«ԼՂ ադրբեջանական համայնքի» կողմից ադրբեջանցի փախստականների խնդրի բարձրաձայնումը հումանիտար նպատակ չի հետապնդում». Փորձագետ

1990 թվականի հունվարի 13-19-ը հիմնականում Բաքվում ապրող հայկական բնակչության ջարդեր էին, բայց բռնության են ենթարկվել նաև այնտեղ ապրող այլ քրիստոնյա ազգեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Մենք ունենք մի շարք վկայություններ: Օրինակ՝ Բաքվում ապրող ուկրաինացի մի կին պատմում է, որ 1988-1990-ն անձնագրով է շրջել, որպեսզի իրեն չնմանեցնեն հայի և բռնություն չգործադրեն, սակայն 1990-ի հունվարին անգամ անձնագիրը չի օգնել: Ունենք ազգությամբ ռուսների վկայություններ, որոնք նշում են՝ ռուս կանանց և երեխաներին պառկեցրել են ասֆալտին, որպեսզի տանկերը չանցնեն: Ըստ մեկ այլ վկայության՝ ռուս երեխաներին և կանանց փակել են մի շենքում և այդ շենքի տանիքից սկսել են կրակել խորհրդային ներքին զորքերի զինծառայողների ուղղությամբ: Այսինքն՝ այդ մարդկանց որպես կենդանի վահան են օգտագործել, որ այդ զինծառայողները չկրակեն ադրբեջանցիների ուղղությամբ»,- մանրամասնեց փորձագետը՝ հավելելով, որ բռնություններ են եղել նաև Բաքվում ապրող վրացիների, օսերի նկատմամբ, և, որ 1990 թվականին Բաքվի հայկական բնակչության ջարդն առաջինը չէր, այն երրորդ խոշոր ալիքն էր, որին նախորդել էին 1905 և 1918 թվականի ջարդերը:

«Նրանց քաղաքականությունը միշտ եղել է հայերին մաքրելը, բնաջնջելը բոլոր այն տարածքներից, որոնց նկատմամբ հավակնություններ ունեն: Սա մենք տեսել ենք 1988-ին Սումգայիթում, Կիրովաբադում, Գանձակում, այնուհետև՝ Մարաղայում, «Օղակ» օպերացիայի ընթացքում և շատ այլ վայրերում: Սա եղել է Ադրբեջանի քաղաքականությունը, որը շուրջ մեկ դար շարունակվում է, և այսօր այդ քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել: Սա պետք է պարզ հասկանանք, երբ հարաբերվում ենք այդ պետության հետ: Արցախյան հիմնախնդիրը մեզ համար պարզապես լոկալ կամ տարածքային հիմնախնդիր չէ, ինչպես փորձում է ցույց տալ Ադրբեջանը, այլ այն գոյապահպանման խնդիր է, կռիվ՝ գոյությունը պաշտպանելու համար: Արցախյան պատերազմի տարիներին հասկացանք և դա պետք է ցույց տանք աշխարհին, որ ադրբեջանցիների, առհասարակ թյուրքական ժողովուրդների հետ հարաբերվելիս մենք մեր անվտանգությունը կարող ենք ապահովել միայն այն դեպքում, եթե դա անում ենք ինքներս, եթե հայերն ապրում են անկախ պետականության շրջանակում»,- լրացրեց ադրբեջանագետը՝ չմոռանալով հիշեցնել, որ պակաս վտանգված չէ նաև հայկական տարածքներում ապրող եզդիների ճակատագիրը:

168.am-ի հարցադրմանը՝ 30 տարվա ընթացքում հայկական կողմն ի՞նչ է արել, որ միջազգային հանրությանն ընկալելի լինեն հայկական տեսակետը, հայ փախստականների խնդիրը և ադրբեջանական գործողությունները, բնաջնջման քաղաքականությունը: Այստեղ մենք հիշեցրինք, որ մինչև վերջին տարիները հայկական կողմն անգամ վախեցել է խոսել Խոջալուի դեպքերից:

Ադրբեջանի հարցերով փորձագետն արձագանքելով մեր դիտարկմանը՝ ընդունեց, որ այս ուղղությամբ ունեցել ենք կորցրած տարիներ՝ առնվազն մինչև 2009-2010 թվականները:

«Խնդիրները գուցե եղել են այլ, ես ներքին քաղաքականության մասնագետ չեմ, բայց, այո, քարոզչական առումով մենք ունեցել ենք բավականին երկար կորցրած տարիներ, ինչը հնարավոր չէ մեկ օրում վերականգնել, այն հետևողական մեծ աշխատանք է պահանջում: Վերջին 10 տարում իրականացվել են որոշակի աշխատանքներ, բայց դա քիչ է դեռ»,- նշեց ադրբեջանագետը:

Մյուս կողմից՝ Տարոն Հովհաննիսյանը հարկ համարեց շեշտել՝ աշխարհում, միջազգային հանրությունում բոլորը չէ, որ սպասում են մեր պատմություններին, երկրորդ՝ եթե խոսքը երկրների մասին է, ապա յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում:

Անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ դրանք կարող են նվազել, կարող են փոքր մասշտաբներ ունենալ, բայց չեն կարող առհասարակ դադարել, քանի դեռ Ադրբեջանը գոյություն ունի ներկայիս տեսքով:

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը ցանկանում և փորձում է անընդհատ լարվածություն ստեղծել, ինչի վրա է հիմնվում նրանց ներքին և արտաքին քարոզչությունը, ռազմավարությունը և քաղաքականությունը: Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ՀՀ խաղաղ բնակչության վրա կրակելով՝ ադրբեջանական կողմը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել, ինչի հետևանքով, ըստ իրենց, կնպաստեն սահմանամերձ գյուղերից արտագաղթին և այդ տարբերակով ՀՀ-ի թուլացմանը:

«Ըստ այդմ՝ եթե մենք ուզում ենք իրավիճակային այս խնդիրը մեր օգտին լուծվի, ապա պետք է ուժեղ լինի մեր տնտեսությունը, ժողովրդագրությունը և բանակը, այս ամենը՝ զուգահեռ»,- ընդգծեց Ադրբեջանի հարցերով փորձագետը:

Ադրբեջանի անփոփոխ քաղաքականության մասին մանրամասն լսելուց հետո, սակայն, epres.am-ի ներկայացուցիչ Յուրա Մանվելյանը որոշեց բարձրացնել ադրբեջանցի փախստականների վերադարձի և դրա հնարավորության հարցը, ինչին ի պատասխան՝ Տարոն Հովհաննիսյանը հիշեցրեց, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հայտարարությունները, որ «պատրաստ են վերադառնալ Ղարաբաղ և ապրել ադրբեջանական պետության կազմում»:

«Այստեղ հանգում ենք նրան, որ իրենց խնդիրը հումանիտար չէ, ոչ էլ հայրիկի կամ պապիկի տուն կամ գերեզմանին այցելելը, այլ ադրբեջանական պետական քաղաքականությունն առաջ տանելը, դրա շրջանակում գործելը: Այսինքն՝ իրենք ամեն ինչ կապում են այդ տարածքներն ադրբեջանական ենթակայության տակ դնելու հետ: Նման պայմաններում, իհարկե, դա չի կարող տեղի ունենալ: Ես դեռ չեմ խոսում պատմական համատեքստի մասին, երբ նույն Շուշիի մասին Ադրբեջանը խոսում է, 1920-ի մարտին Շուշիի հայկական բնակչությանը, ըստ էության, ոչնչացրել են՝ 20.000-ից ավելի զոհ է եղել, հայկական թաղամասն ամբողջությամբ այրվել է, ոչնչացվել: Եվ սրա հետևանքով էին խորհրդային տարիներին համամասնությամբ մեծ թիվ կազմում ադրբեջանցիները, թաթարները: Ադրբեջանը պետք է փոխի իր քաղաքականությունը»,- պարզաբանեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը նախ թող մտածի վագոնային տնակներում ապրող իր իսկ փախստականների իրավունքների մասին, որոնց քարոզչական գործիք է դարձրել և այս փաստն օգտագործում է քարոզչության մեջ:

Այստեղ epress.am-ի ներկայացուցիչը կրկնեց իր միտքը՝ ակնարկելով, որ կարելի է ապահովել վագոնային պայմաններում ապրող և քաղաքականությունից հեռու այդ ադրբեջանցի փախստականների վերադարձը, որոնցից ՌԴ խոպան են գնում, կարող են գալ Հայաստան:

Արձագանքելով այս առաջարկին՝ ադրբեջանագետը հիշեցրեց՝ ՀՀ և Արցախ իրավական ճանապարհով զուտ այցելել կարող են իրենց պապերի գերեզմանին, բայց ոչ՝ ինչպես դա եղավ Քարվաճառ մտած դիվերսանտների դեպքում:

«Ադրբեջանը վարում է այնպիսի քսենոֆոբիայի քաղաքականություն, որ մենք չենք կարող ասել, թե 30 տարի այդտեղ ապրած անձանց ժառանգներն ինչ տրամադրվածություն ունեն հայերի նկատմամբ, քանի որ տեղեկատվական դաշտը փակ է, վարվում է հստակ ռասիզմի և քսենոֆոբիայի քաղաքականություն, ինչը հակամարտության պատճառներից մեկն է»,- ընդգծեց Տարոն Հովհաննիսյանը՝ հիշեցնելով Բաքվի, Շահումյանի, Գետաշենի հայ փախստականների և Ադրբեջանի կողմից նրանց իրավունքների ոտնահարումների մասին:

Տեսանյութեր

Լրահոս