««Ucom»-ի տնօրենի համակարգիչը «շատ պատահական», «շատ հարմար պահի» առգրավվեց». Արա Խաչատրյանի բնակարանի և մեքենայի խուզարկության որոշման դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացվել

«Ucom» ընկերության նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և ավտոմեքենայում մայիսի 2-ին Ազգային անվտանգության ծառայության իրականացրած խուզարկության և դատարանի կայացրած որոշման դեմ Արա Խաչատրյանի փաստաբան Արամ Օրբելյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան:

«Դատարանի՝ խուզարկության որոշման մեջ չի պահպանվել պատճառաբանության, հիմնավորման, հիմնավորվածության այն ստանդարտները, որը առկա է Սահմանադրությամբ, ՄԻԵԴ պրակտիկայով և նաև մեր Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշմամբ: Այսինքն՝ որոշումը տրված է ընդհանրական, տեքստը կարդալուց որևէ կերպ պարզ չի դառնում, թե ինչ փաստական հանգամանքների հիման վրա է դատարանը եկել եզրահանգման, որ Արա Խաչատրյանի տանը պետք է իրականացնել խուզարկություն, ի՞նչ հանգամանքների հիման վրա է եկել ենթադրության, որ պետք է Արա Խաչատրյանի ավտոմեքենայում իրականացնել խուզարկություն, և հստակ չի ընդհանրապես, թե ինչ են փնտրում, որովհետև կան ընդհանրական ձևակերպումներ»,- 168.am-ին ասաց Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին իրականացրած խուզարկության արդյունքում ԱԱԾ աշխատակիցները Արա Խաչատրյանի մեքենայից առգրավել էին մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև վերջինի աշխատանքային համակարգիչը: Փաստաբան Արամ Օրբելյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, թե գործընթացում մի շարք խնդիրներ կային, ինչպես, օրինակ, որ դատարանի որոշման մեջ այլ մեքենայի համար էր գրված եղել, այնպես էլ խուզարկության որոշման մեջ առկա ձևակերպումները: Փաստաբանի խոսքով՝  դատարանի որոշման մեջ նշված է, որ խուզարկություն իրականացնողները կարող են առգրավել էլեկտրոնային փաստաթղթեր կամ թղթապանակներ, այնինչ, Ա. Օրբելյանի փոխանցմամբ, առգրավվել է համակարգիչը, ինչը դատարանի ձևակերպումից չէր բխում:

Փաստաբանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերջնականացնում է խուզարկության ընթացքում քննիչի գործողությունների դեմ բողոքը, որն Օրբելյանը պատրաստվում է ուղարկել դատախազություն:

«Քննիչը, ըստ էության, առգրավել է որոշ նյութեր, տվյալ դեպքում՝ համակարգիչը, որի իրավունքը չուներ՝ երկու շատ պարզ պատճառով: Նախ, որ համակարգիչ կամ ընդհանրապես տեխնիկա նախատեսված չի եղել դատարանի որոշմամբ, երկրորդ, որ մեքենան եղել է այլ մեքենա, առնվազն՝ որոշման մեջ նշված է եղել այլ մեքենայի համար: Դրանց մի մասը մատնանշել եմ նույն օրը քննարկման ժամանակ, մի մասն էլ, ավելի հիմնավորված՝ արդեն դատախազին ուղղված քննիչի գործողությունների դեմ բողոքն է:

Ի հավելումն ամեն ինչի, դա «Ucom» ընկերության տնօրենի համակարգիչն է, որը,  ըստ էության, «շատ պատահական», «շատ հարմար պահի» առգրավվեց, որի մեջ ընկերության գործունեության ստաբիլացման որոշակի փաստաթղթեր կային: Դա այն խնդիրն է, որը, ըստ էության, հիմք է հանդիսացել, որպեսզի մենք քննիչի գործողությունները բողոքարկենք դատախազին, որից հետո, եթե չբավարարվի, բողոքարկենք դատարան: Ես հույս ունեմ՝ դատախազը կբավարարի, և համակարգիչը կվերադարձվի»,- ասաց Արամ Օրբելյանը:

Տեղեկացնենք, որ Արա Խաչատրյանը մայիսի 7-ին ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում հրավիրվել էր ԱԱԾ հարցաքննության՝ վկայի կարգավիճակով:

Նշենք նաև, որ «Ucom» ընկերության շուրջ զարգացումները կապվում են  ապրիլի 28-ին ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Ucom» ընկերության տնօրենների  խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի արած հայտարարության հետ, ըստ որի՝  բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով իր առջև «Ucom»-ն օտարելու ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել։

«Տեսնելով, որ սաբոտաժն արդյունք չի տվել, և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել «Ucom»-ն օտարելու, իսկ չհամաձայնելու դեպքում,  հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարել էր Խաչատրյանն ու նշել, որ  ճնշումներին տեղի չենք տալու, ու  «Ucom­»-ը չի վաճառվելու։

Այդ հայտարարությունից հետո  վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որտեղ  նշել էր, որ «Ucom» ընկերության բաժնեմասերի օտարումը ՀՀ օրենսդրությամբ հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ:

Դրանից հետո՝ ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է՝ փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու Քրեական օրենսգրքի հոդվածով։ Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանն աջակցել է կաշառք ստանալուն։ Մեղադրանքը լրացնելուց հետո ԱԱԾ-ն միջնորդել է կալանավորել Գուրգեն Խաչատրյանին, իսկ մայիսի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարել էր ԱԱԾ՝ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը:

Գուրգեն Խաչատրյանն այս պահին կալանավորված չէ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Տեսանյութեր

Լրահոս