Նիկոլ Փաշինյանը միշտ Արցախը համարել է Ադրբեջանի մաս

2026թ. մարտի 19-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի մասնավորի, հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղը միշտ էղել ա Ադրբեջանի կազմում»:

Հիմնվելով մեջբերմանը վերաբերելի փաստերի ու փաստաթղթերի վրա՝ փորձենք պարզել՝ համապատասխանո՞ւմ է իրականությանը նշված դատողությունը, թե՞ ոչ:

1917 թվականին միապետական Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով Ռուսաստանի կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերում, այդ թվում նաև Արցախում, սկիզբ է առնում անիշխանություն: Իր հետագա ճակատագիրը տնօրինելու նպատակով 1918-1920թթ. Լեռնային Արցախի հայությունը հրավիրել է թվով տասը Համագումարներ: Հիշյալ Համագումարների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված որոշումներից վեցի համաձայն՝ Լեռնային Արցախը հանդիսացել է անկախ քաղաքական միավոր, իսկ առաջին և իններորդ Համագումարների որոշումների համաձայն՝ Լեռնային Արցախն իրեն հայտարարել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը: Վերջին՝ տասներորդ Համագումարի որոշմամբ էլ Լեռնային Արցախում հռչակվել է խորհրդային կարգեր:

Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ Լեռնային Արցախը Զանգեզուրի և Նախիջևանի հետ միասին ճանաչվել է Խորհրդային Հայաստանի մաս. «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը»:

Կարդացեք նաև

1920թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հրապարակել է նաև հռչակագիր, որով ճանաչել է արցախահայության ինքնորոշման իրավունքը. «…Զանգեզուրի և Նախիջևանի գավառները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լիարժեք իրավունք…»:

1921թ. հունիսի 12-ին Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը ստորագրել է դեկրետ, որով հայտարարել է, որ, հիմնվելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի հռչակագրի և Ադրբեջանի կառավարության հետ ձեռք բերված համաձայնության վրա, այսուհետ Լեռնային Արցախը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը. «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի եվ Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ յայտարարւում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»:

Ա. Մյասնիկյանի դեկրետը հրապարակվել է Երևանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1921թ. հունիսի 19-ի համարում: Նույն թվականի հունիսի 22-ին դեկրետը տպագրվել է նաև Բաքվում լույս տեսնող “Бакинский рабочий” ռուսալեզու թերթում հայերեն, ռուսերեն և օսմաներեն լեզուներով:

Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Արցախը Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի՝ տարածքային հարցեր լուծելու իրավունք չունեցող երրորդ երկրի կուսակցական մարմնի չքննարկված և քվեարկության չդրված, այսինքն՝ ըստ էության չընդունված, անօրինական որոշմամբ, 1921թ. հուլիսի 5-ին խլվել է Խորհրդային Հայաստանից և ինքնավար մարզի կարգավիճակով մտցվել է Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ:

Հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում՝ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը:

Հռչակագրի ընդունումից ավելի քան երեք ամիս անց՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, աշխարհի ութ երկրներից և միջազգային հեղինակավոր կառույցներից մեկից՝ ԵԱՀԽ-ից (1994թ. դեկտեմբերից՝ ԵԱՀԿ), Լեռնային Արցախ ժամանած գրեթե չորս տասնյակ անկախ միջազգային դիտորդների ներկայությամբ Արցախի Հանրապետությունում անցկացվել է հանրաքվե Արցախի Հանրապետության անկախության հարցով: Արցախի Հանրապետության անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 99.89%-ը:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը միշտ էղել ա Ադրբեջանի կազմում», չի համապատասխանում իրականությանը: Չկա որևէ փաստ, կամ որևէ իրավական փաստաթուղթ, որը կարող է վկայել, որ Լեռնային Արցախը երբևէ որևէ կարգավիճակով գտնվել է անկախ Ադրբեջան անունով պետության կազմում:

Նկատի ունենալով Լեռնային Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ գրեթե երեք տասնամյակի փաստագրված դիրքորոշումը՝ ճիշտ կլինի նրա՝ «Լեռնային Ղարաբաղը միշտ էղել ա Ադրբեջանի կազմում» դատողությունը վերաձևակերպել հետևյալ կերպ. «Նիկոլ Փաշինյանը միշտ Արցախը համարել է Ադրբեջանի մաս»:

Այսպես, դեռևս 1999թ. ապրիլի 16-ին «Օրագիր» թերթի խմբագրի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար, հայտարարել է. «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետևաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիք չի կարող համարվել. ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են»:

Հանդիսանալով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր՝ Նիկոլ Փաշինյանը 2001թ. մայիսի 22-ին նույն թերթում հրապարակած հոդվածում Լեռնային Արցախի ազատագրված տարածքները համարել է ադրբեջանապատկան. «…ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ: …Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին:… մերը թողած ուզում ենք տերը լինել ուրիշի: Կամ, որ մեր դեպքում ավելի ճիշտ է ասել, չենք ուզում, որ ուրիշը տեր լինի: Եվ իսկապես, ինչի պիտի մերը լինեն Ադրբեջանի յոթ շրջանները…»:

2023թ. մայիսի 22-ին էլ Երևանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե երբ Հայաստանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի 86.600 կմ2 տարածքային ամբողջականությունը, դա ներառո՞ւմ է Արցախի Հանրապետությունը, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար, հայտարարել է. «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը…»:

Հաշվի առնելով նշված փաստերը՝ կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը միշտ Լեռնային Արցախը համարել է օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս: Սակայն, իշխանության հասնելու նպատակով նա առերևույթ հանդես է եկել հակառակ դիրքորոշմամբ՝ այդպիսով մոլորեցնելով ու խաբելով հանրությանը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031