Բաժիններ՝

Ինչպե՞ս հաջողվեց կանխել, որպեսզի Արամ Խաչատրյանի հուղարկավորությունը տեղի չունենա Մոսկվայում

Սովետական տարիներին հայ մտավորականներն ու արվեստագետներն իրենց առաջ լայն հնարավորություններ ունեին զարգանալու ու արվեստի մեծ գործեր ստեղծելու համար։ Այդ տարիներին մեկը մյուսի ետևից երևան էին գալիս ստեղծագործողներ, ովքեր բացառիկ էին, տաղանդավոր և կերտում էին բարձր արվեստ։ Պարադոքսալ էր սովետական երկիրը, քանի որ մի կողմից՝ ոչնչացվում էին մտավորականները, իսկ մյուս կողմից՝ այդ մտավորականների համար ստեղծվում էին լավագույն պայմանները, որպեսզի նրանք ստեղծագործեն և արարեն։ Հատկանշական է, որ այդ դեպքում սովետական պետության տարբեր ժողովուրդների ստեղծագործող զավակներն ինչ-որ պահի նույնանում էին, և տարանջատում գրեթե չէր լինում։ Այդ խնդիրը հատկապես առաջ էր քաշվում ստեղծագործողների մահանալուց հետո։ Նմանատիպ խնդրի առաջ կանգնեցին նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հարազատներն ու այդ ժամանակաշրջանի Հայաստանի իշխանությունները, քանի որ Արամ Խաչատրյանի մահվանից հետո խնդիրներ առաջացան, և շատ հնարավոր էր, որ Խաչատրյանը հուղարկավորվեր հենց Մոսկվայում։

1978 թվականին մահացավ Արամ Խաչատրյանը։ Մահվան լուրից անմիջապես հետո Սովետական Հայաստանը պատվիրակություն ուղարկեց Մոսկվա, որպեսզի զբաղվեն նրան Հայաստանում հուղարկավորելու հարցով։ Այդ պատվիրակության մեջ էր նաև կուսակցական պետական աշխատող, լրագրող և թարգմանիչ Կարլեն Դալլաքյանը, ում հուշերը կարդալով՝ տեսնում ենք, թե ի՞նչ բարդ խնդիր էր հասունացել այդ ժամանակ, և ինչպե՞ս կարողացավ հարցը լուծվել, հակառակ դեպքում՝ Արամ Խաչատրյանը կհուղարկավորվեր Մոսկվայում։

«Վախճանվել է Արամ Խաչատրյանը։ Դեմիրճյանը ինձ ու կառավարության նախագահի տեղակալ Ռեմա Սվետլովային ճամփեց Մոսկվա, մասնակցելու հուղարկավորությանը, և դագաղը Երևան բերելու համար։ Անսպասելի, գրեթե անհաղթահարելի խոչընդոտներ ծագեցին։ Արամ Խաչատրյանի աղջիկն ու տղան պահանջեցին, թե հայրիկին պետք է թաղել իր անունը կրող մեծ դահլիճի առջև պստիկ պուրակում։ Ոչ մի առարկություն չէին ընդունում։ Հիմնական փաստարկն էր, թե Օպերայի և բալետի շենքի առջև հրապարակի մի անկյունում թաղված էր Սպենդիարովը։ Բացատրում էին, որ դա շատ վատ է, երեխաներն օրն ի բուն ֆուտբոլ են խաղում, փաստորեն, ֆուտբոլի դարպաս են դարձրել, թե նախագիծ կա այդ գերեզմանն էլ փոխադրել Կոմիտասի անվան այգու՝ «մեր մեծերի» պանթեոն»։

– Իմ հայրը համաշխարհային անուն է,- նետեց որդին՝ Կարենը։ -Նա չի կարող դասվել այդ «մեծերի» շարքը»։ (Կարլեն Դալլաքյան «Հուշապատում», Երևան, 1998, էջ 249)

Կրքերը չեն հանդարտվում և ԽՍՀՄ Կոմպոզիտորների Միության նախագահ Տիխոն Խրեննիկովը հրավիրում է նիստ։ Նիստին քննարկվում է Արամ Խաչատրյանի հուղարկավորության հարցը։ Նիստը հանդարտ չի անցնում, քանի որ իշխանությունները պահանջում էին, որպեսզի կոմպոզիտորին հուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում, իսկ կոմպոզիտորի հարազատներն այլ բան էին ցանկանում։ Նիստին ներկա կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը ևս ամեն ինչ անում էր, որպեսզի կարողանար համոզել, որ դահլիճի առջև թաղելն անընդունելի էր։ Նիստի ժամանակ կրքերը բորբոքվում են, և այդ ժամանակ խոսում է կին երգահան Պախմուտովան, ով նշում է, որ ծագումով հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ռուս կոմպոզիտորական դպրոցի զավակն է, նա սովետական կոմպոզիտոր է, և նրան պետք է թաղել Մոսկվայում՝ իր կնոջ կողքին։ Եվ նա վերջում հավելում է․ «Թաղենք իր կնոջ կողքին, այստեղ։ Այլ ոչ թե թույլ տանք՝ տանեն, չգիտեմ ո՞ւր նետեն»։

Փաստացի ստացվում էր, որ Խաչատրյանի զավակները ցանկանում էին կատարել հոր կամքը՝ նրան հուղարկավորել Երևանում, պետությունը ցանկանում էր, որ հուղարկավորությունը տեղի ունենա Կոմիտասի անվան պանթեոնում, զավակները՝ դահլիճի առջև, իսկ նիստի մասնակիցներից ոմանք առաջ քաշեցին Խաչատրյանին Մոսկվայում՝ իր կնոջ կողքին հուղարկավորելու տարբերակը։ Այդ խառնաշփոթ վիճակում Էդուարդ Միրզոյանը, Կարլեն Դալլաքյանն ու Լորետտա Տեր-Մկրտչյանն արագ կողմնորոշվում են, կարողանում են զանգահարել և կապ հաստատել Կաթողիկոսի հետ, որից հետո ուրվագծվում է հարցի լուծման ճանապարհը։

«Հանկարծ նրա դեմքը սառավ, գունատվեց, չորացավ։ Ափով ծածկեց ընկալուչը, ռուսերեն դիմեց հանգուցյալի զավակներին։

– Գիտե՞ք, թե ինչ է ասում «Վեհափառը»,- սարսափած ձայնող խոսեց նա։ -«Վեհափառն» ասում է, թե հայ եկեղեցու օրենքներով՝ գերեզմանոցից դուրս թաղում են միայն ավազակներին։ Բոլորը քարացան։ Լորետտան շտապ․ «Շնորհակալություն, Վեհափառ տեր» ասաց, լսափողը դրեց լծակի վրա։ Հարցը լուծվեց։ Կարենը միայն ցանկություն հայտնեց, որ ինքը նախապես պետք է տեսնի, թե Կոմիտասի այգու մեջ հենց որտե՞ղ են թաղելու իր հայրիկին։ Մի քանի օր անց իր ուզածով էլ եղավ»։ (Նույն տեղում, էջ 250-251)։

Փաստացի տեսնում ենք, որ սովետական տարիներին հայ մեծերը խնդիրներ էին ունենում նաև մահվանից հետո։ Եթե թերթենք այդ տարիների պատմության մութ էջերը, ապա կտեսնենք, որ Սովետական իշխանությունների հետ խնդիրներ առաջանում էին գրեթե բոլոր ոլորտներում։ Սակայն մարդիկ կարողանում էին խելացիության, հանդգնության ու անգամ սեփական կյանքն անտեսելու գնով մեզ պահել մեր ժառանգությունն ու մեծերին։ Հիմա այդ ամենը գնահատողներն են պակասել, քանի որ հիմա աշխարհն ընթանում է այլ ճանապարհով, և մենք նույնպես այդ ընթացքի մի մասնիկն ենք։ Քչերն ու ուժեղներն են կարողանում շեղվել այդ ընթացքից, պահպանել վեհը, առաքինին ու ազգայինը։ Իսկ նրանք ծնվում են ուշ-ուշ, սակայն ճիշտ ժամանակին։

Զ․ Շուշեցի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս