Իրանն անօրինական է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները Mahan Air ավիաընկերության դեմ
Թեհրանն Mahan Air իրանական ավիաընկերության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները համարում է անօրինական եւ ակնկալում է, որ մյուս երկրները չեն հետեւի նրան: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
«Ակնկալում ենք, որ բարեկամ երկրները չեն հետեւի ԱՄՆ-ի անօրինական, միակողմանի եւ չհիմնավորված պատժամիջոցներին»,- ասել է նա ճեպազրույցի ընթացքում՝ հավելելով, որ իր պատժամիջոցներով ԱՄՆ-ը ճնշում է գործադրում նաեւ մյուս երկրների վրա:
ԱՄՆ-ն անցած շաբաթ ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի նկատմամբ եւ ցուցակում ավելացրել Mahan Air ավիաընկերությունը, ինչպես նաեւ նրա տասնյակ ինքնաթիռներ: Բացի այդ, ԱՄՆ-ն այդ ցուցակում ներառելէ իրանցի մի քաղաքացու, Իրանից, ՉԺՀ-ից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից հինգ ընկերություններ, ինչպես նաեւ երկու նավ: Ցուցակում տեղ գտած ընկերությունների սեփականությունն ԱՄՆ-ի իրավասության շրջանակում կարգելափակվի, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին կարգելվի նրանց հետ գործ ունենալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: