«Այս գործընթացի մեջ երկու հիմնական մեծ խնդիր կա». Արամ Օրբելյան

168.am-ը տեղեկացրել էր, որ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ առանց դատարանի պատշաճ թույլտվության` իրավապահները խուզարկություն են իրականացնում ընկերության նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և բացի իր գրառման մեջ նշած առգրավված փաստաթղթերից, նաև նրա մեքենայի բեռնախցիկից  Ucom ընկերության ռազմավարությանը վերաբերող փաստաթղթեր են վերցրել:

Փաստաբանական թիմի ներկայացուցիչ Արամ Օրբելյանից փորձեցինք ճշտել, թե խոսքն ինչ ապօրինությունների մասին է:

«Այս գործընթացի մեջ 2 հիմնական մեծ խնդիր կա: Աառաջինն այն է, որ դատարանի որոշման մեջ, որով խուզարկություն են իրականացրել, Արա Խաչատրյանի մեքենայի համարը սխալ է գրված: Այսինքն` տեխնիկական սխալ է, բայց նշանակություն չունի. Սխալը սխալ է իրավական տեսանկյունից, ինչը նշանակում է, որ մեքենայից վերցված բոլոր փաստաթղթերն ընդհանրապես թույլատրելի չեն ի սկզբանե»,-ասաց Արամ Օրբելյանը:

Վերջինս նշեց, որ դրա մասին իրենք տեղեկացրել են քննիչներին, խուզարկություն իրականացնող անձանց, ովքեր մի 5 րոպե խորհրդակցելուց հետո եկան ու որոշեցին ամեն դեպքում վերցնել փաստաթղթերը:

Ինչ վերաբերում է երկրորդ խնդրին, Արամ Օրբելյանի տեղեկացմամբ` դատարանի որոշման մեջ արձանագրված չէ, որ կարող են համակարգիչ առգրավել:

«Գրված  է էլեկտրոնային թղթապանակներ և այլ իրեր: Այլ իրեր ասելիս հաստատ հնարավոր չէ հասկանալ համակարգիչը: Իրավական տեսակետից չի կարող բլանկետային սանկցիա լինել: Իսկ էլեկտրոնային թղթապանակը համակարգիչը չէ, դա ֆայլն է»,-նշեց Արամ Օրբելյանը` հավելելով, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ դատարանն իր որոշման մեջ, եթե նկատի է ունենում համակարգիչ, հենց այդպես էլ գրում է:

Փաստաբանի խոսքով` իրենք դա էլ են մատնանշել, բայց ամեն դեպքում հանակարգիչը վերցրել են:

Տեսանյութեր

Լրահոս