Արման Սարոյանը դատարանի կամայական մեկնաբանությամբ բանկային գործարք է կատարում`մոտ 15 մլն ելքագրվել է
Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը (նախկինում` Գևորգ եպիսկոպոս) շարունակում է եկեղեցուն պատկանող բանկային հաշիվներով գործարքներ կատարել և ապրելի 1-ի դրությամբ ավելի քան 15 մլն դրամ դուրս է հանել հաշիվներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հունվարի 10-ն ազատվեց թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Այս որոշումը դատարանում վիճարկելու և հրամանին չենթարկվելու համար Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հունվարի 27-ին կարգալույծ հռչակեց նրան։
Զոհրաբյանն ընդգծեց` որոշումը ենթադրում է նաև բանկային հաշիվները տիրապետելու արգելք, այնինչ Արման Սարոյանը հարկադիր կատարողի աջակցությամբ շրջանցում է արգելքը։
«Հարկադիր կատարողը իրեն դրել է ամենայն հայոց կաթողիկոսի տեղը և նման լիազորություն է տվել։ Նրանք այս ընթացքում ապահովել են Արման Սարոյանի քմահաճույքները, հարկադիր կատարողը դարձել է նրա անձնական աշխատողը»,- ասաց փաստաբանը։
Զոհրաբյանը մտահոգություն ունի, որ նախկին հոգևորականը կարող է բանկային հաշիվներում եղած մյուս գումարներն էլ վատնել։
«Բացի այդ, հարկադիր կատարողները նամակներ են գրում հայր Ռուբենին (Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ. խմբ) ու նաև մյուս հոգևորականներին, ահաբեկում նրանց քրեական հետապնդման սպառնալիքով»,- ասաց նա։
Նա նշեց, որ դատարանը գործը դիտարկել է որպես աշխատանքային վեճ և հայցի ապահովման միջոց կիրառել՝ արգելելով Հայ առաքելական սուրբ եկեղեցուն և այլ անձանց խոչընդոտել Սարոյանի լիազորությունների իրականացումը, այդ թվում՝ բանկային հաշիվների տնօրինման հարցում։
Փաստաբանի խոսքով՝ սա վտանգավոր նախադեպ է, քանի որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին ինքնակառավարմանը։
Զոհրաբյանը դժգոհեց նաև դատարանի գործողություններից՝ նշելով, որ մերժվել են թե՛ հայցի ապահովումը վերացնելու, թե՛ հակընդդեմ ապահովում կիրառելու միջնորդությունները, չնայած ներկայացվել են բանկային փաստաթղթեր և ապացույցներ։



