«Հայաստանում ստվերը միայն խոշոր բիզնեսում չէ». Նարինե Մկրտչյան
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մինչ վարչապետը քաղաքացիներին հորդորում է հսկիչ դրամարկղային կտրոն պահանջել, Հայաստանում որոշ կազմակերպություններ տնտեսական գործունեություն են ծավալում՝ առանց բանկային հաշվեհարմար ունենալու: Ես չգիտեմ, օրենքով և գործնականում հնարավո՞ր է առանց հաշվեհամարի լիարժեք գործել: Պարզվում է՝ հնարավոր է:
Օրինակ: Home TV-Ն մալուխային հեռուստատեսային ծրագրեր է տրամադրում՝ մատչելի պայմաններով, բայց ոչ միայն դրամարկղային կտրոն չի տրամադրում, այլև՝ հաշվեհամար չունի, որ գումարը փոխանցես: Գործնականում անհնար է, և միայն տեսուչն է գալիս տուն՝ գումարը վերցնում, իսկ երբ տեսուչը ծուլանում է գալ, հեռուստատեսային ծրագրերի հեռարձակումը դադարեցնում են: Ընդ որում՝ անջատում են կանխավճար չմուծելու համար՝ դեռ չավարտված ամսվա համար: Ասում եմ՝ հաշվեհամար տվեք, մենք մեր մուծումներն անենք, ինչքա՞ն սպասենք, որ ձեր տեսուչը ժամանի: Ասում են՝ առայժմ նման հնարավորություններ չունենք:
Հայաստանում ստվերը միայն խոշոր բիզնեսում չէ: Որքան մանր ու միջին տնտեսական գործունեություն ծավալող կառույցներ կան, որ չգիտե՞ս՝ հարկային դաշտո՞ւմ են, թե՞ դրանից դուրս են գործում: Հետաքրքիրն այն է, որ հանգիստ էլ այդպես աշխատել և աշխատում են տարիներ շարունակ»: