
Արարատը՝ Տիգրան Դ-ի և Էրատոյի դրամի վրա. ազգային ինքնության հավերժական խորհրդանիշը

Արարատ լեռը հայ ժողովրդի հոգևոր, պատմական և մշակութային ինքնության ամենապայծառ խորհրդանիշներից է։ Հազարամյակներ շարունակ այն կա հայի գիտակցության մեջ՝ ոչ միայն որպես բնության հրաշք, այլև՝ որպես ազգային հպարտություն և հավերժական խորհրդանիշ։ Հայ գրականությունը, արվեստն ու երաժշտությունը մշտապես անդրադարձել են Արարատին՝ նրան վերագրելով հայրենիքի գաղափարը, կորստի ցավը և վերադարձի հույսը։
Արարատը շարունակում է մնալ հայի ներաշխարհի անբաժանելի մասը՝ ամրապնդելով ազգային ինքնագիտակցությունն ու հիշեցնելով դարավոր գոյատևման կամքը։ Արարատը Հայոց գիտակցության մեջ որպես ազգայինի և ինքնության խորհրդանիշ եղել է նաև նախաքրիստոնեական ժամանակում: Արարատի պատկերը եղել է նաև Հայոց արքաների դրամների վրա:
Հայերի կողմից դրամի սկզբնավորումը և զարգացումն ինչ-որ պահից մեզ մոտեցրել է հենց այն կետին, որպեսզի հայկական դրամն աշխարհին ներկայանա Արարատի պատկերով:
Հայոց իրականության մեջ մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակում ձևավորվում են հայկական դրամների առաջին նմուշները։ Դրանք թողարկվում էին Ծոփքի և Փոքր Հայքի տարածքում կազմավորված հայկական թագավորությունների կողմից։
Այս շրջանի դրամներն արտադրվում էին ոչ թե ոսկուց կամ արծաթից, այլ պղնձից, և նախատեսված էին բացառապես տեղական շրջանառության համար: Այս փաստը վկայում է, որ Փոքր Հայքում և Ծոփքում առևտրական հարաբերությունները հասել էին այնպիսի աստիճանի, երբ անգամ մանր առևտուրը կատարվում էր դրամի միջոցով։ Հելլենիստական դարաշրջանի հայկական դրամների առջևի կողմում պատկերված էին թագավորների դիմանկարները, իսկ հետևի կողմում՝ պաշտամունքային խորհրդանիշներ:
Արտաշատի քաղաքային դրամները շրջանառության մեջ էին մտնում ոչ թե Հռոմի կայսեր կամ Հայոց Արշակունի թագավորի անունից, այլ մայրաքաղաքի անվան հունատառ արձանագրությամբ։
Արտաշատում հատված դրամները շարունակեցին պահպանել հելլենիստական ավանդույթները։ Դրամի արձանագրությունները հունարեն էին, չնայած այն հանգամանքին, որ երկիրը վաղուց գտնվում էր Հռոմի ազդեցության ներքո, իսկ շրջանառվող դրամների մեծ մասը կայսերական էր՝ լատինատառ մակագրություններով։
Դրամների թողարկումը նպաստեց Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացմանը՝ հատկապես Արտաշեսյանների օրոք։ Այս ժամանակաշրջանում տեղական դրամներն ավելի մեծ դեր ստացան երկրի դրամական շրջանառության մեջ։ Արտաշեսյան թագավորների դրամների վրա սովորաբար պատկերված էր թագավորի դիմանկարը, ինչի շնորհիվ մեզ են հասել նրանց պատկերները:
Արտաշեսյան արքայատոհմից Տիգրան Դ արքայի պատկերով դրամները հայտնի են բացառապես պղնձյա միավորներով: Ի տարբերություն իր նախորդ արքաների, Արտաշեսյան Տիգրան Դ հայոց թագավորը դրամների վրա պատկերված է ինքնատիպ: Մ.թ.ա. 2-ից մինչև 1 թվականը Տիգրան Դ արքան երկրորդ անգամ հաստատվեց հայոց գահին իր քրոջ՝ Էրատոյի հետ միասին:
Այդ շրջանում հատված դրամներն իրոք բացառիկ էին: Այդ դրամի վրա պատկերված է Արարատ լեռը։ Այս փաստը վկայում է, որ լեռը արդեն մ.թ.ա. II-մ.թ. I դարերում ընկալվել է որպես կարևոր ազգային և պետական խորհրդանիշ։ Արարատի պատկերն ընդգծում էր հայոց թագավորության ինքնությունը և նրա սրբազան լինելու ընկալումը։
Արարատ լեռը դարերով եղել է հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պետական ինքնության առանցքային խորհրդանիշը։ Դրա վկաներից է Տիգրան Դ արքայի և Էրատո թագուհու օրոք թողարկված դրամը: Դա փաստում է, որ Արարատն ընկալվել է որպես ազգային գաղափարի մարմնացում արդեն հին ժամանակներից։
Այսօր, ցավոք, հայի ինքնությունից հաճախ փորձ է արվում վերացնել Արարատի խորհրդանիշը։ Մեր ազգային մտածողության մեջ այն դարերով եղել է հոգևոր ամրոց, սակայն որոշ քաղաքական ու մշակութային գործընթացների արդյունքում Արարատը երբեմն դիտվում է՝ որպես պարզապես աշխարհագրական լեռ, որը դուրս է Հայաստանի Հանրապետության սահմաններից:
Սա վտանգավոր է, քանի որ ազգային ինքնությունը կերտվում է հենց նման անսասան խորհրդանիշների շուրջ։ Արարատից հեռանալը նշանակում է նաև սեփական արմատներից և հիշողությունից հրաժարվել։
Հայության գոյատևման ու միասնականության համար կարևոր է վերաիմաստավորել Արարատը՝ ոչ թե որպես անցյալի պատկեր, այլ՝ որպես ներկա և ապագա ինքնության անբաժանելի կոդ։
Զ. Շուշեցի