«Դատապարտում եմ ինձ և սա համարում մեր և անձամբ իմ  ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդես եկավ ելույթով: Նա նախ՝ շնորհավորեց բոլորին Շուշիի հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև, իր խոսքով, 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխության 2-րդ տարեդարձի առիթով:

Ապա անդրադարձավ ժամեր առաջ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպին, որի նկատմամբ միանշանակ և աներկբա է իր վերաբերմունքը:

«Դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով: Բռնությունը լինում է ոչ միայն՝ ֆիզիկական, այլ նաև՝ բարոյական ու հոգեբանական: Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այս խորհրդարանը և այս մեծամասնությունը հետևողականորեն ենթարկվում է բարոյական բռնության: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ լուրերն են տարածում ԱԺ քաղաքական մեծամասնության պատգամավորի վերաբերյալ: Այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել  մեծամասնության և ժողովրդի միջև առկա  վստահությունը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ երեկ իրեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հրավիրել էր սուրճ խմելու, ընդունել է հրավերը  և ուղիղ ասել, որ ունի հիմքեր, որ Մարուքյանն ու նրա ողջ գործունեությունը հոգեբանական, բարոյական ու ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի անբաժանելի մասն է։

«Ես այսօր դիտելով  առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը՝ մի պարզ հարց եմ տալիս. միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այ էնտեղ (ձեռքով  ցույց է տալիս), իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողն այնտեղ կանգնած: Երբ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում՝ քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Բայց որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ Միքայելյանը տեղից վեր էր կացել, որտեղի՞ց վստահություն, որ նա ուղղակի վրդովմունքը ցույց տալով՝ դուրս չէր գալու այս դահլիճից:

Տեղի ունեցածն այլ կերպ, քան սադրանք, քստմնելի սադրանք, ես չեմ անվանել: Ես դատապարտում եմ իմ եղբորը, իմ ընկերոջը, որ մենք տրվում ենք սադրանքների, մենք իրավունք չունենք տրվելու սադրանքների, որովհետև  մեզ  անընդհատ ուզում են շեղել, դարձնել պադյեզդներում ծեծողներ, հավասարեցնել քիլերների, հանել հավասարակշռությունից: Այսօր Հայաստանում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական-քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից»,- ասաց  Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը  խոսեց նաև օրենքի և օրինականության տեսանկյունից և հիշեցրեց, որ Քրեական օրենսգրքում կաշառքը  համարվում է հանցագործություն, բայց կա նաև կաշառքի սադրանք, որը նույնպիսի հանցագործություն է:

«Այո՛,  ես դատապարտում եմ մեզ: Դատապարտում եմ ինձ և սա համարում եմ մեր և իմ՝ անձամբ, ամենամեծ պարտությունը, որ մենք  ունեցել ենք հեղափոխությունից հետո, բայց սա որևէ մեկին թող հուսավառ չանի, որովհետև՝ ես եմ ասում, բայց մենք հասկանանք՝ ես պարտվել եմ քանիցս ու տեսել քմծիծաղը ստի, բայց իմ կամքը ամուր է քարից էլ, իմ ոգին հանձնվել չգիտի: Այս ամեն ինչը կապ ունի  «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի և բազմաթիվ և բազմապիսի քրեական գործերի հետ, որովհետև այդ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են  իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները:

Այսօր բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, հոգեբանական բռնության է ենթարկվում հանրությունը, որովհետև  նրանք մեզ ուզում են դնել ընտրության առաջ՝ կամ մենք պետք է դառնանք  պադյեզդներում ծեծողներ, կամ մեր թիմակիցները պետք է պադյեզդներ չմտնեն: Թույլ չենք տա, այո, էդ պադյեզդներում ձեզ ասֆալտներին կպառկեցնենք: Թույլ չենք տա»,- ասաց  Փաշինյանը՝ բոլորին կոչ անելով գնալ և տեսնել, թե Էդմոն Մարուքյանը ժամանակին ինչպես է խոսել Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի հետ այս ամբիոնից և ինչպես է խոսում հիմա ժողովրդի իշխանության հետ:

«Բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, և այդ  միջադեպը այլևս երբեք չպետք է կրկնվի: Երկրում տեղի է ունեցել մասշտաբային փոփոխություն, որի ժամանակ բռնության դրսևորում որևէ մեկի նկատմամբ չի եղել, և միակ բռնության դրսևորման հեղինակը մեր քաղաքական թիմից եղել է Սասուն Միքայելյանը, որը պլաստիկե շիշն ուղղել էր դեպի տխրահռչակ Լևոն Երանոսյանը, և եթե այսօր Անդրանիկ Քոչարյանը «չզինաթափեր» Միքայելյանին, ապա միջադեպը դրանով էլ կավարտվեր: Այո՛, մենք այսօր պարտվեցինք, ես դատապարտում եմ, հարգելի պարոն Միքայելյան, Ձեզ, ինձ, մեզ, դատապարտում եմ ծառայության՝ ՀՀ ժողովրդին, Արցախի ժողովրդին և այն արժեքներին, որոնք դարձել են 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լոկոմոտիվ, տանող ուժը»,- ասաց  Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս