«Եթե այդպես շարունակվի, մենք այլևս Սևանը կկորցնենք». բնապահպանը՝ Սևանի խնդիրների մասին
ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից ստացված տվյալների համաձայն՝ Սևանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 11-ի դրությամբ գտնվում է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ գրանցված նիշը 3 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում կարևորեց մակարդակը բարձրացնելու խնդիրը, սակայն ուշադրություն հրավիրեց Սևանին սպառնացող այլ խնդիրների վրա ևս:
«Կարևոր է բարձրացումը դիտարկել ամեն տարի. մենք նայում ենք հունվարի 1-ից հունվարի 1-ը: Վերջին տարիներին Սևանի բարձրացում չենք ունենում, և նույնիսկ հակառակը՝ մի քանի սանտիմետրով իջել էր: Լավ է, որ բարձրացել է: Կարևորը՝ հետո պահպանել, մեծ ջրառ չիրականացնել»,- նշեց Կ. Դանիելյանը:
Ըստ բնապահպանի՝ կարևոր է նաև ոռոգման համակարգի խնդիրը, ինչի պատճառով լինում են հսկայական կորուստներ.
«Փոխանակ կարգի բերել ոռոգման համակարգը, լրացուցիչ ջրառ է արվում Սևանից. հույս ունեմ, որ գուցե այս տարի չի լինի այդ երևույթը՝ գոնե այն մասշտաբներով, որ եղել է: Մակարդակը բարձրացնելը շատ-շատ կարևոր է, բայց կարևոր է նաև աղտոտված ջրերի հոսքը դեպի Սևան կտրուկ կրճատելը, որովհետև այդ ծաղկումը, որ մենք վերջին երկու տարվա ընթացքում մասշտաբային ունեցել ենք, ճահճացման ցուցանիշ է, և եթե այդպես շարունակվի, մենք այլևս Սևանը կկորցնենք ուղղակի: Շատ արագ պետք է իրականացնել այդ երկու գործընթացը՝ գործարկել մաքրման կայանները և մակարդակի բարձրացումը»:
Հարցին՝ արդյոք կառավարության համար լսելի՞ են բնապահպանների բարձրաձայնած մտահոգությունները, Կարինե Դանիելյանը պատասխանեց.
«Սևանի հետ կապված երկու հանձնաժողով էր գործում՝ մեկը՝ կառավարությունում, մեկը՝ նախագահին առընթեր, մենք այնտեղ քննարկումներ էինք ունենում, հիմա նման հանձնաժողովները վերացել են: Օրինակ, 2008թ.-ին մենք դժգոհ էինք, որ Սևանից խիստ մեծ քանակությամբ ջուր բաց թողնվեց էներգետիկ նպատակով, մեր դժգոհությունն արտահայտեցինք կառավարությունում և Ազգային ժողովում: Որոշվեց ստեղծել նախագահին առընթեր հանձնաժողով՝ Վլադիմիր Մովսիսյանի ղեկավարությամբ, ինչը շատ մեծ օգուտ տվեց Սևանին. և՛ մակարդակը սկսեց բարձրանալ, և՛ միջոցառումները սկսեցին իրագործվել: Կարծում եմ՝ նպատակաուղղված հանձնաժողովները, ինչպես առաջ կային՝ անտառների հետ կապված, Սևանի հետ կապված և այլ, դրանք անհրաժեշտ են»,- ասաց Կ Դանիելյանը և հավելեց, որ այսօր քննարկումների համար հարթակը մնացել է Հանրային խորհուրդը, որի գործունեությունը կարանտինի պատճառով դժվարացել է: