Բաժիններ՝

Սթարմերը Կիպրոսի նախագահին հավաստիացրել է, որ բրիտանական բազան չի օգտագործվի Իրանին հարվածելու համար

Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմաբազան, որն Իրանի հետ պատերազմի սկզբում ենթարկվել էր անօդաչու թռչող սարքի հարվածի, ԱՄՆ-ն չի օգտագործի Թեհրանի հրթիռային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։ Այս որոշումն ընդունվել է աննախադեպ միջազգային սկանդալից հետո, հայտնում է The Independent-ը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին հայտնել է, որ «Ակրոտիրի» (RAF Akrotiri) ավիաբազան չի լինի այն բրիտանական բազաների թվում, որոնցից ԱՄՆ-ն կկարողանա հարվածներ հասցնել։ Սա տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Իրանը հրթիռներ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա համատեղ ամերիկա-բրիտանական բազայի ուղղությամբ։

Շաբաթ օրը կայացած նույն հեռախոսազրույցի ընթացքում Նիկոս Քրիստոդուլիդիսը Սթարմերից պահանջել է քննարկումներ սկսել միջերկրածովյան կղզում բրիտանական բազաների ապագայի վերաբերյալ։

Ուրբաթ օրը Մեծ Բրիտանիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «կանաչ լույս» էր տվել՝ օգտագործելու բրիտանական բազաները Հորմուզի նեղուցը թիրախավորող իրանական հրթիռային օբյեկտներին հարվածելու համար։

Դաունինգ սթրիթը հայտարարել է, որ նման գործողությունները նախկինի պես կդիտարկվեն որպես «հավաքական ինքնապաշտպանություն»՝ պնդելով, որ դա չի նշանակում Մեծ Բրիտանիայի ներգրավում ավելի լայն հակամարտության մեջ։

Սակայն Կիպրոսի բազան այդ ցանկում չի ներառվի, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Դաունինգ սթրիթի ներկայացուցչի վկայությամբ, վարչապետն ուղղակիորեն խոսել է Քրիստոդուլիդիսի հետ՝ այս դիրքորոշումը հայտնելու համար։

Նա հավելել է, որ սըր Քիրը «վերահաստատել է, որ «Ակրոտիրի» բազան չի ներգրավվի տարածաշրջանի հավաքական ինքնապաշտպանության նպատակով բրիտանական բազաներն օգտագործելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ Մեծ Բրիտանիայի համաձայնագրի շրջանակում, ներառյալ՝ իրանական հրթիռային կարողությունների թուլացումը»։

«Քննարկման ընթացքում՝ Կիպրոսում բրիտանական բազաներին վերաբերող մասում, նախագահ Քրիստոդուլիդիսը նշել է ինչպես առաջացած մարտահրավերները, այնպես էլ ճգնաժամի կառավարումից քաղված դասերը։ Այս համատեքստում նա համապատասխան քննարկումներ սկսելու առաջարկ է ներկայացրել», – ավելի ուշ X սոցիալական ցանցում գրել է Կիպրոսի նախագահը։

Շաբաթ օրը հայտնի է դարձել, որ Թեհրանը երկու միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա բազայի ուղղությամբ։ Բրիտանական կողմը պնդում է, որ հրթիռները չեն հասել թիրախին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031