Մաքսազերծում չանցած մոտ 200 ավտոմեքենա հին դրույքաչափերով մաքսազերծվելու հնարավորություն կստանա
Պետեկամուտների կոմիտեն մինչև այսօր՝ ապրիլի 6-ը, ժամը 23:59-ն, ժամանակ է տվել այն ավտոներկրողներին, որոնք 2019-ին մեքենաներ էին ձեռք բերել, սակայն չեն հասցրել ներկրել տվյալ պահին գործող մաքսային գներով, դիմելու ՊԵԿ և ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր՝ խնդրի կարգավորման համար: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ խոսքը մոտ 200 մեքենայի մասին է:
«Այդ մեքենաները մնացել են Վրաստանում, չեն հասցրել ներկրել: Դրանք հաշվառում են, որ ԵԱՏՄ-ում քննարկեն խնդիրը, նորից թույլ տան այդքանն էլ ներկրենք հին մաքսատուրքերով, վիրուսի վերանալուց հետո, իհարկե, երբ հնարավորություն կլինի Վրաստան մեկնել: Մայիսին կլինի՞, թե՞ Աստված գիտի՝ երբ, կբերեն, չկարողացան, չհասցրին, մինչև մարտի 31-ը ներկրել: Որոշ քանակ կա նաև Բագրատաշենում, որոշ մասն էլ Գյումրիում է, էլի չեն հասցրել մաքսազերծել»,- ասաց Հովհաննիսյանը:
ՊԵԿ-ի հայտարարության մեջ նշված է, որ 2019թ. գործող դրույքաչափերով մաքսազերծման հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար: Տիգրան Հովհաննիսյանը վստահեցնում է, որ այս սահմանափակումը խնդիրներ չի առաջացնելու.
«Պարտավոր են ղեկը փոխել, որ թույլ տան, 3 օրում կփոխեն: Վրաստանինն արդեն փոխել են, խնդիր չկա: Գյումրիում կան աջ ղեկով մեքենաներ, որոնք չեն հասցրել փոխել, բայց դրանք էլ կհասցնեն, կփոխեն»:
Ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը ևս 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ աջ ղեկով մեքենաների հետ կապված խնդիրներ չեն լինի:
«Մեքենաները կարող են աջ ղեկով ներմուծել, Հայաստանում ղեկը փոխել, հետո մաքսազերծել: Այս մասով խնդիր չի լինի: Հայտարարության մասին ավտոներկրողները տեղյակ են, նրանք ցուցակագրել են իրենց մեքենաները»,- ասաց Իգիթյանը: