Բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր են բացահայտվել
Ապրիլի 15-ին, ժամը 21-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի բնակարաններից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկված է: Ամենայն հավանականությամբ, փորձել էին տնից գողություն անել:
Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց` տանտերերն արտասահմանում են, իսկ հյուրասենյակի պատուհանի ճաղավանդակը զոդման հատվածից պոկված է:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Մայիսի 19-ին նշված բնակարանից, գողություն կատարելու կասկածանքով, Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցից ոստիկանության Հրազդանի բաժին բերման ենթարկվեց նույն փողոցի 36-ամյա մի բնակիչ:
Նա խոստովանել է, որ ապրիլի սկզբին տեղահան է արել պատուհանի ճաղավանդակը և բնակարանից հափշտակել թանկարժեք ալկոհոլային խմիչքներ:
Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Իրավապահները պարզել են նաև, որ կասկածվողն ապրիլին նույն շենքի մեկ այլ բնակարանից ևս նույն եղանակով փորձել է գողություն անել, սակայն ինչ-ինչ պատճառով գործն ավարտին հասցնել չի կարողացել:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: