Աջ ձեռքը չգիտի՞, թե ինչ է անում ձախը

Այսօր երկրում այնպիսի անհասկանալի մթնոլորտ է ստեղծվել, երբ ամենօրյա ռեժիմով ինչ-որ մի էքստրեմալ միջադեպի ականատես ենք դառնում։ Արդեն մի քանի օր է՝ ՀՀ-ում տեղի են ունենում չափազանց վտանգավոր երևույթներ, որոնք շատերն անմիջականորեն կապում են Նիկոլ Փաշինյանի «սամասուդի» կոչերի, երկու տարվա ընթացքում գեներացված ագրեսիայի և ատելության մթնոլորտի հետ։

Որպես հիմնավորում՝ վկայակոչում են այն, որ Հայաստանում երկրի թիվ մեկ պաշտոնյան իր «լայվերում» խոսում է մարդկանց տներից հանելու և «սամասուդ» անելու հնարավորության մասին։ Ստեղծված ատելության  արմատներն ագրեսիայի և թշնամանքի այն չափաբաժնի մեջ է, որը երկու տարի շարունակ ներարկվում է հասարակության մեջ։ Սա նաև հանրությանը տարբեր շերտերի բաժանելու երկարատև փուլի հետևանքն է։

Չնայած հնչող գնահատականներին և տարբեր քաղաքական գործիչների կողմից ներկայացվող մոտեցումներին՝ ունենք այնպիսի իրավիճակ, երբ ՀՀ քաղաքական ղեկավարությունը գործի է դրել տոտալ անտարբերության գործելաոճը։

Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում որևէ այլ կարծիք լսել, ընդունել սեփական սխալը կամ փորձել ուղղել դա։

Վստահաբար կարող ենք փաստել, որ արդեն ունենք մի այնպիսի իրականություն, երբ Նիկոլ Փաշինյանը Դոն Կիխոտի նման շարունակում է կռվել երևակայական հողմաղացների հետ՝ մշտապես շեղվելով իրական քաղաքական օրակարգից:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի անտարբերությունը պայմանավորված է նրանով, որ նա փաստացի ոչ մի ասելիք չունի և չի կարողանում կատարվածին տալ հստակ գնահատականներ։ Երկրում ստեղծված է անկառավարելի քաոս, երբ օրը ցերեկով մարդ են «մորթում» և գրոհում այն հիվանդանոցը, որտեղ այդ պահին գտնվում է ոստիկանապետը, կառավարական «դաչաներում», ըստ մամուլի հրապարակումների՝ փարթիներ են կազմակերպվում, ու ջահելական հրմշտոց կազմակերպում․ ինչպես քաոս չանվանել այն փաստը, երբ արտակարգ դրության պայմաններում տեղեկատվություններ են շրջանառվում արտակարգ դրության թիվ մեկ պատասխանատուի՝ պարետի, հրաժարականի մասին։

Նշված փաստերը միմյանց հետ համադրելով՝ ունենում ենք մոտավորապես հետևյալ կոլաժը․ Փաշինյանը գտնվում է քաղաքական փակուղու առջև, նա կորցրել է երկրում տիրող զարգացումների ընթացքը կառավարելու ղեկը, արտաքին ճակատում տեղի ունեցող դիվանագիտական «ապտակները», ինչպես նաև երեկ հայտնի դարձած ծխախոտային «կարտելի» դեպքը խոսում են միջազգային ձախողումների փաստի մասին։

Որոշակի հետհայացք գցելով պատմության քառուղիներին՝ ակամայից հիշում ենք, որ նմանօրինակ քաոտրիկ իրավիճակ տիրում էր նաև 1997-ի վերջերին, երբ երկրի ներսում տիրում էր անբռնազբոս իրադրություն․ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։

Բոլորս ենք հիշում, թե ինչ տեղի ունեցավ 97-ի վերջից հետո, 1998-ի փետրվարին հրաժարական տվեց երկրի նախագահը։

Պետք է փաստենք, որ, երբ հասարակությանը պառակտում ես յուրայինների ու թշնամիների, երբ ամենօրյա ռեժիմով ագրեսիա ու ատելություն ես տարածում, երբ խոսքդ կազմված է անընդունելի ու վիրավորական արտահայտություններից, երբ հանցագործներին պատերին ծեփելու փոխարեն՝ քաղաքական հակառակորդներին ես ծեփում ու փռում, արդյունքում՝ ունենում ես այն, ինչին ականատես ենք այժմ։

Եթե իշխանության աղբյուրը ոչ թե ժողովուրդն է, այլ ամբոխը, ապա տրամաբանական է, որ ամբոխավարի իշխանության պայմաններում ամբոխն իջեցվում է ոհմակի մակարդակի։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս