«Արարատ-Արմենիան»՝ Ռումինիայի չեմպիոնի դեմ. Կրայովայում սպասվում է վճռորոշ եվրոպական պայքար
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» այսօր՝ օգոստոսի 20-ին, Ռումինիայում կմրցի «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։
Ռումինական ակումբը դիմակայության ֆավորիտ է համարվում առաջին հերթին կազմի շուկայական արժեքի և տնային խաղի գործոնի շնորհիվ։ Transfermarkt-ի տվյալներով՝ «Ունիվերսիտատյա Կրայովայի» կազմը գնահատվում է մոտ 37 միլիոն եվրո, մինչդեռ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը 8,31 միլիոն եվրո է։
Սակայն հենց ռումինական ակումբի ներսում էլ ընդգծում են, որ հայկական թիմին թերագնահատելը կարող է լուրջ սխալ լինել։
«Ունիվերսիտատյայի» սեփականատեր Միհայ Ռոտարուն հիշեցրել է, որ նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» վստահորեն հաղթահարեց «Կլուժի» արգելքը։
«Շատ բարդ դիմակայություն է լինելու։ Մենք շատ լավ գիտենք՝ ով է «Արարատ-Արմենիան»։ Նախորդ մրցաշրջանում նրանք առանց որևէ շանս տալու դուրս թողեցին «Կլուժին»։ Սա հեշտ մրցակից չէ, առավել ևս, որ պատասխան խաղը նրանց հարկի տակ է լինելու»,- նշել է Ռոտարուն։
Միևնույն ժամանակ, ռումինական ֆուտբոլի լեգենդ Ջիկա Կրայովյանուն ավելի լավատես է տրամադրված։ Նա կանխատեսել է «Ունիվերսիտատյա Կրայովայի» 2:0 հաշվով հաղթանակը։
Ռումինական թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպե Կոելյոն, սակայն, հրաժարվել է առաջնորդվել շուկայական արժեքների տարբերությամբ։
«Ես երբեք չեմ նայում Transfermarkt-ի այն թվերին, որոնց դուք հղում եք անում։ Կարևոր է միայն այն, թե ինչ կկարողանանք մենք անել խաղադաշտում։ Մեծագույն սխալ կլինի նայել նրանց շուկայական արժեքին։ Հաջորդ փուլ անցնելու համար մենք պետք է լինենք մեր լավագույն մակարդակի վրա»,- ասել է պորտուգալացի մասնագետը։
Կոելյոն նաև ընդգծել է, որ «վախ» բառը ֆուտբոլում չի օգտագործում և լիովին վստահում է իր ֆուտբոլիստներին։
«Արարատ-Արմենիա». ուժեղ արդյունքներ, բայց խնդիր՝ արտագնա խաղերում
«Արարատ-Արմենիան» վերջին հանդիպումներում լավ արդյունքներ է գրանցում․ նախորդ հինգ խաղերից չորսում հայկական թիմը հաղթել է։ Միակ պարտությունը գրանցվել է «Ցելյեի» դեմ՝ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում, ինչի հետևանքով երևանյան ակումբը տեղափոխվեց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ։
Այս մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի ճանապարհին հաղթահարել է «Ռիգայի» և «Շեմռոք Ռովերսի» արգելքները՝ համապատասխանաբար ընդհանուր 4:3 և 3:2 հաշվով։ «Ցելյեին» թիմը զիջեց 2:3 հաշվով։
Միևնույն ժամանակ, արտագնա խաղերը մնում են «Արարատ-Արմենիայի» համար ավելի բարդ։ Վերջին հինգ արտագնա հանդիպումներում թիմն ունի երեք պարտություն, մեկ ոչ-ոքի և մեկ հաղթանակ։
Տուլիպա. «Այսպիսի խաղերում ֆավորիտներ չկան»
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան և պաշտպան Հուգո Օլիվեյրան նախախաղային ասուլիսում ընդգծել են, որ չեն պատրաստվում ուշադրություն դարձնել մրցակցի ավելի բարձր շուկայական արժեքին։
«Նման խաղերում ֆավորիտներ չկան։ Մենք այստեղ ենք՝ փորձելու հաղթել և Եվրոպա լիգայի հիմնական փուլի ուղեգիր նվաճել»,- նշել է Օլիվեյրան։
Տուլիպան էլ հավելել է, որ թիմի հիմնական նպատակը սեփական խաղային ինքնությունը պահպանելն է։
«Մենք ավելի շատ նախապատրաստվում ենք մեր անելիքներին և մեր ինքնությանը։ Մեր գլխավոր նպատակն է վերահսկել խաղը՝ անկախ նրանից՝ խաղում ենք տանը, թե դրսում»,- ասել է պորտուգալացի մասնագետը։
Մարզիչը նաև առանձնացրել է «Կրայովայի» խաղային առանձնահատկությունները։ Նրա խոսքով՝ ռումինական թիմը ֆիզիկապես ուժեղ է, արագ և ավելի ուղղահայաց ֆուտբոլ է խաղում, ուստի «Արարատ-Արմենիան» պետք է հատկապես զգույշ լինի մրցակցի հակագրոհների ժամանակ։
«Մենք նախընտրում ենք ավելի շատ գնդակով խաղալ, մինչդեռ նրանք ավելի արագ և ուղղահայաց ֆուտբոլ են խաղում։ Մենք պետք է զգույշ լինենք նրանց գրոհների ժամանակ, բայց ամենակարևորը մեր սեփական ինքնությունը պահպանելն է։ Առանց դրա ոչ մի թիմ չի հաղթում»,- նշել է Տուլիպան։
Դիմակայության առաջին խաղը կկայանա Ռումինիայում, իսկ պատասխան հանդիպումը՝ Երևանում։ «Արարատ-Արմենիայի» համար սա կարող է կարևոր առավելություն դառնալ, եթե թիմին հաջողվի Կրայովայում դրական արդյունք գրանցել։
Պարտվող թիմը եվրասեզոնը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում, իսկ հաղթողը կստանա Եվրոպա լիգայի հիմնական փուլում հանդես գալու իրավունք։

