«Ովքե՞ր էին ուղղորդում քննչական խմբին, որ 3 ամիս ռեժիմով ծեծում էին կալանավորներին, պարտադրում ցուցմունք գրել». Հարություն Հարությունյան

5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի համոզմամբ՝ կառավարության ղեկավարը չէ, որ պետք է բարձրաձայնի հեռուստաընկերությունների վարկանիշը չափող և գովազդային գումարները բաշխող ընկերությունների՝ իրենց խոսքով՝  մոնոպոլիզացիայի մասին։

«Դրա համար կա հակամենաշնորհային օրենսդրություն, այդ գործով զբաղվող կառույց, ուստի խնդրով հենց այդ կառույցը պետք է զբաղվի, իսկ եթե չի զբաղվել, ապա պետք է հասկանալ՝ ինչու։ Մյուս կողմից՝ հարցին այդ կերպ մոտենալը արդեն սխալ է։ Սա շատ նման է վարչապետի արած այն հայտարարությանը, թե գնում ենք ոսկեզօծ աթոռներով ռեստորաններ, որտեղ զուգարանները լավը չեն, իսկ եթե զուգարանները լավը չեն, պետք է սնանկացնել սեփականատերերին։ Ստացվում է՝ վարչապետին հաճույք է պատճառում մասնավոր սեկտորին սնանկացնելու գործընթացը, իսկ այս մոտեցումը միանշանակ սխալ է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց  Հարությունյանը։

Նա նաև նշեց՝ քանի որ մեր կառավարությունն անում է պոպուլիստական հայտարարություններ, ուստի վարչապետի երեկվա հայտարարությունը կարելի է դասել նրա կողմից արված հենց այդպիսի մյուս հայտարարությունների շարքին։

5-րդ ալիքի գործադիր տնօրենը վստահ է՝ վարչապետի խոսքը, թե երկու հեռուստաընկերություն կա, որոնց լոգոյի փոխարեն՝ պետք է գրել՝ կոռուպցիա, դա իրենց  չի վերաբերում։

«Հստակ կարող եմ ասել, որ մենք չենք։ Եթե մենք նույնիսկ իր մտքում կանք, միևնույն է՝ մենք չենք։ Մյուս կողմից՝ վարչապետն իրավունք չունի նման բան ասել, եթե կառավարության նիստի ժամանակ նման բան է ասում, ապա պետք է անի հասցեական»,- ասաց  Հարություն Հարությունյանը՝ հիշեցնելով Փաշինյանի՝ ավելի վաղ արված մեղադրական հայտարարություններից մեկն այն մասին, թե  կա հեռուստաընկերություն, որը հակապետական գործունեություն է իրականացնում, բայց ասելուց ամիսներ անց էլ անուն չի տալիս և չի հստակեցնում՝ ո՞րն է այդ հեռուստաընկերությունը։

Հարությունյանի փոխանցմամբ՝ այսօր իրենց հեռուստաընկերությունը հայտնվել է ոչ մրցակցային իրավիճակում, և իրենց այդ իրավիճակում դրել է հենց նույն վարչապետը։

«Ապօրինի ձերբակալելով մեր սեփականատիրոջը՝ մեզ զրկել են նյութական ներարկումների հնարավորությունից, իսկ Հայաստանում հնարավոր չէ առանց ներարկումների մրցունակ դառնալ։ Այո՛, և բարոյապես,  և՛ ֆինանսապես 5-րդ ալիքը ճնշված է։ Եթե մարդու տանից և գրասենյակից ապօրինաբար գումար են տանում, ինչպե՞ս կարելի է կատարվածը մեկնաբանել»,- ասաց  Հարութուն Հարությունյանը։

Խոսելով լրատվամիջոցների սեփականատերերի բացահայտման մասին՝ Հարությունյանն ընդգծեց, որ վստահ է, որ դա չի վերաբերի այն լրատվամիջոցներին, որոնք սպասարակում են վարչապետի, նրա ընտանիքի կամ կառավարության շահերը, իսկ այդպիսի լրատվամիջոցներ կան։

Ինչ վերաբերում է իշխանության ուշադրության կենտրոնում հայտնված ընդդիմադիր մամուլին՝ ապա Հարությունյանը վստահ է, որ ընդդիամադիր մամուլ ասվածը աբսուրդի է նման և վերաբերում է ազատ խոսքին, որը կա՛մ հարգվում է, կա՛մ ոչ։

«Իսկ մեր երկրում տեսնում ենք, թե ինչ է կատարվում»,- նկատեց նա։

ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների մասին խոսելիս էլ 5-րդ ալիքի գործադիր տնօրենը հիշեց հանրապետականների այն ժամանակաշրջանը, երբ ինքը աշխատում էր ընդդիմադիր թերթի խմբագիր։ Հարությունյանի փոխանցմամբ՝ լրատվամիջոցների նկատմամբ երբեք չի եղել նման վերաբերմունք։

«Հանրապետականների ժամանակ ես և աշխատել եմ պետական հիմնարկում, և եղել եմ թերթի խմբագիր, նման բան չի եղել։ Հիշում եմ, թե ինչպիսի հոդվածներ էինք գրում հանրապետականների մասին։ Օրինակ, եթե գրում էինք Տիգրան Սարգսյանի գործունեության մասին, ապա նա անձամբ էր զանգահարում և ոչ թե ասում էր՝ ինչո՞ւ ես էսպիսի բան գրել, այլ սկսում էր արդարանալ, կամ ասել՝ սա կամ նա էսպես չէ։  Այսպիսի ճնշումներ չեն եղել երբեք, սրանք աննախադեպ են, որը, իհարկե, որևէ տեղ չի տանելու»,- ասաց Հարություն Հարությունյանը։

Անդրադառնալով  այս օրերին մամուլում ակտիվացած թեմաներից մեկին՝ Նաիրի Հունանյանի հարցին՝ Հարությունյանը նշեց, որ ոճրագործի թեման ակտիվացնում են տեսարաններ ապահովելու և ժամանակ շահելու համար։

«Օրինակ, նրա մասին ինչո՞ւ այսօր գրվեց… միգուցե դա կապված է գազի գնի հնարավոր թանկացման հե՞տ, և հիմա պետք է ավելի հուժկու տեսարաններ մատուցեն։ Եթե անկեղծ՝ ես ուրախ եմ, որ այդ գործը նորից բացելու են, եթե բացելու են, ես էլ ասելիք ունեմ այդ գործից։ Ես ուզում եմ հասկանալ՝ ովքեր էին ուղղորդում քննչական խմբին, որ երեք ամիս ռեժիմով ծեծում էին կալանավորներին և պարտադրում ցուցմունք գրել այդ օրվա գործող իշխանության ներկայացուցիչների վրա։ Ես կուզեմ իմանալ՝ ո՞վ էր իրենց ուղղորդում, որ նրանք գալիս ասում էին՝ մի հատ գրի Քոչարյանի, Սերժի վրա, պրծի գնա, քեզ պե՞տք է ամբողջ կյանքդ վարի գնաս։ Բնական է, չէ՞, որ հաստատ Սերժն ու Քոչարյանը չէին ասում, որ սենյակում էր այդ քաղաքականությունը որոշվում։ Այս հարցերը կուզեմ հասկանալ, թեև այս իշխանության օրոք հույս չունեմ։ Բայց,  այնուամենայնիվ, եթե անկեղծ են, ապա դրա պատասխանը պետք է տան, որովհետև այդ պատասխանին էլ ես եմ սպասում»,- ասաց Հարությունյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս