Արա Խաչատրյանի բնակարանի խուզարկությունը տեղի է ունեցել Ucom-ի շուրջ քննարկումների ֆոնին. փաստաբան

«Ucom» ընկերության նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում ԱԱԾ աշխատակիցները առգրավել են մի շարք փաստաթղթեր և աշխատանքային համակարգիչը: Արա Խաչատրյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ գործընթացում մի շարք խնդիրներ կային, ինչպես, օրինակ, դատարանի որոշման մեջ այլ մեքենայի համար գրված լինելը, այնպես էլ խուզարկության որոշման մեջ առկա ձևակերպումները, մասնավորապես, նշված է, թե կարող են առգրավել էլեկտրոնային փաստաթղթեր կամ թղթապանակներ, այնինչ, փաստաբանի փոխանցմամբ, առգրավվել է համակարգիչը, ինչը դատարանի ձևակերպումից չի բխում:

«Այս ամբողջը տեղի է ունենում Ucom ընկերության շուրջ այս քննարկումների ֆոնի վրա: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ սա գործընթաց է՝ ուղղված Ucom-ի առկա բաժնետերերի վեճին, կամ մենեջմենթի վեճի հետ է կապված: Հաշվի առնելով նաև վարչապետի խոսնակի հայտարարությունը, որ պետք է առգրավվի, բռնագրավվի, մուծվի պետբյուջե»,-ասաց Արամ Օրբելյանը՝ նշելով, որ իր ենթադրությամբ խուզարկությունը կապված էր Գագիկ Խաչատրյանին առնչվող գործին, բայց այլ մանրամասներ փաստաբանը հայտնել չկարողացավ:

«Ինչքանով էր հիմնավորված այս խուզարկությունը, ինչքանով էին այդ փաստաթղթերը կապված այն գործերի հետ, որի շրջանակներում որոշումները տրվել են, կդժվարանամ ասել: Առաջին հայացքից խնդիրներ տեսնում ենք, որ սա որոշակիորեն կապված է սեփականության վերաբաշխման կամ պետության միջամտությանը մասնավոր ձեռնակություների աշխատանքին և կորպորատիվ վեճերին: Եթե սա չհաջորդեր վարչապետի խոսնակի հայտարարությանը, և նա  չհաստատեր, որ դա պաշտոնական է, այլ ոչ թե իր անձնական կարծիքն է, որպես քաղաքացի՝ կարող էր կարծիք հայտնել իր ֆեյսբուքում, կարելի էր այլ բան մտածել, բայց այս ֆոնի վրա, երբ առկա է վեճ «Ucom»-ում, այն էժան ձեռք բերելու հարց կա, երբ տնօրեն է նշանակվում, ով փորձում է կարգավորել այս գործընթացները, և իր աշխատանքային համակարգիչն առգրավում են, այն դեպքում, երբ ասում ենք՝ «ինչ ֆայլեր են պետք, վերցրեք, համակարգիչը թողեք, որ կարողանան աշխատանքը շարունակել», ասում են՝ կգաք ֆայլերը կվերցնեք միջից, սա հիմնավոր կասկածներ ու մտավախություն է առաջացնում, որ գործընթացն  ուղղված է «Ucom»-ում առկա խնդիրների կանոնակարգմանը»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով իր առջև «Ucom»-ն օտարելու ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել։

«Տեսնելով, որ սաբոտաժն արդյունք չի տվել, և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնելու դեպքում, հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարել էր Խաչատրյանն ու նշել, որ  ճնշումներին տեղի չենք տալու, ու  «Ucom­»-ը չի վաճառվելու։

Այդ հայտարարությունից հետո  վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որտեղ  նշել էր, որ «Ucom» ընկերության բաժնեմասերի օտարումը ՀՀ օրենսդրությամբ հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ:

«Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե»,- ասված էր հայտարարության մեջ:

Փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ հեռահաղորդակցության ոլորտի բջջային օպերատորի  բաժնեմասերի վաճառք իրականացնելու գործում կա մեկ նախարարության և ՏՄՊՊՀ-ի, այլ ոչ թե՝ կառավարության համաձայնության անհրաժեշտությունը:

«Խնդիրն այն է, որ մամուլի խոսնակն ասել է, որ դա համաձայնեցված է վարչապետի հետ, հայտարարում է, որ առանց իրենց համաձայնության՝ չի կարող գործարք լինել ՀՀ-ում: Զուտ երևույթն ամենազորության պնդում է: Հետո ասում են, որ դա կթույլատրենք, եթե գումարը գնա պետական բյուջե: Տրվում է վերդիկտ, որ գույքը և բաժնետոմսերն ապօրինի են: Հիշեցնեմ՝ ցանկացած գույք համարվում է օրինական, քանի դեռ չի ապացուցվել դրա ապօրինությունը: Հետևաբար՝ նման պնդում անել, որ համաձայնություն կտանք, եթե գումարը գա պետական բյուջե, այսինքն՝ տեսնում ենք հստակ մոտացում գործարքի շահագրգռվածության,  գործարքի մասին տեղեկատվություն ունենալու, գործարք անել-չանելու մասով: Այս բոլորը հիմնավոր մտահոգություն է առաջացնում, որ Կառավարությունը ներգրավված է նման գործընթացներին»,- ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:

Հարցին, թե արդյո՞ք կառավարության այս պահանջ-առաջարկն ընդունելի է Խաչատրյանների կամ ընկերության մյուս բաժնետերերի համար, Օրբելյանն ասաց.

«Ինձ համար ընդունելի չէր լինի: «Ucom»-ի շրջանակներում բաժնետոմսերը վաճառողների համար ևս, կարծում եմ, ընդունելի չի լինի: Բաժնետերերը միայն Խաչատրյանները չեն, կան մի շարք այլ բաժնետերեր, օտարերկրյա ներդրողների համար հաստատ անընդունելի է լինելու այդ վաճառքը: Երևույթը, որ Կառավարությունը կարող է նման պնդում անել, արդեն իսկ անընդունելի է»:

Արամ Օրբելյանի փոխանցմամբ՝ Արա Խաչատրյանի բնակարանում խուզարկության որոշումը պատրաստվում են բողոքարկել:

Տեսանյութեր

Լրահոս