Ո՞վ պետք է մտածի բյուջեի «անպետք» ծախսերը կրճատելու կամ վերանայելու մասին. ո՞ւր մնաց ժողովրդի իշխանությունը, որը եկել էր ժողովրդին ծառայելու
Կառավարությունը պատրաստվում է մոտ 500-550 մլն դոլարի լրացուցիչ պարտք վերցնել՝ պետական բյուջեում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար։ Բայց, չգիտես ինչու, չի մտածում բյուջեի առանձին ծախսեր կրճատելու կամ վերանայելու մասին։ Որ բյուջեում բազմաթիվ «անպետք» ծախսեր կան, որոնք կարելի է ուղղակի չանել, կասկած չկա։
Ասենք՝ նույն պարգևավճարները։
Խոսքն առաջին հերթին՝ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին է։ Երբ բյուջեի եկամուտներն ավելանում էին, դեռ ինչ-որ տեղ կարելի էր ըմբռնումով մոտենալ կառավարության առատաձեռնությանը սեփական թիմի նկատմամբ։ Հիմա բյուջեն կանգնած է եկամուտների բավական մեծ ճեղքվածքի առաջ, բայց իշխանություններն էլի շարունակում են պետության հաշվին իրենց առատորեն պարգևատրել։
Ճիշտ է, վարչապետի աչքին բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարները մեծ գումարներ չեն, տարեկան ընդամենը 1 մլրդ դրամ։ Սակայն այդ գումարով կարելի է 1 ամիս, ասենք՝ 10.000 կարիքավոր ընտանիքի 100.000 դրամի չափով օգնություն տրամադրել։
Սա՝ դեռ միայն բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասով։ Իսկ եթե հաշվի առնենք ընդհանրապես բոլոր պարգևավճարները, ապա կստացվի ահռելի մեծ գումար։ Ու եթե կառավարությունը բարի լիներ հրաժարվել դրանցից, գոնե այս ճգնաժամային իրավիճակում, երբ բազմաթիվ քաղաքացիներ օրվա հացի կարիք ունեն և առաջիկայում շարունակելու են ունենալ, ապա հանգիստ կարելի էր տասնյակ-հազարավոր կարիքավորների առնվազն մի քանի ամիս գոնե հացի փող տալ։
Բայց կառավարությունն այդպես չի մտածում։ Ու շարունակում է նույն կերպ պարգևավճարներ բաժանել, ինչպես բաժանում էր ճգնաժամից առաջ։
Իսկ ո՞ւր մնաց ժողովրդի իշխանությունը, որը եկել էր ժողովրդին ծառայելու։ Հիմա այդ ժողովրդի մի մասը սոված է, իսկ մյուս մասը վայելում է պետության փողերը։
Իհարկե, բյուջեի ծախսերը վերանայելու շատ տեղեր կան։ Այնպես չէ, որ միայն պարգևավճարներն են ավելորդ։
Այլևս պարզ է, որ նախապես պլանավորված արտասահմանյան գործուղումների մեծ մասը՝ սահմանների փակ լինելու հետևանքով չի կայանալու։ Չնայած, եթե անգամ նման խնդիր չլիներ, հանգիստ կարելի էր հրաժարվել դրանցից։ Առանց այդ էլ պետության հաշվին կազմակերպվող գործուղումները շատ դեպքերում վերածվում են պարզապես տուրիստական այցերի՝ ոչինչ չտալով երկրին ու հասարակությանը։
Օրինակներ շատ կան։ Վկա նաև Հայաստանի դիրքերն արտաքին աշխարհում, նույնիսկ գործընկեր երկրների հետ հարաբերություններում։ Այդ թվում՝ թե՛ քաղաքական, և թե՛ տնտեսական հարթության մեջ։ Ու չնայած դրան՝ անցած տարի կառավարությունը մի քանի անգամ վերանայեց և ավելացրեց պաշտոնական պատվիրակությունների արտասահմանյան գործուղումների համար նախատեսված բյուջետային միջոցները։
Կրճատման ենթակա են նաև ներկայացուցչական ծախսերը, որոնք պակաս փոքր գումար չեն կազմում բյուջեում։ Այս տարի նման ծախսերի կարիք գրեթե չի լինելու։ Ուստի դրանք ևս պետք է վերանայվեն։ Վերանայվեն և ուղղվեն այլ՝ ինչպես սոցիալական, այնպես էլ՝ տնտեսական ծրագրերի իրականացմանը։
Վերանայման ենթակա ծախսեր բյուջեում շատ կան։ Այլ բան է, երբ դրանք նախատեսվում են մի իրավիճակում, այլ բան է, երբ հետո իրավիճակը կտրուկ փոխվում է։ Այդ պայմաններում պետք է փոխել նաև բյուջեի նպատակները։ Ասենք՝ զարգացում ակնկալող բյուջեից հարկավոր է անցնել ճգնաժամային բյուջեի, որի նպատակը պետք է լինի երկրում սոցիալական լարվածության թուլացումն և տնտեսության անկման մեղմումը։ Այդ նպատակների իրականացման հիման վրա էլ պետք է վերանայվեն բյուջեի ծախսերը։
Բայց այդ մասին առայժմ ոչինչ չի խոսվում։ Ոչինչ չասվեց նաև Ազգային ժողովում բյուջեի վերանայման վերաբերյալ կայացած քննարկումների ժամանակ։
Ինչպես հայտնի է, այդ քննարկումների արդյունքում կառավարությունը ստացավ բացառիկ իրավունք՝ ինքնուրույն որոշելու այս տարվա բյուջետային քաղաքականությունը։ Ազգային ժողովն ինքնակամ իրեն դուրս դրեց այդ գործընթացից։ Հիմա կառավարությունը կարող է բյուջեի հետ վարվել այնպես, ինչպես ցանկանա։ Նման բան Հայաստանում երբևէ չէր եղել։
Թե ինչպե՞ս կվարվի կառավարությունը բյուջեի ծախսերի հետ, ժամանակը ցույց կտա։ Մի բան, ամեն դեպքում, կարծես հստակ է՝ չկա մտադրություն կրճատելու բյուջեի ծախսային մասը, ինչը, անշուշտ, հասկանալի է։
Ճգնաժամային իրավիճակներում, երբ նվազում է պահանջարկը, ծախսերի, այդ թվում՝ սոցիալական ծախսերի ավելացումը որոշակի խթան կարող է լինել տնտեսության համար։ Բայց դա չի նշանակում, թե պետք է պահպանել բոլոր այն ծախսերը, որոնք ի սկզբանե եղել են։ Կան ծրագրեր, որոնք ճգնաժամային իրավիճակներում կորցնում են իրենց արդիականությունն ու նշանակությունը։ Ուստի պետք է հնարավորինս արագ հրաժարվել դրանցից և ազատ միջոցներն ուղղել այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնց կարևորությունն ու էֆեկտիվությունը ճգնաժամային իրավիճակներում շատ ավելի մեծ է։
Բյուջեի ծախսերի վերաբաշխում՝ ճգնաժամին համահունչ, առայժմ տեղի չի ունեցել։ Նոր նպատակային ծրագրերի մասին ևս, որոնք կարող են տնտեսության մեջ խթաններ ստեղծել, խոսք չկա։
Այնպիսի տպավորություն է, որ կառավարության միակ հույսը կապիտալ ծախսերն են, որոնց միջոցով ակնկալվում է թուլացնել ճգնաժամի ազդեցությունը։ Որ կապիտալ ծախսերը լավ գործիք են դրա համար, այդպես էլ կա։ Բայց դա չի նշանակում, թե այդ ծախսերը կարելի է անվերջ ընդլայնել։ Առավել ևս, որ վերջին շրջանում այստեղ նոր խնդիրներ են ի հայտ եկել։
Անցած տարի կառավարությունը՝ իրենից գոհ, փոփոխություն կատարեց գնումների մասին օրենքում։ Ներմուծվեց 110 տոկոսով գնման պայմանագրի ապահովում՝ բանկային երաշխիքի տեսքով ներկայացնելու պահանջ, ինչը հավելյալ բարդություն և ֆինանսական բեռ է պետական գնումների մասնակիցների համար։ Առանց այդ էլ, նոր իրողությունների պայմաններում այստեղ խնդիրների պակաս չկար։ Թերևս, դա է պատճառը, որ շատերն աշխատում են հեռու մնալ պետական գնումներից։ Զարմանալի չէ, որ հայտարարվող շինարարական աշխատանքների մրցույթները հաճախ չեն կայանում, որովհետև մասնակիցներ չեն ունենում։
Կառավարությանն առայժմ չի հաջողվում այս գործընթացը բերել աշխատանքային դաշտ։ Ինչի հետևանքով էլ նախատեսված կապիտալ ծախսերն էապես շեղվում են ծրագրից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ