Կրծքագեղձի քաղցկեղի բուժումը «Տրաստուզումաբ» դեղով կիրականացվի անվճար
Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի 1-3-րդ փուլերի ախտորոշում ունեցող կանայք հնարավորություն կստանան անվճար բուժում ստանալ «Տրաստուզումաբ» թանկարժեք դեղով:
Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը:
«Մարտից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող պացիենտները հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային «Տրաստուզումաբ» դեղով՝ պետական ծրագրի շրջանակում: Դա համարվում է շատ թանկարժեք դեղամիջոց, և մինչև հիմա շատ կանայք չեն կարողացել լիարժեք բուժում ստանալ այս դեղամիջոցի թանկ լինելու պատճառով: 1-3-րդ փուլերում նոր հայտնաբերված դեպքերի համար պետությունն իր վրա է վերցնում այս դեղամիջոցի ձեռք բերման ծախսերն ու անվճար տրամադրում է կանանց»,-ասաց Գյոկչյանը:
Մարտից նախատեսվում է բարձրացնել նաև ճշգրիտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ իմունահիստոքիմիական հետազոտության հասանելիությունը։ 2020 թ. Ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր հիվանդների համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի անվճար` ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։