Ակտիվ են նրանք, ովքեր դրսից հրահանգ են ստացել
Հարցազրույց Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի հետ
– ՏԻՄ ընտրություններում ընդդիմության պասիվությունը, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված:
– Այսօր քաղաքական դաշտը շատ աղճատված և ծանր վիճակում է: Նա իր համար չի տեսնում ուղիներ, չի տեսնում գաղափարներ և չի տեսնում սկզբունքներ: Նա սպասում է հրահանգների դրսից: Ով դրսից ստացել է հրահանգ, բավական ակտիվ է. եթե Դուք ուշադիր նայեք, ըստ ակտիվության` կհասկանաք` սա արդեն ստացել է, իսկ սա` դեռ ոչ: Սա մեր ցավալի վիճակն է, որը պետք է մենք հաղթահարենք:
– Ուրեմն` ՀԱԿ-ը դեռևս դրսից հրահանգ չի՞ ստացել:
– Ես չգիտեմ, Դուք կարող եք գնահատել:
– Ըստ Ձեզ` Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի՞ թեկնածությունը նախագահական ընտրություններում, թե՞ ՀԱԿ-ը հանդես կգա մեկ այլ թեկնածուով:
– ՀԱԿ-ը վերջին ժամանակներում հանդես է գալիս` որպես ավելի լայն համակարգի բաղկացուցիչ մաս, և նրա նպատակն է` ձևավորել ավելի լայն ճակատ: Ես կարծում եմ` պետք է խոսել ոչ թե պարզապես ՀԱԿ-ի թեկնածուից, այլ այդ ճակատի թեկնածուից:
– Այսինքն` ընդհանուր ընդդիմությա՞ն թեկնածուից:
– Ոչ, կարծես թե ավելի նեղ շրջանակ է: Այն ուժերի, ովքեր կարևորում են Ռուսաստանի հետ ստրատեգիական համագործակցությունը Հայաստանի համար:
– ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն այսօրվա քաղաքական իրավիճակը համեմատում է 1996թ. ստեղծված իրավիճակի հետ, երբ, նրա խոսքերով, նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ այսքան քաղաքականապես հասունացած ընդդիմություն էլ չկար, բայց կարողացավ համախմբվել և մեծ ընդվզում բարձրացնել: Դուք նման հնարավորություն այժմ տեսնո՞ւմ եք:
– Մենք ունենք երկու շատ էական հանգամանքներ` առաջինն` իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը և ընդհանրապես աշխարհը, խորացող ճգնաժամի մեջ է: Այսինքն` մենք ներքաշված ենք թե գլոբալ գործընթացների մեջ, որոնք իրենց մեջ պարունակում են անընդհատ հարաճող մարտահրավերների շարք: Մեկը հնչեց մի քանի օր առաջ, նկատի ունեմ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքը, դա հերթական ազդանշանն էր, թե ինչ սրության և խորության է հասել ճգնաժամը մասնավորապես մեզ համար: Եվ մենք պետք է պատրաստ լինենք:
Հայաստանն ուղղակի պետք է այնպիսի կեցվածք ունենա, որպեսզի կարողանա դիմակայել այդ մարտահրավերներին: Սա` մի կարևորագույն գործոն: Երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանում բոլորը զբաղված են հարստություն դիզելով, որովհետև մեզ պատվաստել են մի ֆունդամենտալ միտք` մարդն աշխարհ է գալիս հարստություն դիզելու համար: Այժմ մենք զբաղված ենք դրանով և այդպիսով բզկտել ենք հասարակությունը ու շարունակում ենք այդպես ապրել: Այսպիսով, այս երկու գործոններն են, որոնք կարող են աշխատել: Թե սրանցից ո՞րն ավելի հզոր կլինի, կկարողանա՞ն այդ մարտահրավերները հայի մեջ արթնացնել այն զգացումը, որ ինքը շիզոֆրենիկ վիճակում է և պետք է այդ վիճակից դուրս գա: Այդ դեպքում կկատարվի այն, ինչ ասել է պարոն Մակեյանը և շատ ճիշտ է ասել հատկապես այսօրվա համար:
Եվ նախկինում եղել են այդպիսի վիճակներ, և այսօր դրա ծայրահեղ անհրաժեշտությունը կա: Կենաց-մահու կռիվ է հիմա մոլորակի վրա: Սակայն մյուս կողմից` մենք այնքան ենք տրվել ենք այդ թմրադեղերից ծանրագույնին` հարստություն դիզելուն, որ մենք ի վիճակի չենք դրանից կտրվելու: Եթե իմ նշածը տեղի ունենա, կկատարվի մոբիլիզացիա, և մենք արագ կգանք այն վիճակին, որն անհրաժեշտ է այդ մարտահրավերներին դիմակայելու համար, ներառյալ` ընթացիկ` իշխանություն, քաղաքական դաշտ ձևավորելու և այլ հարցերը: Այս առողջ գործընթացներին արգելակողն ընթացիկ ընտրանին է:
«Ընթացիկ» ես անվանում եմ այս պահի ընտրանուն, որն իրական և խորքային չէ: Խորքային ընտրանին միշտ ժողովրդի մեջ կա, և ժողովուրդն իր մեջ կրում է այդ իմաստությունը: Ժողովուրդը շատ լավ ընկալում է, որ երկիրը «շողուլից ընկած» վիճակում է, և պետք է արագ «շողուլի» բերել: Եվ ժողովուրդը պատրաստ է գործել, նա ուղղակի փնտրում է` իրական ընտրանի առաջ գալի՞ս է, թե՞ ոչ: Հենց ցույց ես տալիս այդ ընտրանուն, ժողովուրդը ոտքի է կանգնում:
– Քաղաքական շրջանակներում շատ է խոսվում ընդդիմության միասնական թեկնածուի մասին: Քաղաքագետ Արմեն Բադալյանն այս մասին ասել էր, որ ընդդիմության հաղթանակի գաղտնիքը միասնական թեկնածուի մեջ չէ, և «իշխանափոխության ճանապարհը բոլորովին ուրիշ տեղում պետք է փնտրել»: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կարծում է, որ միասնական թեկնածուն մտացածին և արհեստական տերմին է: Ըստ Ձեզ` ո՞րն է իշխանափոխության գաղտնիքը:
– Այդ թեկնածուի հարցը դնել պրոցեսների հիմքում` իմ նշած ընթացիկ ընտրանու խնդիրն է: Նա ապուրը բաժանելու խնդիր ունի, և այդ իմաստով նայում է, թե ով ավելի շատ կպոկի, ով ավելի խորամանկ բան կասի, ով ինչ պրոցես կյանքի կկոչի, սակայն իրենը պոկելու խնդիր ունի: Խորքային հարցի հիմքում դրված է մեկ խնդիր` կարելի՞ է արդյոք կյանքի կոչել մի գործընթաց, որ ամբողջականացնի ժողովրդին և բերի նրան ճշգրիտ հոգեվիճակի: Այդ ժամանակ ժողովրդի պոտենցիալը հարյուրապատիկ մեծանում է:
Մենք այդ պոտենցիալի ձևավորումը տեսել ենք 1988թ.-ին` ղարաբաղյան շարժման ժամանակ, երբ նման կերպ ամբողջականացած ժողովուրդը կարողացավ հաղթահարել ամեն ինչ: Պատմության մեջ երևի ոչ մի երկիր չի հաղթահարել միաժամանակ այնքան մարտահրավերներ, որոնցից ամեն մեկն ի զորու էր ավերելու մի ամբողջ երկիր: Սակայն Հայաստանը ոչ միայն դիմակայեց այդ խնդիրներին, այլև հաղթող դուրս եկավ բոլոր գործառույթներում` պատերազմը, շրջափակումը, երկրաշարժը, տնտեսական համակարգի փլուզումը, նոր պետության ձևավորումը: Այս բոլորը միասին մարտահրավերներ են, բայց այդ բոլորին մենք կարողացանք դիմակայել մեկ պատճառով` ժողովրդի ամբողջականացում, ճիշտ հոգեվիճակի բերում և պոտենցիալի հազարապատկում: Պասիվ մարդ չկար, բոլորը կառուցում էին` յուրաքանչյուրն իր ձևով և իր չափով:
Ասեմ նաև 88-ի ամենակարևոր գաղտնիքը` ոչ մի ընտրություն և ոչ մի թեկնածու այդ ժամանակ չկար: Այսինքն` թեկնածուն չի այդ ամբողջականացմանը բերում: Ուրիշ բան, որ ընտրությունն էլ կարող է դրանում դեր խաղալ, բայց բացարձակապես անհրաժեշտություն չէ: Եվ առաջնային գործընթացն այդ ամբողջականացումն է, այլ ոչ թե արհեստական պղպջակների մի խաղ` կուսակցությունները կմիանա՞ն, թե՞ չեն միանա, միասնական թեկնածու կլինի՞, թե՞ չի լինի: Այդ նույն մարդիկ, այդ նույն կուսակցությունները գործելու են կատարյալ և ազնվագույն ձևով, երբ ժողովուրդը գա այդ վիճակին: