10.000 դրամ՝ թոշակառուին, 20.000 դոլար՝ նախարարին. Փաշինյանի կառավարության «արդար» թալանը
21.5 միլիոն դոլար թիմակիցներին՝ հավատարմության համար
Այն բանից հետո, երբ անցած տարվա վերջին պետական պաշտոնյաներին բաժանված միլիոնավոր դրամների պարգևավճարների հետ կապված՝ հասարակության շրջանում մեծ աղմուկ ու դժգոհությունների ալիք բարձրացավ, իշխանությունները որոշեցին ընտրություններից առաջ մի քանի հազար դրամով թոշակներն ավելացնել՝ ցույց տալու համար, թե թոշակառուներին էլ չեն մոռանում։ 10.000 դրամով բարձրացրեցին թոշակները, որ իրենց էլի միլիոններով պարգևավճար բաժանեն։
Զարմանալի չէ, որ այս անգամ պաշտոնյաների ախորժակն ավելի է բացվել։
Պետությունը միլիարդավոր դոլարների պարտքերի տակ թաղած կառավարությունը որոշել է 4.6 մլրդ դրամ կամ 12 մլն դոլար տալ՝ հիմա էլ անցած տարվա երկրորդ կիսամյակի կատարողականի հիման վրա պետական պաշտոնյաներին խրախուսելու համար։
Հիշեցնենք, որ առաջին կիսամյակի կատարողականի դեպքում համեմատաբար ավելի համեստ էին գտնվել՝ 3.6 մլրդ դրամ կամ շուրջ 9.5 մլն դոլար էին հատկացրել։ Այդ գումարի շրջանակներում եղան ընդհուպ 7-8 մլն դրամ կամ 20 հազար դոլարից ավելի ստացող նախարարներ։ Մի այդքան էլ, եթե ոչ ավելի, հավանաբար այս անգամ կստանան։ Ու կստացվի, որ նախարարական բարձր աշխատավարձերից ու այդքան էլ ամսական պարգևավճարներից բացի, տարեկան մի 40.000 դոլարի կարգի էլ լրացուցիչ բոնուսներ կստանան՝ հարկատուների վճարած հարկերի հաշվին։
10 հազար դրամով թոշակ ավելացրին, որ արդարացնեն իրենց 15-16 միլիոնանոց բոնուսները։ Խոսք չկա, պետության փողերը շատ «արդար» բաժանում են։ Իրենց միայն բոնուսները 300 անգամով կգերազանցեն այսօրվա միջին կենսաթոշակը, 200 անգամով էլ՝ նվազագույն աշխատավարձը։
Դե, թող թոշակառուները, աշխատող աղքատները, որոնք երբեմն նվազագույնից էլ ցածր աշխատավարձ են ստանում, իրենց մի քանի հազար դրամ թոշակով ու աշխատավարձով յոլա գնան այս համատարած թանկացումների պայմաններում։
Նախորդ անգամ Նիկոլ Փաշինյան իրեն պարգևատրեց 12 մլն դրամով, որը համարժեք էր ավելի քան 30 հազար դոլարի։ Մի այդքան էլ, ամենայն հավանականությամբ, այս անգամ կպարգևատրի՝ երևի նրան համար, որ ընդմիշտ փակել է Արցախի էջը, Հայաստանն էլ դրել է ադրբեջանցիների ու թուրքերի ոտքերի տակ։
Առաջին կիսամյակի կատարողականի համար տրված պարգևավճարները քիչ են համարել ու այս անգամ 1 մլրդ դրամով ավելացրել են։
Այդպիսով պաշտոնյաների խրախուսումների տարեկան ֆոնդը հասցրել են 8.2 մլրդ դրամի։ Պետական բյուջեից ու հարկատուների վճարած հարկերից 21.5 մլն դոլար կվճարեն, որպեսզի նրանք իրենց լավ զգան։
Որքան էլ ջանան այլ կերպ ներկայացնել, դժվար չէ հասկանալ, որ սա ընտրություններից առաջ պետական պաշտոնյաներին ու պետական համակարգի աշխատողներին բաժանվող հերթական նախընտրական կաշառքն է։ Հատկապես որ, հայտնի չէ, թե կատարված այդ ո՞ր լավ աշխատանքի համար են նրանց պարգևատրում։ Չկա ոչ մի հաշվետվություն ու հիմնավորում։
«Թափանցիկ ու ժողովրդին հաշվետու կառավարությունը» հարկ չի համարում այդ մասին բացատրություն տալ, ինչպես հարկ եղած դեպքում ասում է Նիկոլ Փաշինյանը, իր գործատուին։ Գործատուի փողերով՝ ինքնակամ պարգևավճար են բաժանում իրենց։ Ու հիմնավորումն էլ, որը ներկայացրեց նախորդ իշխանությունների ժամանակ բարձր պաշտոներ զբաղեցրած, հետո սահուն Նիկոլ Փաշինյանի թևի տակ մտած ու այդ միլիարդներից իր փայը ստացող փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Խաչատրանը, այն է, որ պետական մարմինների կատարած աշխատանքը մոտ է եղել սահմանված ամենաբարձր կատարվածին։
Թե դա ո՞վ կամ ինչպե՞ս են որոշել, հայտնի չէ։ Իրենք իրենց գնահատել են ու համարել, որ արժանի են միլիոնների պարգևավճար ստանալ։ Թքած, որ հարյուր-հազարավոր քաղաքացիներ այսօր ապրում են աղքատության մեջ ու չեն կարողանում բավարարել իրենց նվազագույն կարիքները։
Ժամանակին հայտարարում էին, թե պատրաստ են նույնիսկ առանց աշխատավարձի աշխատել՝ հանուն ժողովրդի բարեկեցության, այսօր անգամ ստացած բարձր աշխատավարձերով ու պարգևավճարներով չեն բավարարվում։ Մի հետ էլ միլիոնների հասնող խրախուսում պիտի ստանան։
Սա ծաղր է գրեթե 40 տոկոսանոց աղքատություն ունեցող երկրի համար։
Սրա համար էին 10 հազար դրամով թոշակ ավելացնում, որպեսզի արդարացնեն պետական բյուջեի հաշվին իրենց բաժանվող միլիոնները։ Այս ամենը, այլ կերպ, քան պետական բյուջեի միջոցների թալան ու հափշտակություն, չի կարող կոչվել։ Նախկիններին էին մեղադրում պետական միջոցները յուրացնելու մեջ, իրենք բացահայտ յուրացումով են զբաղված։ Պետության փողերը դատարկում են սեփական գրպանները, բաժանում թիմակիցներին, պետական համակարգում խնամքով տեղավորած խնամի-ծանոթ-բարեկամներին, բոլոր նրանց, ովքեր վաղը պիտի գնան ընտրատեղամասեր ու երախտապարտ լինելու համար՝ ընտրեն իրենց խրախուսողներին։
Պարզ է, որ 21.5 միլիոն դոլարը պետական պաշտոնյաների վրա բաժանելը կատարած աշխատանքների հետ կապ չունի։ Հակառակ դեպքում շատերը նույնիսկ աշխատավարձ չպիտի ստանային, էլ ուր մնաց, թե պարգևատրվեին։ Այս ամենը նախընտրական կաշառք է, որը կառավարության որոշմամբ ու առանց խորհրդարանի հաստատման՝ բաժանում են պետական պաշտոնյաներին։
Պետական կառավարման ապարատում ու հիմնարկներում, խրախուսման տեսքով, կաշառք են բաժանում, քիչ է, Տեղական ինքնակառավարման մարմիններին էլ խոստանում են ընտրություններից հետո բաժանել։
«Մենք վարձատրության խնդիրը պետք է լուծենք նաև ՏԻՄ-ի մակարդակում, որովհետև սա պետության ու համայնքի մասին է, չենք կարող այս վիճակը հանդուրժել»,- ՏԻՄ-երի աշխատողներին սիրաշահելու համար ասում է Նիկոլ Փաշինյանը։
Այսքան տարի ՏԻՄ-երի աշխատողների վարձատրության մասին չէր մտածում, ընտրություններից առաջ հանկարծ հիշել է։ Ու որպեսզի այդ ամենին հիմնավոր տեսք տան, տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը շտապում է հայտարարել, թե այդ ուղղությամբ աշխատանքներն ամփոփման փուլում են, առաջիկայում մոդելը կներկայացնեն։
Ընտրություններից առաջ այսպես են բյուջեի հաշվին փորձում լուծել իշխանության վերարտադրության հարցը՝ կաշառելով ու խոստումներ տալով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



