Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Վերջին շրջանում, իսկ ավելի ակտիվ քարոզարշավի ընթացքում, Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում է, որ իրենց պայքարը «մաֆիայի դեմ է»: Նման ձևակերպման պերմանենտ օգտագործումն առաջին հերթին քաղաքական տեխնոլոգիա է՝ բլեֆ, և բնավ իրավական կամ քրեական կատեգորիա պետք չի դիտարկել։ Ակնհայտորեն այդ տերմինն ընտրված է ոչ պատահական․ այն ունի ուժեղ հուզական, ենթագիտակցական և քարոզչական պատճառահետևանքայինբացատրություն։

«Մաֆիա» ասելով՝ Փաշինյանը չի փորձում միայն քննադատել ընդդիմությանը, հակառակը՝ ամեն ինչ անում է ընդդիմադիր դաշտը քաղաքական սուբյեկտից վերածել «հանցավոր կոլեկտիվի»։ Ի դեպ, սա շատ կարևոր տարբերություն է, քանի որ այն դեպքում, երբ հակառակորդը ներկայացվում է ոչ թե որպես այլընտրանքային, այլ դեմոնիզացվում է որպես «մաֆիա», հանրային գիտակցության մեջ նրա դեմ արդեն թույլատրելի են դառնում ավելի կոշտ վարչական, քարոզչական ու նույնիսկ իրավական գործողությունները։

Սա դասական պոպուլիստական իշխանության մեխանիզմ է: Բանն այն է, քաղաքական մրցակցին նախ պետք է ապալեգիտիմացնել, հետո՝ բարոյապես մեկուսացնել, որպեսզի մարդիկ ինչքան հնարավոր է ատեն։

Պատմության մեջ նման տեխնոլոգիան կիրառել են տարբեր ռեժիմներ՝ անկախ գաղափարախոսությունից։ Օրինակ՝ Մուսոլինին Իտալիայում ֆաշիստական քարոզչությունը լիբերալներին, սոցիալիստներին և արհմիություններին ներկայացնում էր որպես «ազգային մարմնի վրա նստած կոռումպացված կաստաներ»։ Մուսոլինիի մամուլը մշտապես շեշտում էր, թե իբր միայն ֆաշիստական շարժումն է պայքարում «հին քաղաքական մաֆիայի» դեմ։ Նացիստական քարոզչության մեջ «մաֆիա» եզրույթը հաճախ փոխարինվում էր «դավադրություն», «ներքին թշնամի», «քայքայիչ էլիտա» և «ազգային դավաճաններ» ձևակերպումներով:

Լատինական Ամերիկայում այս տեխնոլոգիան առանձնապես տարածված դարձավ պոպուլիստական ռեժիմների ժամանակ։ Արգենտինայում Խուան Պերոնի իշխանական քարոզչությունն ընդդիմությանը ներկայացնում էր որպես «օլիգարխիկ մաֆիա», որը իբր պայքարում է ժողովրդի սոցիալական իրավունքների դեմ։ Ավելին, պերոնիզմը կառուցում էր շատ պարզ բաժանում՝ «ժողովուրդ» ընդդեմ «կոռումպացված էլիտայի»։

Այդպիսով իշխանությունը սեփական քաղաքական անհաջողությունները տեղափոխում է բարոյական հարթություն, իսկ այդ դեպքում այլևս քննարկումը չի լինում կառավարման արդյունավետության, արտաքին քաղաքական ձախողումների կամ անվտանգության ճգնաժամերի մասին, այլ ամբողջ դիսկուրսը կառուցվում է «բարի ուժերի» և «մաֆիայի» պայքարի շուրջ։

Նման իրավիճակերում՝ քաղաքական հակառակորդը ներկայացվում է «վտանգավոր» և «թունավոր» երևույթ։ Դա արվում է հատկապես այն ժամանակ, երբ իշխանությունն այլևս չունի նախկին մոբիլիզացնող գաղափարական էներգիան և ստիպված է հասարակությանը պահել վախի, ատելության կամ մշտական սպառնալիքի մթնոլորտում։ Քարոզչության տեսանկյունից սա շատ արդյունավետ մեթոդ է, որովհետև «մաֆիայի վերադարձի վտանգը» հեշտ է վաճառել ընտրողին, հատկապես սոցիալական հոգնածության և անվստահության պայմաններում։

Բացի այդ, «մաֆիա» եզրույթը նաև արտաքին լսարանի վրա է աշխատում։ Գաղտնիք չէ, որ Արևմտյան քաղաքական բառապաշարում այն ասոցացվում է կոռուպցիայի, օլիգարխիկ համակարգերի և «հին ռեժիմների» դեմ պայքարի հետ։ Փաշինյանը հաճախ փորձում է իր ներքաղաքական պայքարը ներկայացնել ոչ թե որպես իշխանության պահպանման խնդիր, այլ որպես «ժողովրդավարության պաշտպանություն» ինչ-որ «հանցավոր ռևանշից»։

Ի դեպ՝ այստեղ կա նաև նոնսենս․ եթե ութ տարի իշխանության ղեկին գտնվելուց հետո երկրում դեռ գոյություն ունի այնպիսի «մաֆիա», որն իբր վերահսկում է ամեն ինչ, ապա դա արդեն լուրջ հարց է հենց իշխանության արդյունավետության մասով։ Այսինքն՝ տվյալ քարոզչական տրյուկը խնդիր է իշխող ուժի էֆեկտիվության տեսանկյունից։ Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031