
«Հրաչ ջանը» սպասում է նոր պաշտոնին

2023 թ. նոյեմբերի 6-ին Վաչե Վանիկի Մարգարյանը դարձավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:Վաչե Մարգարյանը վերջապես ստացավ «հալալ քրտինքով վաստակած» առաջխաղացումը: Ճիշտ է, մի փոքր ձգվեց, մոտավորապես 5 տարվա չափ, բայց ամեն դեպքում ստացավ խոստացվածը:
Հիշեցնենք՝ Վաչե Մարգարյանն այն «Հրաչ ջանն» էր, ով ՀՔԾ (ներկայումս՝ Հակակոռուպցիոն կոմիտե) նախկին պետ Սասուն Խաչատրյան-Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյան հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցի մեջ, ուզած-չուզած՝ կալանքը պետք է տար:
2018թ. սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց Սասուն Խաչատրյան-Արթուր Վանեցյան բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսված հեռախոսազրույցը, որի բովանդակությունը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ քաղաքական իշխանության հրահանգն էր:
Նշված ձայնագրությանմեջ, խոսելով Մարտի 1-ի գործի և Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Սասուն Խաչատրյանին ասում է.
«Ինձ դատավորը զանգեց, մի քիչ վախեցած ա, Հրաչ, հա՞, Հրաչ էր անունը: Մի խոսքով` ով որ կալանքը պիտի տա: Թե բա՝ պարոն Վանեցյան, պիտի մի հատ հիմքերը նայեմ: Ասի՝ նայի, կզանգես, բայց կալանքը, ուզես-չուզես, պիտի տաս»:
Հատկանշական է, որ գաղտնալսման հաջորդ հատվածում Արթուր Վանեցյանն ընդդիմանում է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորմանը՝ նշելով, որ դա անել չի կարելի, նախ՝ որովհետև դա հարված է ՀԱՊԿ իմիջին, և ապա՝ ռուսական կողմը զգուշացրել է Խաչատուրովին կալանավորելու անթույլատրելիության մասին:
Հետո պիտի պարզվեր, որ Հրաչն իրականում Հրաչ չէր, այլ Վաչե Մարգարյան, ով հեռախոսազրույցի տարածման հաջորդ օրն ասաց՝«ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:
168.am-ի տեղեկություններով, սակայն, Վաչե Մարգարյանի ծառայողական թռիչքն այսքանով չի սահմանափակվում, և մոտ մեկ ամսից իր պաշտոնավարումը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում ավարտող Մխիթար Պապոյանին կփոխարինի հենց նա: Այսինքն ՝ Վաչե Մարգարյանը կդառնա Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:
Ինչ խոսք, ընդամենը 2017թ. դատավոր նշանակված և 8 տարվա ընթացքում դատարանի նախագահի աթոռին հասնելը տպավորիչ է, հատկապես, երբ կարիերայիդ ընթացքում ունեցել ես վերոնշյալ տպավորիչ դրվագը: