Բաժիններ՝

«Հայտարարությունը կոնկրետ փորձ էր, որպեսզի շեղեին հանրությանը Գավառի դեպքերից». Լուսինե Սահակյան

Այսօր տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։

Նշենք՝ ամիսներ առաջ նշանակված Գեղարքունիքի մարզային վարչության պետի հրաժարականը հաջորդեց Գավառի աղմկահարույց միջադեպին:

Հիշեցնենք, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում ապրիլի 28-ին հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով 2 հոգի մահացել էր, 4-ը՝ տեղափոխվել Գավառի հիվանդանոց:

Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, թե փոխհրաձգությունից հետո մի խումբ քաղաքացիներ փորձել են հաշվեհարդար տեսնել այդ հրաձգության մասնակից՝ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների նկատմամբ, և հարձակվել են Գավառի բժշկական կենտրոնի վրա:

168.am-ի խնդրանքով անդրադառնալով այդ միջադեպին ու հաջորդած իրադարձություններին՝ փատաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ մարզային ոստիկանության պետի պաշտոնից ազատումից զատ՝ պետք է լիներ նաև ՀՀ ոստիկանապետի հրաժարականը.

«Յուրաքանչյուր ժողովրդավար, առաջադեմ պետությունում ոստիկանապետը նույն օրը հրաժարական կտար. ոստիկանապետը, որը տեղում է եղել և չի կարողացել կանխել դա»:

Հարցին, թե իրադարձությունների շուրջ ՀՀ վարչապետի պահպանվող լռությունը որքանո՞վ է համարժեք իրավիճակին՝ փաստաբանը պատասխանեց.

«Խայտառակություն է լռությունը, աններելի է՝ այս պայմաններում, երբ ոստիկանությունը նման կերպ է արձագանքել իրավիճակին Գավառում, որովհետև նրանք այն գործողությունները, որոնք պետք է իրականացնեին, չեն իրականացրել, որի հետևանքով իրենց հսկողության տակ գտնվող անձանց կյանքին վտանգ է սպառնացել (գիտենք, որ պարանոցներն են կտրվել. հիմա այդ մարդիկ ողջ են կամ ինչ՝ չեմ կարող ասել, որովհետև իրարամերժ հայտարարություններ արվեցին, այդուհանդերձ, եթե նույնիսկ ողջ են, միայն այն, որ իրենց հսկողության տակ գտնվող անձանց կյանքին վտանգ է սպառնացել՝ արդեն իսկ խայտառակություն է):

Ոստիկանությունը չի կարող դա պայմանավորել նրանով, որ բազմամարդ են եղել, և այլն, որովհետև ոստիկանությունն իր ուժերը պետք է գնահատի, պետք է այնքան ուժ ներգրավեր, որ նման իրավիճակ չլիներ»:

Նա կատարվածի պատճառներին նույնպես անդրադարձավ՝ ասելով.

«Այս ամեն ինչը, իհարկե, գալիս է նրանից, որ երկրում անընդհատ բռնության կոչեր են արվում, նաև մարդիկ չեն տեսնում, որ խնդիրներն իրավական հարթության մեջ լուծումներ են ստանում: Քանի որ երկրի առաջին դեմքը «սամասուդերից» է խոսում, ուստի մարդիկ իրենց խնդիրները փորձում են իրենք կարգավորել. Դրա համար էլ իրավիճակն այսպիսին է»:

Ի դեպ, փաստաբան Լուսինե Սահակյանը, ով նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչն է, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի՝ Ա. Վանեցյանին ուղղված ապրիլի 29-ի ֆեյսբուքյան գրառումը նույնպես դիտարկում է Գավառի միջադեպի համատեքստում.

«Հայտարարությունը կոնկրետ փորձ էր, որպեսզի շեղեին հանրությանը Գավառի դեպքերից, և իրենք ոչնչի առաջ ուղղակի կանգ չեն առնում՝ կապ չունի իրենց համար, թե ինչ հայտարարություններով հանդես կգան, հանրությանն ինչով կզբաղեցնեն. այս անգամ էլ այսպիսի փորձ արվեց՝ այսպիսի սուտ տարածել»:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն ապրիլի 29-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե 2018-ի հեղափոխությունից հետո, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը տարբեր ընկերություններում իր փայաբաժինները հապճեպ վաճառել է: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինը, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»,- նշել էր խոսնակը:

Լ. Սահակյանը տեղեկացրեց նաև, որ վարչապետի խոսնակի գրառման վերաբերյալ քաղաքացիական հայց են ներկայացնելու ու լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս