Բրիտանիայի ինստիտուտը նշել է ամենադժվար արտասանվող բառերը
Մեծ Բրիտանիայի Սղագրողների ինստիտուտը հրապարակել է այն բառերի ցանկը, որոնք ամենից հաճախ են սխալ արտասանում: Դրանց թվում են՝ շվեդ բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգի անունը, Ֆրանսիայի «դեղին բաճկոնավորների» շարժման անվանումը, եւ խորհրդային «Չեռնոբիլ» ատոմակայանի անունը, որտեղ տեղի ունեցավ XX դարի խոշորագույն տեխնածին աղետը։
Փորձագետները, The Times թերթի տվյալներով՝ պարզել են, որ նորությունների ծրագրերի հաղորդավարները սխալներ են թույլ տալիս ոչ միայն Գրետա Թունբերգի անվան, այլեւ ազգանվան մեջ, որի վերջին տառն «անգլերենում նմանակը չունի»: Խնդրահարույց բառերի թվում է նաեւ «prorogue»-ը (ընդմիջում նշանակել խորհրդարանի աշխատանքում), որը Միացյալ Թագավորությունում դարձել է քաղաքական բանավեճերում առավել հաճախ գործածվողներից մեկը Brexit-ի նախաշեմին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: