Բաժիններ՝

«Մեծ քանակությամբ խոզեր են անկել». ՍԱՊԾ նախկին պետը՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի  մասին

Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները հունվարի 27-ին Shamshyan.com-ին հայտնել էին, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում:

Բնակիչներից Կարեն Ավետյանը նշել է, որ ունի մոտ 150 գլուխ խոզ, և նկատելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։ Մի վայրում պահվող 60 խոզերից 20-ը արդեն սատկել է, մյուս վայրում պահվող 45 խոզերից 10-ից ավելին արդեն հիվանդացել է, իսկ 3-րդ վայրում պահվող խոզերից հիվանդացել են մի քանիսը։

Կենդանիների անկման պատճառը հայտնի չէ: Անասնաբույժը այցելել է, զննել է, պատվաստումներ է արել, սակայն խոզերի անկումը շարունակվում է։ Անասնաբույժ Վաչագան Կիրակոսյանը նշել է, որ տեղյակ է իրավիճակի մասին, սակայն ոչ աշխատանքային օր լինելու պատճառով չի կարողացել սատկած անասուններից նմուշներ ուղարկել լաբորատորիա։ Նա կասկածներ ունի, որ Կարեն Ավետյանի խոզերի անկումը թունավորման հետևանք է։

Գյուղի մեկ այլ բնակչի՝ Գեորգի Ավետյանի խոզերից էլ արդեն սատկել է 6 մայր խոզ, մնացել է 7-րդ հիվանդ խոզը։ Այլ գյուղացիների խոզերից ևս հիվանդացել ու արդեն սատկում են։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ,  «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար  Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ բազմիցս են ահազանգել խոզերի աֆրիկյան ժանտախտի վտանգի վերաբերյալ:

«Խոզերի աֆրիկյան ժանտախտի նախապատվությունը հետևյալն է. ներթափանցեց ՀՀ՝  2007թ., ամիսների ընթացքում տարածվեց ողջ երկրով և համարվում է էնդեմիկ հիվանդություն: Վերջին երկու տարվա ընթացքում շարունակվում էին սպորադիկ (սովորական, նվազագույն) բռնկումները տարբեր շրջաններում, այդ թվում՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում: Մեծ քանակությամբ խոզեր են անկել, այդ թվում՝ այնպիսի տնտեսություններում, որոնք ունեն 200-400 գլուխ խոզ: Ստանալով ինֆորմացիա՝ գյուղացիներին պետք է կոչ անեին միջոցներ ձեռնարկել, կամ գոնե տեղեկացնեին, որ կա նման վտանգ, որ նրանք զգոն լինեն, բաց տեղում չթողնեն կենդանիներին, կամ կերը եփեն, նոր տան, այնինչ, համառորեն ասում էին, որ երկրում աֆրիկյան ժանտախտ չի գրանցվել»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետի խոսքով՝ գյուղացիներին մոլորության մեջ են գցում՝ ասելով, որ կերի թունավորում է, այլ հիվանդությունից է:

«Խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ դեռևս պատվաստանյութ չեն մշակել: Ի տարբերություն դաբաղի՝ այս վիրուսը տզերի մեջ կարող է մինչև 25 տարի պահպանել իր ախտածնությունը: Այսօր լաբորատորիաներում հնարավոր է նախնական ախտորոշում կատարել: Գյուղացիներն ասում են, որ մինչև 14 օր կենդանիները  հրաժարվում են կերից, դա դասական և աֆրիկյան ժանտախտի կլինիկան, է, բայց հաշվի առնելով, որ դասականի դեմ պատվաստված են կենդանիները, սա մեզ համար արդեն ցուցիչ է, որ աֆրիկյան ժանտախտ է»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը՝ շարունակելով,- Նախորդ իշխանության ժամանակ այդ արատավոր երևույթը որդեգրվել էր, որ հայտարարություն չանեն, և առ այսօր դա շարունակվում է: Պարզապես, ի տարբերություն նախորդ իշխանության՝ այստեղ ունեն մեկ խնդիր, որ այլ հիվանդություններն էլ չեն հայտարարվում: Երբ որ ՍԱՏՄ-ն ասում է, որ հիվանդ կենդանիներ են վաճառում շուկայում, ինչո՞ւ չեն հայտարարում: Փաստորեն, դուք գիտեք, որ կան հիվանդ կենդանիներ, ու դուք չեք հայտարարում դրա մասին»:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետն ընդգծեց՝ կան հատուկ ախտահանիչ նյութեր, որ պետք է օգտագործվեն, իսկ պետությունն այս դեպքում պետք է փոխհատուցի:

«Պետք է վերջ տալ կոծկելուն և ստելուն: Սա վտանգ է ներկայացնում թե՛ մեր գյուղատնտեսական տնտեսությունների, թե՛  առևտրի համար: Նախորդ տարի շոու սարքեցին՝ ասելով, որ Ռուսաստանից արգելվել է մսամթերքի ներկրումը, որովհետև գյուղերից մեկում աֆրիկյան ժանտախտ է գրանցվել՝ առանց հաշվի առնելու, որ մենք դա ունենք: Համաշխարհային կենդանիների առողջության կազմակերպությունն այս ամսվա ընթացքում 10-ից ավելի տեղեկատվություն է ստացել, որ ՌԴ-ում աֆրիկյան ժանտախտ է գրանցվել: Ինչո՞ւ չեն կասեցրել: Դեպքեր գրանցվել են նաև Ուկրաինայում, Լեհաստանում, Մոլդովայում»,- նկատեց Գրիգոր Գրիգորյանը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետը նկատեց՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքում ականջներն են կապույտ դառնում, լիմֆատիկ գեղձերը մեծանում են և սևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս