միջոցառումներ էին:

– «Քայլ անել» ասելով` տվյալ պարագայում ես հասկանում եմ` սկսել այն «գլխից բռնել», որն անամոթաբար, բայցև անմեղսունակորեն բացահայտ կշտամբում է իր կողմից նշանակված վարչապետին այն բանի համար, որ իրենց 4 տարվա համատեղ աշխատանքի ընթացքում վերջինս ամեն անգամ ձգձգել է «խոշորների» գլխից բռնելը, իրեն «խաբելով», թե ամիսներ հետո կանի այդպիսի քայլեր:

Լավ, կաշխատենք մե՜ծ դժվարությամբ, մի կերպ նրան հասկանալ, եթե դա նա հանդուրժել է մի քանի ամիս, կամ լա՜վ` մեկ տարի: Բայց հարցը քրեական ծանր հանցագործությունների` միլիարդներ լափելու մասին է: Ստացվում է, որ պետության և կառավարության ղեկավարները տարիներ շարունակ իմացել են դրա մասին և լռել են մինչև «հարմար պահը»` ընտրությունների մոտենալը:

Այդ խորհրդակցության ժամանակ, ըստ էության, Սերժիկ Սարգսյանը ոչ միայն իր, այլև վարչապետի վրա քրեական հոդված դրեց: Ինչևէ, ես այդ «խորհրդակցությունը» և Ձեր ասած «որոշակի քայլերը» համարում եմ էժանագին գավառական ներկայացում, որը տրվեց միայն մի օրվա լափով սեփական ժողովրդի ապագան խորտակելու պատրաստ երկոտանիների համար, որոնց գլխաքանակն օրեցօր մեծացվում էր անցած 10-15 տարիների ընթացքում:

– Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ից պետք է զգույշ լինի: Ի՞նչ նկատի ունեիք:

– Ես ասել եմ, որ ընդհանրապես համագործակցային հարաբերություններում պետք է զգույշ լինել: Նկատի ունեմ այն, որ լուրջ համագործակցությունը քաղաքական ուժերի միջև պարտավորեցնում է կողմերին հստակեցնել համագործակցության ոլորտները և, դրանց վերաբերյալ փոխհամաձայնության հասնելուց հետո, յուրաքանչյուր ոլորտում կոնկրետ փոխադարձ պարտավորություններ ստանձնել համատեղ իրագործման նպատակով: Այսինքն` փոխվստահություն հաստատելու երաշխիքներ տրամադրել միմյանց` լինի դա համատեղ հրապարակային հայտարարությունների, թե` այլևայլ տեսքերով: Փոխվստահության երաշխիքների տրամադրումը քաղաքական համագործակցության պարտադիր կանոններից մեկն է:

– Հավանական համարո՞ւմ եք, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում կհամագործակցեն ու հանդես կգան միասնական մեկ թեկնածուով:

– Ես կնախընտրեի այդ հարցին պատասխանել առաջիկա նախագահական ընտրությունների` այսօրվա պայմանների թելադրանքների մասին խոսելով: Ներկա իրադրության մեջ «անորոշ» են պահվում միայն ԲՀԿ-ի իրական մտադրությունները, մնացած քաղաքական ուժերն, այսպես թե այնպես, ցուցադրել կամ շարունակում են ցուցադրել իրենց մտադրությունները: Ունենք այն, ինչ ունենք` բզկտված քաղաքական դաշտ` բզկտված հավանական թեկնածուներով, անորոշակիության որոշակի չափաբաժնով, որը, սակայն, չի բացառում` ընտրության օրվան մոտենալ այսքան կամ այնքան ընդգծված թեկնածուներով:

Ամենաբարդ իրադրությունում հայտնվել կամ ինքն իրեն դրել է ԲՀԿ-ն, որն, իմ կարծիքով, առայժմ գավառական ճարպիկի քաղաքական ինտրիգանության խաղեր է տալիս: Այսպես իրեն պահում է նա, ով չգիտի, բայց գիտի, թե գիտի: Վերջին հաշվով Ծառուկյանը ստիպված է լինելու «բացահայտել» իր երկընտրանքը` կա՛մ առևտուրի է գնում Սերժիկի հետ, կա՛մ սեփական թեկնածությունն է առաջադրում: Իհարկե, առայժմ տեսականորեն դեռ կարող է լինել նաև ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը, բայց այստեղ թե՛ ՀԱԿ-ի, թե՛ իշխանության կողմից մի շարք լուրջ հարցեր են առաջանում, որոնց պետք է պատասխանի անձամբ Ծառուկյանը:

Նա պետք է հասկանա ոչ միայն այն, որ Պանիկովսկու դիմախաղով ՀԱԿ-ին աչքով անելու իր վարքագիծն այլևս սպառել է իրեն, այլև այն, որ ՀԱԿ-ի հետ այդ կերպ իր հարաբերակցվելը չի կարող ապրանք դարձնել` Սերժիկից զիջումներ կորզելու իր և իր կուսակցության համար: Գործարարների հետ բարդ խնդիրները Բաղրամյան 26-ում լուծում են կոմպրոմատներով, և սա գազի առևտուր չէ, որտեղ օդն էլ կարող է շահութաբեր լինել: «Երկու քարի արանքում» հայտնվածի հետագա ճիշտ քայլերն այդպես էլ դարերով անհասանելի են մնացել հայոց քաղաքական մտքին, էլ ուր մնաց թե` այսօրվա հայկական «յուրահատուկ» բիզնեսմեն-կորիֆեյին:

Բայց արդյո՞ք այսօր Ծառուկյանը երկու քարի արանքում է: Անձամբ ես չեմ հավատում: Ինչևէ, արդեն բացահայտ է, որ իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը միասնական թեկնածուով հանդես չեն գալու, և դա ես առկա պայմաններում և իրադրության մեջ դրական եմ գնահատում:

Նրանց և ողջ հայ ժողովրդի առջև պատմական ծանրագույն պատասխանատվության հարց է ծառացած` կասեցնել Հայաստանի պետականության վերջնական փլուզման արդեն արագ թափ հավաքող ընթացքը: Կարծում եմ, այս իրողության դեմ-հանդիման, նրանք իրենց մեջ պետք է ուժ գտնեն հաղթահարելու միմյանց նկատմամբ բոլոր կանխակալություններն ու կարծրատիպերը և համատեղ լծվելու ղարաբաղյան հանցագործ կլանի և նրա տեղական սպասարկուների իշխանությունը տապալելու գործին: Ես կարծում եմ, որ արդեն ճիշտ ժամանակն է` այդ քաղաքական ուժերի միջև սկսել խորհրդակցություններ` հետագա համատեղ պայքարի մարտավարությունն ու ռազմավարությունը մշակելու համար:

– ԲՀԿ-ն կհամաձայնի՞ սատարել ՀԱԿ թեկնածուին, և հակառակը`
ՀԱԿ-ը` ԲՀԿ-ի թեկնածուին:

– Այդ հարցը տվեք ԲՀԿ-ի ներկայացուցիչներին: Մյուսին էլ կպատասխանեն ՀԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչները:

– Ինչպիսի՞ն եք պատկերացնում ընդդիմության միասնական թեկնածուին: Արդյո՞ք ընդդիմադիր քաղաքական դաշտում կան այդպիսիք: Ովքե՞ր են նրանք:

– Զվարճալի հարցեր եք տալիս: Ընդդիմության միասնական թեկնածուն կարող է հայտնվել միայն այն դեպքում, երբ այդ ընդդիմությունը կարողանա նախագահի ընտրությունը փոխադրել երկրորդ փուլ:

Թե այդպիսի թեկնածուներ կա՞ն ընդդիմադիր դաշտում` հարցին հարցով պատասխանեմ. ուրեմն դուք կասկածո՞ւմ եք, որ ընդդիմության մեջ արժանավոր և լուրջ մարդիկ կան, իսկ ի՞նչ է` օտարին ծախված իշխանական կամ ընտրությունների ժամանակ որպես գործիք օգտագործվող իշխանամետ կիսագրագետ թեկնածուներին համարում եք անփոխարինելի և լո՞ւրջ: Իսկ թե ես ինչպիսին եմ պատկերացնում միասնական թեկնածուին, պատասխանեմ` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսքով ու նմանությամբ:

– Ի դեպ, ժամանակին կարծիք էիք հայտնել, թե ընդդիմությունը պետք է առնվազն մի 3 ուժեղ թեկնածու ունենա: Նայելով քաղաքական այսօրվա դաշտին, ի՞նչ եք կարծում` կա՞ն այդ երեք թեկնածուները: Ո՞ւմ եք համարում ընդդիմության ուժեղ թեկնածուներ:

– Ակնհայտ են այդ թեկնածուները, բայց իրենց իրավունքն է այդ մասին հայտարարելը: Կարևորն այստեղ այն է, որ այդ թեկնածուներն ու նրանց քաղաքական թիմերը կարողանան նախապես համաձայնության հասնել, որ թեկնածուներից երկրորդ փուլ մտնողը դառնալու է ողջ ընդդիմության միասնական թեկնածուն:

Այս դեպքում համարում եմ, որ ընդդիմության հաղթանակը կդառնա զուտ տեխնիկական խնդիր, որովհետև ամեն տեսակ անօրինականություններից զզված պետական բյուրոկրատիան այս հնարավորությունն այլևս բաց չի թողնի ձեռքից:

– Շատ է շրջանառվում, որ նախընտրական մրցապայքարի մեջ կմտնի նաև ՀՀ երկրորդ նախագահը: Դուք վստահություն էիք հայտնել, որ Քոչարյանն ինչ խաղեր էլ տա` այլևս իշխանության մեջ տեղ չի ունենալու: Նախընտրական մրցապայքարի մեջ նրան չե՞ք տեսնում:

– Ո՛չ, չե՛մ տեսնում: Որովհետև սիամական երկվորյակների մրցակցությանը ես չեմ հավատում, որովհետև ժողովուրդն արդեն տեղյակ է նրա արյունարբու բնույթին, և այլն: Բացի այդ, Քոչարյանն այնպիսի ավերածություններ է իր ետևից թողել, որ հայոց ներկա և հետագա սերունդները դեռևս երկար ժամանակ կզգան իրենց մաշկի վրա:

Միայն այն, որ նրա օրոք Հայաստանի պետական ունեցվածքը, այդ թվում` ՀՀ ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներ հանդիսացող տնտեսական ոլորտները, դարձվեցին պետական արտաքին պարտքի (այն էլ` կեղծիքներով ձևավորված) վճարամիջոց, ինչն աննախադեպ երևույթ է աշխարհի երկրների միջպետական հարաբերություններում, հերիք է, որ նրա անունը հայոց պատմության մեջ դրվի մեհրուժան արծրունու ու վասակ սյունիի, պետրոս գետադարձի ու մելիք ֆրանգյուլի (դավաճանների անունները փոքրատառ ենք գրել զրուցակցի ցանկությամբ.- Տ.Մ.) կողքին: Չեմ կարող չընդգծել, որ Քոչարյանն այս ազգադավ գործում հատկապես մեծ դեր էր հատկացրել իր սիամական եղբորը` Սերժիկին:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս