«Կարծում եմ՝ կողմերը խոսել են մի թեմայից, որի վերաբերյալ ընդհանուր հայտարարի չեն եկել, որն էլ պայթեց ԱԺ նիստերի դահլիճում». Քաղտեխնոլոգ
«Կարծում եմ՝ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած միջադեպից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության քայլերը բավականին ադեկվատ պետք է լինեն միջադեպի կարևորությանը: Այսինքն՝ սա, նախ և առաջ՝ ունի քաղաքական և իմիջային նշանակություն: Այս առումով, կարծում եմ՝ ԼՀԿ-ի դիրքորոշումը բավականին կտրուկ պետք է լինի: Ըստ այդմ, այն երկչոտ դիրքորոշումները, որոք հիմնականում բնորոշ են լինում մեր ներքաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածին, մասնավորապես՝ խորհրդարանական ընդդիմությանը, կարծում եմ, որ գոնե այս անգամ բավականին պետք է կտրուկ լինեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստերի դահլիճում բանավեճ տեղի ունեցավ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանի և Էդմոն Մարուքյանի միջև, որին միջամտեց Սասուն Միքայելյանը, և տեղի ունեցավ ծեծկռտուք: ԱԺ նախագահը նիստը մի քանի ժամով ընդմիջեց, դրանից հետո Էդմոն Մարուքյանը վերադարձավ դահլիճ և հայտարարեց, որ իր խմբակցությունը լքում է նիստերի դահլիճը և սպասում, որ տեղի ունեցածին կտրվի քաղաքական գնահատական:
Հարցին՝ ո՞րը պետք է լինի ԼՀԿ-ի ադեկվատ քայլերից առաջինը, Վիգեն Հակոբյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ քաղաքական ինչ-որ զիջումների ակնկալիք կա, այսինքն՝ նախ և առաջ՝ պետք է լինի քաղաքական գնահատական: Վարչապետը միջադեպի առնչությամբ հայտարարեց, որ իրենց սադրել են և տարբեր առիթներով, երկու տարի է, սադրում են: Որպեսզի ԼՀԿ-ն վերադառնա և շարունակի մասնակցել նիստերին, նա պետք է հնարավորություն ունենա պահպանելու իր դեմքը: Իսկ դեմքը պահպանելու համար իշխանությունը պետք է գտնի ինչ-որ տարբերակ, որով շանս կտա, որպեսզի ԼՀԿ-ն վերադառնա: Իսկ վերադառնալու համար, ըստ էության, պետք է տրվի նոր քաղաքական գնահատական: Արդեն մեկը տրվել է, որ տեղի ունեցածը սադրանք էր ընդդիմության կողմից, և իշխանության միակ մեղքն այն է, որ տրվել է այդ սադրանքին: Այս գնահատականը ԼՀԿ-ին ձեռնտու չէ»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը:
Նրա կարծիքով՝ եթե լինի որևէ գործընթաց, ապա այն լինելու է բանակցային, որի արդյունքում կողմերից յուրաքանչյուրն ինչ-որ կերպ փորձելու է պահպանել սեփական դեմքը: Ժամանակային առումով, ըստ նրա՝ այս ամենն արագ չի լինելու, ուստի, եթե ներկայիս «ստատուս-քվոն» պահպանվի, հնարավոր է՝ ԼՀԿ-ն որոշ ժամանակ չմասնակցի ԱԺ նիստերին:
Ըստ քաղտեխնոլոգի՝ այս միջադեպից հետո ԼՀԿ-ն բավականին մեծ շանս ունի և՛ իմիջի կտրուկ անկում ունենալ, եթե նրա դիրքորոշումը հստակ չլինի, և՛ հակառակը՝ կարող է բավականին լուրջ ձեռքբերումներ ունենալ, եթե իր ապագա քայլերը հստակ լինեն, որովհետև սկսվել է պայքար նաև ընդհանուր ընդդիմադիր դաշտում, որտեղ յուրաքանչյուր քաղաքական խաղացող ունենալու է իր շանսը: Ուստի, քաղտեխնոլոգի խոսքով՝ տվյալ պարագայում ԼՀԿ-ն հայտնվել է ուշադրության կենտրոնում, որտեղ ամեն ինչ կախված է նրա գործողություններից՝ կօգտվի՞ ընձեռված հնարավորությունից, թե՞ չի օգտվի, և դա կլինի բավականին լուրջ հարված նրա քաղաքական իմիջին և հեղինակությանը:
Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ վերջին շաբաթների ընթացքում բավականին նեգատիվ էր կուտակվել քաղաքական կողմերի միջև, որը և՛ ընթացող գործընթացների երևացող կողմն է, և՛ գուցե կան որոշակի երանգներ, որոնք դեռևս չեն երևում. դրանք ավելի խորքային են:
«Այս միջադեպից ընդամենը մեկ օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքը հայտարարեց, իր նախկին աշխատասենյակում հանդիպել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ: Ըստ պաշտոնական տեղեկատվության, որը տվել են կողմերը՝ քննարկել են Արցախի շուրջ ընթացող գործընթացները: Դրանից հետո Մարուքյանը հանդես եկավ Հանրային հեռուստաընկերությամբ և հայտնեց, որ իրեն բավարարել է վարչապետի կողմից տված տեղեկատվությունը՝ կապված Արցախի հարցի հետ: Թվում էր, թե հարաբերությունների հստակեցման, լավացման ինչ-որ նոր փուլ է սկսվելու, քանի որ կողմերն ինչ-որ ընդհանուր հայտարարի էին եկել:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ միայն դրա մասին չեն խոսել: Կարծում եմ՝ եղել են խոսակցություններ թե՛ ներքաղաքական զարգացումների շուրջ, թե՛ ԼՀԿ-ի մասնակցության՝ ինչ-որ գործընթացների: Գուցե եղել են նաև ինչ-որ խոսակցություններ՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով, գուցե եղել են նաև որոշակի պարտավորություներ, որոնք, թերևս, հնարավոր չի եղել կատարել այդ մեկ օրվա ընթացքում: Եվ այս ամենի արդյունքում իրավիճակը նման ձևով լարվել էր: Ի սկզբանե այնպիսի տպավորոթյուն էր, որ նյարդային իրավիճակ է, և ելույթների տոնայնությունն ի սկզբանե բավականին բարձր էր, կայծ էր պետք, որ ինչ-որ բան լիներ: Հետո արդեն բոլորս ականատես եղանք, որ հանդիպման երկու կողմերը բացվեցին ու ասացին, թե Արցախի հարցից բացի՝ ինչ հարցերի են անդրադարձել: Այսինքն՝ եղել է այլ թեմա, գուցե զգայուն թեմա՝ կապված ներքին քաղաքականության հետ: Կարծում եմ՝ կողմերը խոսել են մի թեմայից, որի վերաբերյալ ընդհանուր հայտարարի չեն եկել, որն էլ պայթեց ԱԺ նիստերի դահլիճում»,- հավելեց Վ. Հակոբյանը:
Անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին վարչապետի տված գնահատականին՝ քաղտեխնոլոգն ասաց, որ ակնհայտ էր, որ վարչապետն այդ ամենին կողմ էր, անգամ շատ բարեկամաբար դատապարտելով կուսակցին՝ Սասուն Միքայելյանին, քաղաքական գնահատականների առումով թիմակիցներին արդարացնում էր:
«Վարչապետն իր ելույթում պարզ խոսք ասաց, որ այդ ամենը սադրանք է եղել: Տվյալ դեպքում վարչապետը ոչ թե քաղաքական արբիտրի դեր էր խաղում, այլ շատ կոնկրետ կողմ էր տեղի ունեցածին: Այստեղ հասկանալի է, որ նա մարտնչող կողմն էր, ֆորմալ առումով կար հայտարարություն, որ բռնությանը դեմ են, բայց քաղաքական կիրառական գործիքակազմի առումով որևէ քայլ այդ ուղղությամբ չի արվել: Նաև քաղաքական առումով էմոցիոնալ այսպիսի բան արձանագրեց, որ տեղի ունեցածն իր պարտությունն էր, կարելի էր ենթադրել, որ մնացածը հաջողություն էր, իսկ սա՝ պարտություն: Այսինքն՝ վարչապետն այստեղ բավականին մեծ հնարքի գնաց»,- ասաց նա:
Հարցին՝ միջադեպը գրանցվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, և արդյո՞ք դա անհարգալից վերաբերմունք չէր վարչապետի և գործադիրի հանդեպ, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ արդեն իսկ պարզ է, որ այդ ամենը կոնկրետ հարվածում է վարչապետի հեղինակությանը:
«Չեմ կարող ասել, որ խորհրդարաններում երբևէ նման բան չի եղել, կարծում եմ՝ նման բաներ կրկին կլինեն: Ամեն դեպքում այսօրվա «Իմ քայլը» խմբակցությունում կան հավասարների մեջ ավելի հավասարներ, որոնք իրենց շատ ավելի ազատ են զգում և իրենց ձեռքերն ավելի ազատ են պահում, այդ թվում՝ վարչապետի ներկայությամբ: Նրանք ինչ-ինչ պայմաններից ելնելով՝ իրենց արտոնյալ են զգում՝ նախկին կամ ներկա իրենց արժանիքներից ելնելով կամ ընդհանուր գործում ինչ-որ ծառայություններից ելնելով: Կարծում եմ՝ վարչապետն էլ է գիտակցում, որ այս ամենն իր իմիջի համար բավականին շոշափելի հարված էր այն առումով, որ մինչ օրս հայտարարվում էր, որ հեղափոխությունից հետո խորհրդարանը բոլորովին այլ որակի է, որտեղ չկան կրիմինալներ, խուլիգանություններ և այլն: Բայց մի քանի վայրկյանում այդ իմիջը ոչնչացավ, գուցե վարչապետն ինչ-որ տեղ էլ անկեղծ ասաց, որ տեղի ունեցածն իր պարտությունն է: Վարչապետի մոտ գլխավոր խնդիրն այն է, որ իր թիմում արդեն ձևավորվում են հավասարների մեջ ավելի հավասարները կամ շատ ավելի հավասարները, որոնք կարող են ուշադրություն չդարձնել, թե ինչն է ավելի անհրաժեշտ»,- եզրափակեց նա: