ՀՏ Հայկո. «Իգական սեռի ներկայացուցիչներ գիտեմ, որ հենց հայհոյանքներով երգերն են սիրում լսել»
Վերջին տարիներին հայկական ռեփն իր ուրույն տեղը զբաղեցրեց տեղական շոու-բիզնեսում: Օր օրի նոր կատարողներ և նոր խմբեր են ի հայտ գալիս: 168.am-ը հայկական ռեփի, երաժշտական այդ ոճի հանդեպ հետաքրքրությունների մասին զրուցեց ՀՏ Հայկոյի հետ:
– Ինչպիսի՞ն է այսօր հայկական ռեփի վիճակը: Փոփոխություններ կա՞ն:
– Փոփոխությունն ակնհայտ է: Քանակով էլ շատ են այսօր ռեփով զբաղվողները: Այն մարդիկ, ովքեր դա անում են ուղղակի անելու համար` ժամանակավոր են այս ասպարեզում, իսկ նրանք, ովքեր անում են իրենց պահանջից ելնելով, ովքեր ասելիք ունեն` առավել երկար են մնում: Ամեն դեպքում առաջընթաց կա: Ինձ թվում է՝ մի քանի տարի հետո Հայաստանը կունենա լավ մշակված, մաղված ռեփ կուլտուրա: Հիմա էլ կա որոշ չափով: Հիմա դա գտնվում է ձևավորման փուլում, որպեսզի այն կատարելագործվի՝ միայն ժամանակ է պետք:
– Ինչո՞վ ես հիմա զբաղվում:
– Ինչով ասես: Ամեն ինչ էլ անում եմ: Ես իմ պրոդակշնն ունեմ, պրոդյուսինգով եմ զբաղվում: Այնքան խառն եմ, որ իմ անձնական կարիերայով զբաղվել չեմ կարողանում: Ալբոմ ունեմ անելու, արդեն 3 տարի է` ուզում եմ ավարտեմ, բայց չի ստացվում: Վերջին ալբոմս 2009թ. է դուրս եկել: Հոսով եմ` մինչև տարեվերջ ալբոմը կսարքեմ: Ընթացքում տարբեր ծրագրեր եմ անում:
– Ո՞ւմ պրոդյուսինգով ես զբաղվում:
– Ռեփ երգիչ է: Իրեն «Էմիգրանտ» անունով ենք դիմում: Իր աշխատանքներով, քլիպներով ենք զբաղվում, բայց կողքից ծրագրեր են լինում, որոնց նույնպես մասնակցում եմ: Լինում են նաև պատվերներ, մի երգանոց պրոդյուսինգներ, մի խոսքով` գործ շատ կա: Մշտական պրոդյուսինգով աշխատում եմ շատ չզբաղվել: Պայմանագրային աշխատանքներ եմ նախընտրում անել: Այսինքն` մի կլիպ, մի երգ միասին, ու վերջ:
– Ինչո՞ւ մշտական պայմանավորվածություն չես ցանկանում ձեռք բերել:
– Մշտականի կարիք չկա: Դու օգնում ես սկսնակին այնքանով, որքանով քո ռեսուրսները ներում են, աճեցնում ես, հետո արդեն ինքն է քայլում իր ճանապարհով: Եթե հաջողության է հասնում, ուրեմն դու իզուր չես իր վրա աշխատել, եթե ոչնչի չի հասնում, ուրեմն նա չէր, ում վրա դու աշխատել ես: Իմ հիմնական աջակցությունը զուգերգն է ինձ հետ: Հիմնականում սկսնակ երգիչները նախնտրում են որևէ հայտնի մարդու հետ զուգերգ անել, դա ճանաչում է բերում սկսնակ կատարողներին: «Հետոյի» աշխատանքն արդեն իրենց վրա է լինում: Կարող ես փոխանցել քո փորձը, գիտելիքները, ձայնագրության ընթացքում օգնել, բայց ամեն ինչ իրենցից է կախված, հետագա քայլերն իրենցն են: Դու չես կարող ամբողջ կյանքում իրենց պահել: Երեխաների դեպքում էլ է նույնը, դու մեծացնում ես երեխուդ, բայց պահ ա գալիս, որ ինքն ա որոշում՝ ինչ և ինչպես անել:
– Դու քեզ քո գործի մասնագետ համարո՞ւմ ես:
– Ես ինչ սովորել եմ` իմ փորձից եմ սովորել: Օրինակներ` Հայաստանում, էն էլ մեր ոլորտում` քիչ են: Չեմ կարող ասել, որ ինչ-որ մեկից սովորել եմ ինչ-որ բան: Հայաստանում այս ժանրը մեզանից է սկսվել, մեր սխալներից ենք սովորել: Որպես էտալոն՝ Հայաստանում ոչ մեկին չեմ կարող համարել: Կան պրոդյուսերներ, բայց իրենք այլ ոճի մեջ են աշխատում:
– Ինչպիսի՞ն է ռեփի ոլորտի մրցակցությունը, ովքե՞ր են պայքարում լավագույնի համար:
– Ով ասես: Ով գալիս ա այս ասպարեզ` ուզում ա տիրանա գահին, թագին կամ չգիտես ինչին: Դա ավելի շատ դեռահասների մտածելակերպի հետևանքն ա: Այս ասպարեզում ինչ-որ բանի արքա չի կարա լինի: Արքա ա էն մարդը, ով կարողանում ա իր գործն անի, իր գործով փող աշխատի: Շատ արքաներ կարող ա լինեն` մեկ կամ երկու օրով: Ես միշտ էլ ասել եմ, որ մրցակցությունը շատ լավ բան ա: Միշտ էլ պետք է ձգտես ոչ թե մրցելու, այլ աշխատես քո սխալներն ուղղել, քո որակը բարձրացնես՝ սովորելով, կատարելագործվելով:
– Հիմա՞ է հեշտ շոու-բիզնես մուտք գործելը, թե՞ այն ժամանակ, երբ դու էիր մուտք գործում:
– Հիմա ավելի հեշտացել է, քանի որ հայկական ռեփ ասվածը մարդիկ արդեն գիտեն՝ ինչ բան է: Այն ժամանակ առաջնահերթ պետք էր դա մարդկանց մեջ մտցնել: Մարդիկ կային, որ չգիտեին՝ դա ինչ է: Սկզբում ռեփն էինք դաստիարակում, հետո` հայկականը: Մարդիկ քիչ-քիչ սովորեցին ժարգոնին, ինչ-որ մի տեղ էլ սովորեցին հայհոյանքներին: Մարդիկ ընդունեցին նաև հայհոյանքներով երգերը, հիմա մասսա կա, որ դա ա նախընտրում: Սկսնակների համար ահագին բան ա արած, մնում է՝ լավ աշխատեն:
– Նորերը որքանո՞վ են տարբեր ձեզանից, աշխատո՞ւմ են ձեզ նմանակել:
– Նմանակողներ լինում են, բայց իրենց կյանքը երկար չի, իրենց մոտ ոչ մի բան չի ստացվի: Դա անիմաստ զբաղմունք է: Լինում են նաև լավերը, ում հաստատ հետո կկրկնօրինակեն: Միշտ էլ տենց ա եղել: Կան անհատներ, և կան պատենտներ:
– Հայհոյանքներով կամ առանց դրանց երգերը ո՞ր մասսաներն են լսում:
– Կարամ ասեմ, որ ավելի շատ հետաքրքրություն կա հենց հայհոյանքներով տարբերակների վրա: Անկախ տարիքից, սեռից՝ մարդիկ կան, որ դա են նախընտրում: Ես իգական սեռի ներկայացուցիչներ գիտեմ, որ հենց հայհոյանքներով երգերն են սիրում: Ոչ թե նրա համար, որ իրենք սիրում են քֆուր լսել, այլ զուտ գեղագիտական լիարժեքություն ստանալու համար են լսում: Հայհոյանքի ճիշտ ասելուց՝ շատ բան ա կախված: Պետք է ճիշտ տեղում ասես:
– Ի՞նչ նոր բան կարող է սպասել հանդիսատեսը քեզանից մինչև տարեվերջ:
– Տեսահոլովակների կարող է սպասել: Շատ բաներ կան, կլինի՝ կտեսնեն:
ԱԻԴԱ ՂԱՐԻԲՅԱՆ