
Էս ուր ենք հասել, էս ինչ հատակ ենք իջել, լավ, ինչքա՞ն․ Նարեկ Գալստյան

Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, 24News.am լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կարդում եմ իշխող զույգի գրառումներն ու սարսափում, թե էս ուր ենք հասել, էս ինչ հատակ ենք իջել: Երևի հատակն էլ դեռ վերջը չի, ծակելու են ու ավելի խորը մտնեն: Մի նախադասության մեջ ամեն տեսակի աղբից մի մասնաբաժին կա՝ տարրական անդաստիարակությունից մինչև սպառնալիքներ, ատելության խոսքից մինչև բախումների տանել: Ամեն ինչ քանդեցին, ամեն ինչ ավիրեցին, ոչ մի սրբություն չթողեցին ու դեռ շարունակելու են: Իրենց հետ, սակայն, ամեն ինչ վաղուց պարզ է, ամեն ինչ հասկանալի…
Իսկ թե ինչ են անում ազգին առաջնորդելու կոչված քաղաքական գործիչները, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Էլ ի՞նչ աղետի պետք է հասնենք, որ հասկանաք, թե էդ անտեր «տորթը» կիսելու ժամանակը չի, որ վաղը «տորթ» չի լինելու, որ վաղն էլ ոչինչ չի լինելու կիսելու: Գիտեմ, որ էմոցիոնալ է գրառումս ստացվում, բայց էլ դիմանալու չի, էլ լռելու չի, էլ հասկանալու չի: Արցախը ընկավ՝ իրար կերաք, Եկեղեցին ոչնչացնում է՝ իրար եք ուտում: Լավ, ինչքա՞ն…
Պատկանյանի այս տողերը հիշեցի, հատկապես այս քառատողը…
Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծաւոր,
Անուն յաղթողի ունես փառաւոր.
Բայց թէ թըրէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան»։