Վրացական ընդդիմությունը նոր ընտրական համակարգի անցնելու սխեմա է պատրաստել
Վրացական միավորված ընդդիմությունն առաջարկում է նոր ընտրական համակարգի անցնել ըստ իր ներկայացուցիչների մշակած սխեմայի: Ինչպես հայտարարել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Գեորգի Վաշաձեն՝ ամփոփելով տարբեր քաղաքական կուսակցությունների ու շարժումների ներկայացուցիչների հերթական հանդիպման արդյունքները, առաջարկվող բարեփոխումն անցում է նախատեսում այսպես կոչված «գերմանական մոդելին»: Այն, ինչպես պնդում է Վաշաձեն, համապատասխանում է Վրաստանի Սահմանադրությանը, բխում է հասարակության շահերից, առավելություններ ունի համամասնական համակարգի նկատմամբ, ընդսմին հաշվի է առնում Վրաստանի իրողությունները, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Նորությունն այն է, որ ձայները, ընտրություններին մասնակցող թեկնածուների միջեւ բաշխվում է համամասնորեն, բայց մեծամասնական համակարգը պահպանվում է: Ընդ որում՝ կլինեն բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքներ՝ 6,7 կամ 8-մանդատանոց ընտրատարածքներ: Յուրաքանչյուր ընտրող կունենա մեկ ձայնի իրավունք: Ուստի ոչ մի քաղաքական ուժ չի կարողանա զավթել իշխանությունը»,- հայտարարել է Վաշաձեն:
Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» ընդդիմախոսների կողմից մշակված փաստաթուղթը հանձնվել է միջազգային կազմակերպություններին: Ընդդիմությունը պատրաստ է այն մտցնել խորհրդարան:
Մինչդեռ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ կուսակցությունը 2020 թվականին չի փոխի խորհրդարանական ընտրությունների համակարգը, բայց որպես զիջում իր թեկնածուներին չի առաջադրի առանձին մեծամասնական ընտրատարածքներում: Խոսքն այն ընտրատարածքների մասին է, որտեղ իրենց թեկնածությունը չեն առաջադրի «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության, «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» (հիմնել են «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախկին անդամները) ներկայացուցիչները եւ նրանց զինակիցները:
«Արդյունքում մենք իրապես հոգ կտանենք խորհրդարանում քաղաքական բազմազանության մասին, ճանապարհ կբացենք կազմակերպչորեն թույլ, բայց հեղինակություն ունեցող քաղաքական խմբերի համար, որոպեսզի նրանք անմիջական ու գործուն մասնակցություն ունենան իշխանության իրականացման գործընթացին»,- ասել է Կալաձեն:
Վրաստանում ընտրական համակարգի փոփոխման շուրջ խոսակցություններ են տարվում ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր: Թեման նոր զարգացում ստացավ այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին խորհրդարանը չպաշտպանեց 2020 թվականին ընտրությունների համամասնական համակարգի անցնելու նախաձեռնությունը, ինչը բողոքի ընդգրկուն ակցիաների հանգեցրեց Թբիլիսիում: Ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նոյեմբերի 17-ին արգելափակեցին օրենսդիր մարմնի շենքի մուտքերը եւ հրաժարվում էին պատգամավորներին ներս թողնել, քանի դեռ չի անցկացվել օրինագծի կրկնական քննարկում: Բանն ավարտվեց նրանով, որ նոյեմբերի 18-ին հատուկ նշանակության ուժերը ցրեցին հանրահավաքի մասնակիցներին եւ խորհրդարանը բացեցին պատգամավորների համար:
Ներկայում Վրաստանի խորհրդարանն ընտրվում է խառը համակարգով: 150 պատգամավորներից 77-ն ընտրվում են համամասնական ցուցակով, իսկ 73-ը՝ մեծամասնական համակարգով: Վրաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան 2020 թվականի հոկտեմբերին: