Հայկական պատվիրակությունը խուսափում է պատասխաններից
Օրերս ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել միջազգային միջոցառում՝ նվիրված կորոնավիրուսի ազդեցությանը բնապահպանական խնդիրների վրա: Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների պատվիրակություններ, ոլորտի փորձառու մասնագետներ, այդ թվում՝ մոտ 40 պատգամավորներ:
Տեսակապի միջոցով մասնակիցները մոտ երկու ժամ քննարկել են առաջ քաշած թեման:
Միջոցառման ժամանակ բավական ակտիվ է եղել ադրբեջանական պատվիրակության անդամ Թուրալ Գանջալիևը, ով ներկայանում է որպես Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ղեկավար: Նա որպես բնապահպանական խնդիր, մատնանշել է Մեծամորի ատոմակայանը, նշելով, թե այն մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, ինչպես նաև բազմաթիվ հակահայկական, ընդդեմ Արցախի հայտարարություններ է արել:
Քանի որ, միջոցառան ընթաքում և դրանից հետո որևէ տեղեկատվություն չեղավ այն մասին, որ հայկական պատվիրակությունը մասնակցել է այդ քննարկմանը, նաև հայկական կողմից որևէ պատասխան չեղավ Գյանջալիևի կողմից հնչեցրած մեղադրանքներին, 168.am-ը փորձեց ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամներից ճշտել՝ մասնակցե՞լ են միջոցառմանը, թե՞ ոչ:
Զանգահարեցինք պատվիրակության անդամ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանին: Նա հարցը լսելուց հետո, ասաց, որ հեռախոսով որևէ հարցազրույց կամ մեկնաբանություն չի տալիս, հարցին կպատասխանի, եթե այն գրավոր ուղարկենք:
Գրեթե նույն պատասխանը տվեց նաև պատվիրակության մեկ այլ անդամ, իշխանական ֆրակցիայի պատգամավոր Համազասպ Դանիելյանը.
«Ես հեռախոսով առհասարակ հարցազրույց չեմ տալիս, հարցը գրավոր ուղարկեք, կպատասխանեմ, բայց չեմ խոստանում, որ հենց այսօր կպատասխանեմ»,-նշեց պատգամավորը:
Իսկ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանն առհասարակ մեր զանգերին չպատասխանեց: Հարցի պատասխանը ստանալու հույսով՝ հարցերը նրան ուղարկեցինք նաև «Ֆեյսբուքով», սակայն դրաձյալ մնացին անարձագանք:
Նշենք, որ parliament.am կայքում նույնպես բացակայում է որևէ տեղեկատվություն այն մասին, որ հայկական պատվիրակությունն այդ միջոցառմանը մասնակցել է:
Ինչևէ, պատվիրակության երկու անդամներին, որոնք գրավոր պահանջեցին, ուղարկել ենք հետևյալ հարցերը.
1. Հայկական պատվիրակությունը մասնակցե՞լ է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեսակապի միջոցով տեղի ունեցած միջազգային միջոցառմանը՝ նվիրված համավարակի ազդեցությանը բնապահպանական խնդիրների վրա: Եթե չի մասնակցել, ապա ի՞նչն է եղել պատճառը:
2. Միջոցառման ընթացքում Ադրբեջանի պատվիրակության անդամ Թուրալ Գյանջալիևը բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, այդ մեղադրանքներին հայկական պատվիրակությունը պատասխանե՞լ է:
Ի դեպ, այս խնդրի մասին երեկ բարձրաձայնել էր նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ սա մեր խորհրդարանական դիվանագիտության աղաղակող բացթողումներից է:
Խոսելով այդ միջոցառումից` Արմեն Աշոտյանը մասնավորապես նշել է.
«Ես նրանց պաշտոնական կայքում նայեցի մոտավորապես 2 ժամ տևած այդ քննարկումը, քանի որ ինձ հետաքրքիր էր այդ թեման, հետաքրքիր էր նաև, թե ինչպիսի՞ ընթացք է ստացել հայկական կողմի ներկայությամբ այս թեման: Շատ մեծ էր զարմանքս, հիասթափությունս և ջղայնությունս, երբ այդ տեսակոնֆերանսի տեսանյութերը դիտելիս լսեցի Ադրբեջանի պատվիրակության անդամներից մեկի ելույթը, որն ամբողջությամբ նվիրված էր Հայաստանին ու Արցախին: Նա մեզ՝ հայերիս մեղադրում էր բոլոր տեսակի մեղքերի մեջ: Ուզում եմ շեշտել, որ այդ միջոցառմանը մասնակցում էին մոտավորապես 100 հոգի, շատ պատկառելի, տարբեր ազգային խորհրդարաններից ներկայացուցիչներ: Անհամբեր սպասում էի, թե Հայաստանից ո՞վ է արձագաքնելու, պատասխանելու, որովհետև նման խոսքը միջազգային խորհրդարանական հարթակներում անպատասխան թողնել չի կարելի:
Շատ կարևոր է մշտապես ադրբեջանցիներին պատասխանել, հակադարձել, «պորտները դեղը դնել», որպեսզի միջազգային հանրության մոտ չստեղծվի թյուր պատկերացում Հայաստանի, Արցախի հակամարտության խնդիրների մասին և այլն: Եվ ահա արձանագրեցի, որ Հայաստանի խորհրդարանից այնտեղ որևէ մեկը ելույթ չի ունեցել: Առաջ անցնելով ասեմ, որ չգիտեմ՝ այդ 100 մասնակիցներից Հայաստանից մարդ գրանցվե՞լ է, թե՞ ոչ, քանի որ մասնակիցների ցանկը տեսակոնֆերանսի պարագայում ամբողջությամբ չի երևում: Բայց անգամ եթե գրանցվել են, ադրբեջանական զառանցանքները մնացել են անպատասխան: Այս իրավիճակն ինքին զարհուրելի է, որովհետև երբեք խորհրդարանական վերհաժողովներում ադրբեջանցի պատվիրակների հակահայկական, հայատյաց ելույթներն անպաասխան չեն մնացել նախկինում և այս խորհրդարանի սրբազան պարտքն էր շարունակել 2018 թվականի դեկտեմբերից, դե յուրե 2019 թվականի հունվարից, կատարել այն աշխատանքը, որը կատարում էին նախորդ խորհրդարանականները, այն է՝ ներկայացնել ազգային ու պետական շահերն արտերկրում:
Իրավիճակին լրացուցիչ դառնություն էր հաղորդում այն հանգամանքը, որ Ադրբեջանի պատվիրակության կողմից մասնակցում էր մի տխրահռչակ պատգամավոր՝ Թուրալ Գանջալիևը, որը սեփական երկրում և արտերկրում ներկայանում է որպես ԼՂ «ընտրյալ ներկայացուցիչ», այո, մի զարմացեք, նա այդպես է ներկայանում: Ադրբեջանը օգտվելով խորհրդարանի անգործությունից, Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, անզուսպ և հանցավորության աստիճանի անգիտակից որոշ հայտարություններից, այսքան տարի աճեցնում է այսպես ասած ԼՂ «ադրբեջանական համայնք» հասկացությունը»:
Միաժամանակ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Գանջալիևը շատ ագրեսիվ հակաքարոզչություն է տանում Հայաստանի և Արցախի դեմ, բավական է թերթել տարբեր աղբյուրներ և արդեն պարզ է դառնում, որ վերջինս պարբերաբար հանդիպումներ է ունենում Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ և ներկայանում որպես ԼՂ «ադրբեջանական համայնքի» ղեկավար: Երբ այդ հանդիպումների մասին բարձրաձայնվում է, փորձագիտական շրջանակները բավականին բուռն են արձագանքում, բացի ՀՀ իշխանություններից, քանի որ ըստ Ա. Աշոտյանի, իշխանություններին նման հարցեր չեն հետաքրքրում:
«Նորից եմ կրկնում՝ սպասում էի, որ ադրբեջանցի պատվիրակին կհակադարձի Հայաստանի խորհրդարանից որևէ ներկայացուցիչ, բայց նման բան չեղավ և այս բոլոր զավեշտալի մեղադրանքները, որոնք հնչեցին մեր հասցեին, հերթական անգամ մնացին անպատասխան: Անկեղծ ասած՝ չեմ զարմանում, որովհետև դեռևս անցած տարի մասնակցել եմ մի կոնֆերանսի, որտեղ անձամբ տեսել եմ, թե ինչպես է աշխատում, իսկ ավելի շուտ չաշխատում մեր խորհրդարանական պատվիրակությունը: Անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր ղեկավարում այդ պատվիրակությունը, բայց պատվիրակությանը դա չէր ստիպում գոնե մի քիչ արդարացնել այն հսկայական բյուջետային ծախսերը, որպեսզի գան հասնեն Մոսկվա, մնան ամենաթանկանոց հյուրանոցում և այլն»,- հավելել է Արմեն Աշոտյանը:
Զվարթ Խաչատրյան
Հ. Գ. ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամները 168.am-ի գրավոր հարցերին պատասխանելուց անմիջապես հետո, այն կներկայացնենք մեր ընթերցողներին: