Մի քանի դիտարկումներ՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ»
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի դիտարկումներ՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ»…
«Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքով (ընդունվել է Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 11.12.2019 թվականին) առաջարկվել է Օրենքի 88-րդ հոդվածում լրացնել նոր՝ 4.1-ին մաս: Համաձայն առաջարկվող նոր կարգավորման.
«Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորի կողմից` սույն մասի ուժի մեջ մտնելու պահից սկսած` երկամսյա ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական ներկայացնելու դեպքում, հրաժարականի ընդունված համարվելու արդյունքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի) եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը:»։
1. Օրենքի նախագծի հիմնավորման նախնական տարբերակում որպես առաջարկվող կարգավորման ակնկալվող արդյունք նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է իրավական նախադրյալներ ստեղծել Սահմանադրական դատարանի կազմավորման վերաբերյալ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը կյանքի կոչելու համար։
Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում բացահայտել, թե ո՞րն է սահմանադրի իրական կամքը և արդյո՞ք առաջակվող կարգավորումը ապահովում է այդ կամքի լրիվ և անվերապահ իրացումը, թե ընդհակառակը խաթարում է այդ կամքի սահմանադրական բովանդակությունը և բացառում դրա իրացման հնարավորությունն ընդհանրապես։
Այսպես, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 1-ին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է։
Իրավական պետության սկզբունքի հետ կապված ուշադրության է արժանի նաև ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1137 որոշմամբ արտահայտված դիրքորոշումը համաձայն որի. «իրավական պետության բաղադրատարր հանդիսացող՝ օրինականության սկզբունքի համատեքստում՝ նկատի ունենալով իրավաբանական ուժի մեջ գտնվող իրավական ակտերի պահանջների կատարման պարտադիրությունը…»:
Սահմանադրությունը նախատեսում է Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգ, որն էականորեն տարբերվում է 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության կարգավորումներից։
Միաժամանակ, Սահմանադրության 213-րդ հոդվածը նախատեսում է 2005 թվականի Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված Սահմանադրական դատարանի անդամների անփոփոխելիության սկզբունքը և նրանք շարունակում են պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավորներ։
Այսինքն, Սահմանադրությունը նախատեսելով Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգ՝ միաժամանակ նախատեսել է այդ կարգով Սահմանադրական դատարանի ձևավորման որոշակի տրամաբանություն։ Այլ խոսքով, սահմանադիրը, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվի արդյունքներով, արտահայտել է իր կամքն առ այն, որ Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգը պետք է գործի Սահմանադրության 213-րդ հոդվածի պարտադիր հաշվառմամբ։
Սահմանադրության 213-րդ հոդվածը Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելի հետ գտնվում է օրգանական կապի մեջ և առանց այդ հոդվածի սահմանադրի կամքը ամբողջական չի կարող ընկալվել և իրացվել։
Օրենքով առաջարկվող կարգավորումներով և դրա հիմնավորումներով առանց սահմանադրական հիմքի վերաբերյալ որևէ վկայակոչման անտեսվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը, ինչի արդյունքում խեղաթյուրվում է սահմանադրի կամքը։
Օրենքի ընդունման հիմնավորումից պարզ է դառնում, որ օրենքի հեղինակները ենթադրել են, որ Սահմանադրությամբ ամրագրված նոր մոդելը պետք է կյանքի կոչվի անմիջապես, սակայն հենց Սահմանադրության 213-րդ հոդվածն ի սկզբանե բացառել է նման հնարավորությունը, ինչը բխում է սահմանադրական արդարադատության կայունությունն ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտությունից։
Ավելին, Սահմանադրության 213-րդ հոդվածը քաղաքական ուժերից և դրանց հարաբերակցությունից անկախ Սահմանադրական դատարան ունենալու երաշխիք է հանդիսանում, քանի որ ենթադրում է Սահմանադրական դատարանի ձևավորման նոր կարգի աստիճանական իմպլեմենտացում՝ արդյունքում բացառելով մեկ քաղաքական ուժի կամքից կախված ձևավորվելու հնարավորությունը (ենթադրվում է յուրաքնաչյուր խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում քաղաքական ուժերի կամ դրանց հարաբերակցության փոփոխությունը)։
Ընդ որում, Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելի պարագայում միայն Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրումներ կատարելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը չի կարող երաշխավորել Սահմանադրական դատարանի կազմավորման հիմքում Սահմանադրության 213-րդ հոդվածով դրված այդ տրամաբանությունը, քանի որ Սահմանադրական դատարանի ձևավորումը Ազգային Ժողովի բացառիկ իրավասությունն է։
Թեև Սահմանադրի հստակ սահմանված կամքին, սույն օրենսդրական փոփոխություններով միջամտության ուղղակի փորձ է արվում պաշտոնավարման ժամկետի նկատմամբ:
Ավելին, սրանով միջամտություն է արվում նաև Սահմանադրության 167-րդ հոդվածով նախատեսված երաշխիքի նկատմամբ, համաձայն որի. «Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը»:
Առաջարկվող փոփոխություններով հենց միջամտության փորձ է արվում սահմանադրական արդարադատության իրականացման Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորության նկատմամբ, այն պարագայում, երբ սահմանադրական արդարադատություն իրականացնում են Սահմանադրական դատարանի դատավորները՝ բոլոր 9 դատավորները:
Արդյունքում, օրենքը հակասում է հենց Սահմանադրության 213-րդ հոդվածին, որի կյանքի կոչմանն իբրև թե ուղղված է։
2. Կառավարության կողմից մշակված նախագիծն իրենից ենթադրում է «կարծեցյալ կամավոր» բնույթ, չի հանդիսանում լիարժեք կամավոր բնույթի մոդել, քանի որ նախատեսում է ժամկետային ուղղակի սահմանափակում, այն է՝ երկամսյա ժամկետ:
Կամավորության սկզբունքը ենթադրում է մի քանի բաղադրատարրերի միաժամանակյա առկայություն։ Մասնավորապես, «վաղ կենսաթոշակի» կամավոր բնույթը դրսևորվում է ոչ միայն Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումները բացառելով, այն նաև այնպիսի ողջամիտ ժամկետներ սահմանելով, որոնք չեն ստիպի դատավորին որոշումը կայացնել միայն այդ ժամկետը «բաց չթողնելու» մտադրությունից դրդված։
Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովը նախագծի վերաբերյալ կարծիքում ուղղակիորեն կարևորել է վաղ կենսաթոշակի կամավորության սկզբունքը, երբ պետք է բացառվի դատավորի վրա որևէ ճնշում։ Չնայած այն հանգամանքին, որ Վենետիկի հանձնաժողովը չի անդրադարձել օրենքով առաջարկվող վաղ կենսաթոշակի անցնելու ժամկետային սահմանափակմանը, այնուամենայնիվ կամավորության սկզբունքի շեշտադրումը ենթադրում է, որ չպետք է լինի որևէ հանգամանք, որը կարող է կասկածի տակ դնել վաղ կեսնաթոշակի անցնելու հարցում դատավորի միայն սեփական կամքով որոշում կայացնելու հանգամանքը։
3. Առաջարկվող կարգավորումները խտրականություն են սահմանում Սահմանադրական դատարանի դատավորների համար, ովքեր Սահմանադրության 213-րդ հոդվածի և
Օրենքի կարգավորումների համաձայն ունեն միևնույն կարգավիճակը։
Հիշատակված դրույթով չի իրացվել Վենետիկի Հանձնաժողովի այն գաղափարը, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները ունեն հավասար իրավական կարգավիճակ և չկա որևէ տրոհում մինչև 2018թ. ապրիլի 9-ը ընտրված և դրանից հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորների միջև: Հանձնաժողովը հստակ ընգծել է, որ չպետք է տարբերակված մոտեցում դրսևորվի դատավորների միջև, ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միևնույն կարգավիճակով։ Մինչդեռ, Օրենքով ակնհայտորեն բաժանվել են դատավորները երկու խմբի, քանի որ կարգավորումը վերաբերելի է միայն ՍԴ դատավորներից յոթին:
Ընդ որում, պետք է նշել, որ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը, որն, ըստ նախագծի հեղինակների, նախատեսում է վաղ կենսաթոշակի սխեմա, Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների կսարգավիճակի միասնականությունն ընդգծող դասական օրինակ է։
Այսպես, այս կարգավորումը տարածվում է Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների վրա, չունի ժամկետային սահմանափակում, ունի օբյեկտիվ չափանիշ՝ առնվանզ տասներկու տարվա պաշտոնավարումը։ Ընդ որում, քանի որ Սահմանադրության 213-րդ հոդվածի ուժով Սահմանադրական դատարանի անդամները շարունակել են պաշտոնավարել որպես դատավորներ, ուստի նրանց և սահմանադրական նոր կարգավորումներով ընտրված Սահմանադրական դատարանի դատավորների միջև չի նախատեսվել որևէ տարբերություն։
Խտրականությունը դրևսորվում է ոչ միայն կոնկրետ դատավորների վրա այդ կարգավորումները տարածելով, այլ նաև առաջարկվող «կենսաթոշակների» տարբերությամբ, քանի որ օրենքով դատավորներին տրամադրում է կենսաթոշակ, որն էականորեն ավելին է, քան «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակը, որը տարածվում է Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի վրա։
Պետք է նկատել, որ քննարկվող օրենքի օրենքը քննարկման առարկա է հանդիսացել նաև Վենետիկի հանձնաժողովում, որի վերաբերյալ սույն թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակվել է թիվ (CDL-AD(2019)024) կարծիքը:
Այսպիսով, սույն թվականի հոկտեմբերի 14-ին Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակվել է քննարկվող փոփոխությունների վերաբերյալ կարծիքը (CDL-AD(2019)024), որտեղ մասնավորապես նշվել է.
«58. Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը նրանց անկախության էական երաշխիքն է։ Դատավորների անփոփոխելիությունը Սահմանադրական դատարանի դատավորների համար նախագծված է որպես վահան օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից։ Անթույլատրելի է, երբ ցանկացած նոր կառավարություն կարողանա փոխարինել պաշտոնավարող դատարավորներին՝ իր ընտրությամբ նոր ընտրված դատավորներով։
59. Հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա։ Նրանք վկայակոչում են 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության իմպլեմենտացումը հետահեղափոխական կոնտեքստում և այն կարծիքին են, որ Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշնոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչեւ 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման (ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։
60. Նախևառաջ Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միևնույն կարգավիճակով։ Ինչ վերաբերում է, մինչև 2015 թվականի փոփոխությունները ընտրված դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմային, Վենետիկի հանձնաժողովը քննադատության է ենթարկել վաղ կենսաթոշակի անցման սխեմաները այն դեպքում, երբ դրանք կրել են պարտադիր բնույթ և ազդել են մեծ թվով դատավորների վրա։ Սակայն քննադատություն չի կարող բարձրացվել այն դեպքերում, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է Սահմանադրական դատարանի դատավորների կամավոր որոշման վրա։
Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է որպես բացառապես կամավոր, այսինքն՝ բացառում է անհիմն (քաղաքական և անձնական) ճնշումը դատավորների նկատմամբ, կամ երբ այն նախագծված չէ այնպես, որ ազդեցություն ունենա քննվող գործերի ելքի վրա, ապա չկան չափանիշներ, որոնք Վենետիկի հանձնաժողովին կուղղորդեն ընդդիմանալ նման սխեմային։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորների և նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի։»
Ակնհայտ է, որ այդ վերանայումը չի կատարվել:
4. Ուշադրության է արժանի նաև նախագծի հիմնավորումներում ներկայացված երկրների փորձը:
Թեեւ արդարադատության նախարարի 13.12.2019 թվականի հայտարարությամբ նշվում է, որ վկայակոչված երկրներում առկա փորձի մատնանշումը նպատակ է հետապնդել ներկայացնելու վաղ կենսաթոշակի վերաբերյալ առկա կառուցակարգերի տարբեր դրսևորումները՝ փորձ անելով ներկայացնել միջազգային փորձի ամբողջական պատկերը, սակայն բավական է ուսումնասիրել Հունգարիայի եւ Լեհաստանի փորձի եւ հետագայում այլ երկների փորձի ներկայացումը, որպեսզի պարզ դառնա, որ հեղինակները ներկայացրել են ոչ թե միջազգային լավագույն փորձը, այլ փորձել են գտնել իրենց կողմից առաջարկվող մոդելի համար հարման հիմնավորումներ։
Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ նախագծի սկզբնական տարբերակի հիմնավորումներում գրեթե չկար որևէ միջազգային փորձ, իսկ պաշտոնական հաղորդագրությունների մակարդակում հիշատակված Լեհաստանի ու Հունգարիայի օրինակները հետագայում հենց նախագծի հեղինակների կողմից ընդունվեցին որպես վաղ կենսաթոշակի հարկադրական համակարգեր։ Ներկայացված այլ երկրների Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ավստրալիա, Դանիա փորձը համադրելի չէ Հայաստանում առկա փորձի հետ։
Հետաքրքրական է նաեւ, որ շատ է քննարկվում Վրաստանի փորձը, սակայն նույն վրացական իշխանությունները ընդունում են, որ որոշակի դեպքերում իրենց կիրառած մոդելը աշխատել է, որոշակի դեպքերում ոչ ՝եզրահանգելով, որ պետք է պայքարել ոչ թե դատավորների, այլ օրենքների դեմ ։
Ավելին, օրենքով առաջարկվող մոդելը չի համընկնում դատավորների վաղ կենսաթոշակի կամավոր մոդելների հետ, քանի որ ինչպես Վենետիկի հանձնաժողովն է նշել իր սույն թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակված թիվ (CDL-AD(2019)024) կարծիքում, հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա, որով Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշտոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչև 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման (ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։
5. ՀՀ Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-984 որոշմամբ արձանագրել էր, որ «Անհատական սահմանադրական գանգատի հիմքում ընկած են անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության գաղափարն ու նպատակը: Այս նպատակի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա` անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնում»:
Այսինքն, օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ մարդու հիմնարար իրավունքների պաշտապնության մեխանիզմ հանդիսացող անհատական սահմանադրական գանգատը արգելափակվի:
Ավելին, նման իրավունքի սահմանափակումը հետապնդելու է բացառապես քաղաքական շահ, ինչպես ներկայացվել էր Վենետի հանձնաժողովին: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը երաշխավորում է, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257) սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում:
Սահմանադրական դատարանը վերոթվարկյալ որոշումներում շեշտադրել, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,…»:
Այս առումով օրենքը սահմանում է, որ եթե Օրենքի 88-րդ հոդվածի 4.1.-ին մասով նախատեսված ժամկետում վաղ կենսաթոշակի անցնելու նպատակով հրաժարական է ներկայացրել Սահմանադրական դատարանի ավելի, քան երեք դատավոր, ապա Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար ընտրությունն անցկացվում է սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարելու համար Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո 15 օրյա ժամկետում:
Հարկ ենք համարում հիշատակել Վենետիկի հանձնաժողովի կարծիքում արտացոլված այն դիրքորոշումը, որ մի քանի դատավորների և նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տվել հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի։
Այդ մեղմացման ուղղությամբ ձեռնարկված միջոցը բավարար չէ Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության անընդհատականությունն ապահովելու համար, քանի որ անգամ առաջարկվող լուծման պարագայում հնարավոր է իրավիճակ, որ տևական ժամանակ Սահմանադրական դատարանը փաստացի գոյություն չունենա, ինչն իսկական աղետ կարող է լինել Հայաստանի իրավական, այդ թվում՝ սահմանադրական անվտանգության տեսանկյունից։
Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ օրենքը առաջացնում է ՀՀ Սահմանադրության 1, 3, 4, 61, 63, 78 և 213-րդ հոդվածների հետ համապատասխանության խնդիր»:
Մի քանի դիտարկումներ«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ…
Gepostet von Arpine Hovhannisyan am Sonntag, 15. Dezember 2019