«Եթե զրո է, ինչո՞ւ եք վախենում». ՀՅԴ անդամը՝ Փաշինյանին

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Անուշ Բեղլոյանն անդրադառնալով  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների ցույցերին, ինչպես նաև դեկտեմբերի 3-ին բերման ենթարկված երիտասարդների հարցին՝ հարց ուղղեց վարչապետին, թե որն է ծագած խնդրի  հանգուցալուծումը:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյան ասել էր, թե կրթության ոլորտում որևէ անձ քաղաքականություն չի վարում. այն վարում է Հայաստանի կառավարությունը: Փաշինյանը շեշտել էր նաև, որ չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք:

Ի պատասխան վերը շարադրվածի՝ այսօր ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն արձագանքեց.

«Եթե զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժ է, ապա ինչո՞ւ լայն թափով փորձեցիք ընդունել երիտասարդների ընդամենը մեկ պահանջը՝ նախարարի հետ հանդիպելու և քննարկելու իրենց առաջ քաշած հարցերը, այդպիսի հակընդդեմ քայլ իրականացրեցիք, ինչո՞ւ  այդքան ոստիկաններ բերեցիք: Ես կասեմ՝ ընդհակառակը, իրենք շատ լավ վախենում են ՀՅԴ-ից, որովհետև Դաշնակցությունն այն ուժն է, որը երբեք թույլ չի տալու երկրի իշխանություններին՝ իրականացնել ազգակործան քաղաքականություն: Մեր քայլերն ամեն օր իրենց թիմին ապացուցելու են՝ եթե զրո է, ապա ինչո՞ւ եք վախենում»:

ՀՅԴ անդամը նաև խոստովանեց. «Ընդունում ենք, որ խաբվեցինք ու ձայն տվեցինք Փաշինյանին: Մենք չհավատալու իրավունք չունեինք, նաև ժողովուրդն էր պահանջում նրան դարձնել վարչապետ»:

«Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի կարծիքով էլ՝ «Արայիկ Հարությունյանը չէ այդ հակահայ նախագծի կերտողը, այլ Նիկոլ Փաշինյանը՝ իր թիմով, դա իրենց թիմային քաղաքականությունն է: Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, որը ցույց է տալիս, թե ինչ երեսպաշտ սրիկաներ են եկել իշխանության, ինչ խաբեբա, երկակի ստանդարտներ կրող են, ովքեր ամեն վայրկյան պատրաստ են ոտնահարել իրենց գովերգած սկզբունքները: Իրենց փողոց փակել կարելի էր, ուրիշներին՝ չէ՞, իրենց կարելի է կասկածելի ձեռնարկներ անել, ուրիշներին՝ չէ՞»: Ապա ամփոփելով միտքը՝ Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց, որ այս ամբողջ պատմությունը կարևոր է նրանով, որ հնարավորություն ունեցավ գիտակցելու, թե ինչ ընտրություն է կատարել: «Ադեկվադ» նախաձեռնության անդամի մեկնաբանությամբ՝  «Միակ օրակարգային հարցն արցախյան հիմնախնդիրն է. եղբայր, ի՞նչ եք դուք Բրատիսլավայում  բանակցել երեք ժամ»:

Տեսանյութեր

Լրահոս