Բաժիններ՝

Ալբանիայում սգո օր է հայտարարված երկրաշարժի զոհերի հիշատակին

Ալբանիայի կառավարությունը նոյեմբերի 27-ը պաշտոնապես սգո օր է հայտարարել նախօրյակին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների հիշատակին: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Koha Jone ալբանական հրատարակությունը:

Սկզբնապես ենթադրվում էր սգո օրեր հայտարարել նոյեմբերի 27-ը, 28-ը եւ 29-ը, սակայն այն բանի կապակցությամբ, որ նոյեմբերի 28-ը եւ 29-ը պետական տոներ են (Անկախության օրը եւ Ալբանիայի ազատագրման օրը) երկրում սգո օր կլինի միայն նոյեմբերի 27-ը: Ընդսմին առաջիկա օրերին կչեղարկվեն տոնական ու ժամանցային միջոցառումները: Ըստ վերջին տվյալների՝ Ալբանիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 27-ի:

Երկրի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 650 մարդ: Ինչպես նշում է Ալբանիայի հեռագրական գործակալությունը, փլատակներից հաջողվել է փրկել 45 մարդու: Որոնողափրկարարական գործողությունը ներկայում շարունակվում է: Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ նոյեմբերի 27-ին իշխանությունները արտակարգ դրություն կհայտարարեն Տիրանայում եւ Դուրեսում, քաղաքներ, որոնք առավել մեծ վնասն են կրել:

Ալբանիայի իշխանությունները հայտարարել են ֆինանսական միջոցների հանգանակություն սկսելու մասին, որոնք կուղղորդվեն նոյեմբերի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած՝ 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով տուժածների օգնությանը: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաք Տիրանայի մերձակա Շիջակ քաղաքից 10 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք ընկած շրջանում: Օջախը 10 կիլոմետր խորության վրա էր:

Ցնցումներն զգացվել են Տիրանայում, ինչպես նաեւ Հյուսիսային Մակեդոնիայում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Խորվաթիայում եւ Իտալիայի մի քանի հարավային նահանգներում: Ալբանիայի սեյսմոլոգները հայտնել են, որ 6,4 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 520 ստորգետնյա ցնցում: Տեղի ունեցած երկրաշարժն Ալբանիայում երկրորդ ուժգին երկրաշարժն է դարձել աշնան սկզբից ի վեր, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս