Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Al Mayadeen-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պաշտպանական պատերազմում իրականացնում է նախապես մշակված բազմափուլ ծրագիրը։
Նա ընդգծել է, որ ռազմավարությունը մշակվել է ամիսներ առաջ և իրագործվում է «բարձր ռազմավարական համբերությամբ»։ Պաշտոնյան հայտարարել է, որ տարածաշրջանում ամերիկյան և իսրայելական ՀՕՊ համակարգերի ու ռադիոլոկացիոն ենթակառուցվածքների ոչնչացումից հետո Իրանն այժմ «լիակատար վերահսկողություն» է հաստատել Իսրայելի օդային տարածքի նկատմամբ։
Ըստ պաշտոնյայի, քանի որ ամերիկա-իսրայելական ուժերը հարձակվել են ենթակառուցվածքների, սպասարկման և ռազմավարական օբյեկտների վրա, Իրանը մոտ ապագայում հրադադար չի ակնկալում՝ հատկապես իր «աճող ռազմական առավելության» լույսի ներքո։ Պաշտոնյան ընդգծել է, որ Իրանը մտադիր է շարունակել «ագրեսորին պատժելու» իր քաղաքականությունը, մինչև «պատմական դաս» չտա ամերիկա-իսրայելական ագրեսիային և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Լրատվամիջոցի զրուցակիցը հայտնել է, որ տարածաշրջանի մի քանի կողմեր և միջնորդներ Թեհրանին պատերազմը դադարեցնելու առաջարկներ են փոխանցել, սակայն Իրանը պայմաններ է ներկայացրել, որոնք պետք է կատարվեն և որոնց պետք է լուրջ վերաբերվել նախքան որևէ համաձայնության հասնելը։
Թեհրանը վեց հիմնական պայման է առաջադրել նոր իրավական և ռազմավարական շրջանակում.
• Պատերազմի վերսկսումը կանխելու երաշխիքներ
• Տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների փակում
• Իսլամական Հանրապետությանը փոխհատուցման վճարում
• Պատերազմների դադարեցում տարածաշրջանային բոլոր ճակատներում
• Հորմուզի նեղուցի համար նոր իրավական դաշտի ստեղծում
• Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված լրատվամիջոցների ներկայացուցիչների դատական հետապնդում և արտահանձնում



